Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան
11:40 - 16 սեպտեմբերի, 2021

Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ժամանակ առ ժամանակ վարակակիր չլինելը հավաստելու պահանջը։ Ընդհանրապես, համաճարակաբանական միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ․ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ որեւէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման բացառումը, բայց համադրության մեջ, երբ ստեղծվում են մի շարք ֆիլտրեր, հնարավորություն է լինում զսպելու վարակի տարածումը․ «Նման ֆիլտր է, օրինակ, ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Արդյոք սա 100 տոկոսով բացառում է հիվանդ անձի մուտքը ՀՀ, իհարկե ոչ, որովհետեւ 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել։ Բայց մենք իհարկե շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը, եւ դրանում համոզվեցինք, երբ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, ուժգնացավ դելտա շտամի վարակը, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել ՀՀ-ում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը։ Նույն կերպ 14 օրը մեկ թեստավորման պահանջը եւս մի ֆիլտր է․ կարող էինք դնել 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք մի ռացիոնալ՝ ինկուբացիոն շրջանի թիվ, եւ խնդրում ենք, որ քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,- ասաց Ավենսյանը։ 

Ի դեպ՝ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք, հակացուցում ունեցող քաղաքացիները։

Ինչ վերաբերում է հակացուցումներին՝ Ավանեսյանն ասաց, որ դրանց վերաբերյալ բժշկական տեղեկանք պետք է տրամադրվի․ «Լինում են ժամանակավոր եւ բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել, երբ կանցնի սրման ընթացքը, նա կարող է հանգիստ պատվաստվել։ Հենց առաջինը նրան է ցուցված պատվաստելը։ Մեր հոգածության կենտրոնում ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են»։

Ավանեսյանն ասաց, թե կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի աշխատակիցների համար․ «Բոլորը նույն կանոնի հետեւանքները պետք է կրեն։ Պետապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողներն արդեն երկու, երեք ամիս է՝ ակտիվ պատվաստվում են։ Պետապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Եթե չպատվաստված անձ լինի պետապարատում, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել