ՇՄ փոխնախարարը Կոստա Ռիկայի գործընկերոջն է ներկայացրել անտառապատ տարածքների կրկնապատկման Հայաստանի ծրագրերը
15:28 - 07 նոյեմբերի, 2021

ՇՄ փոխնախարարը Կոստա Ռիկայի գործընկերոջն է ներկայացրել անտառապատ տարածքների կրկնապատկման Հայաստանի ծրագրերը

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է է Կոստա Ռիկայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Գործընկերները քննարկել են ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի փորձի փոխանակում արել։ Փոխնախարար Աննա Մազմանյանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանություն, ապօրինի անտառհատումներ և այլն։ Նա խոսել է «10 մլն ծառ» համահայկական ծառատունկի նախաձեռնության մասին, ներկայացրել Հայաստանի հավակնոտ ծրագրերը անտառապատ տարածքների կրկնապատկման նպատակով։

Աննա Մազմանյանն ընդգծել է տնկարանների ստեղծման կարևորությունը երկրի անտառապատ տարածքների ավելացման ազգային նպատակին հասնելու ճանապարհին։ Այս համատեքստում փոխնախարարը կարևորել է նաև քաղաքացիների վարքագծի փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Փոխնախարարը ներկայացրել է, որ կարևոր է նաև կանաչ աշխատատեղերի ստեղծումը։ Անտառներին հարակից բնակավայրերի բնակիչներին ներգրավելով անտառտնկման ու անտառվերականգնման սեզոնային, այնպես էլ երկարատև աշխատանքների մեջ էապես կնվազի ճնշումը անտառների վրա։

Փոխնախարար Մազմանյանը խնդրել է փորձի փոխանակում կազմակերպել էկոզբոսաշրջության և անտառվերականգնման ոլորտում։ Կոստա Ռիկայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարար Սինթիա Բարզունան ներկայացրել է իր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների կառվարման համակարգը, խոսել ապօրինի անտառհատումների դեմ պայքարի մեթոդների և անտառվերականգնման մասին։

Փոխնախարարը ներկայացրել է http://www.sitada.go.cr/denunciaspublico/map.aspx կայքը, որտեղ իրական ժամանակում կարելի է հետևել բնության հատուկ պահպանվող տարածքներին և անտառներին։ Ներկայացրել է էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել