Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը  |armenpress.am|
15:39 - 16 նոյեմբերի, 2021

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, և որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները և այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ասաց Պապոյանը։

Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել