ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին
16:00 - 20 հոկտեմբերի, 2021

ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել