Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|
17:21 - 08 սեպտեմբերի, 2021

Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային համագործակցությանը և տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։

Ղարիբաշվիլին նշեց, որ Վրաստանի համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

«Այդ ամենն անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ։ Համապատասխանաբար, մեր տարածաշրջանային նպատակները երեքն են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Ինչպես հայտնի է, Վրաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, որոշ ժամանակ առաջ դա գործով ապացուցեցինք։ Մի քանի ամիս առաջ 3 երկրի առաջնորդներով՝ Վրաստանի և, հատկապես, իմ միջնորդությամբ, պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ մեդիատոր միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է»,- ասաց Ղարիբաշվիլին։

Նա շեշտեց, որ Վրաստանը պատրաստ է նոր համագործակցության գաղափարներ, նոր նախագծեր քննարկել։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի առաջնորդները քննարկել են նաև հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապերի հետ, այդ թվում՝ խոսել են Փաշինյանի մասշտաբային նախագծերի մասին։

«ՀՀ վարչապետի հետ խոսել ենք նաև զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի ոլորտների մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք և որոնց շուրջ ունենք լրիվ նույն պատկերացումները։ Ցանկանում եմ ասել, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ, ինչի մասին նույնպես քննարկում ունեցանք։ Այդ ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի։ Տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարում բազմաթիվ հակամարտություններ են եղել, որոնք լուծելու մեր ընդհանուր տեսլականն ու ջանքը պետք է լինի այն, որպեսզի փուլերով հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանի համար։ Մենք հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել»,- նշեց Ղարիբաշվիլին։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել