«Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյան
15:02 - 07 դեկտեմբերի, 2021

«Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյան

Մամուլում այսօր տարածվել է մի տեսանյութ, որտեղ Ալեն Սիմոնյանը մի մարդու հետ զրուցելիս ասում է, թե ինքը համարում է, որ մեր գերիներն իր համար չկան, եւ նրանք այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել են․

« - Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ։

Ալեն Սիմոնյան - Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում:

-  Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․

Ալեն Սիմոնյան - Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

-  Պաշտպանել հայրենիքը:

Ալեն Սիմոնյան - Հայրենիքը։ Հիմա, կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ս էդ գերիները ովքեր են, գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։

-  Կուզեմ ձեզնից լսեմ:

Ալեն Սիմոնյան - էն մարդիկ են, որոնք զենքը դրել, և փախել, և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։

Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։ 

Վերոբերյալը տեսանյութում լսվող երկխոսությունն է Սիմոնայնի եւ մի անձի միջեւ։

Ավելի ուշ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը,  անդրադառնալով այդ տեսանյութին, մեկնաբանեց, որ նյութը մոնտաժված է․

«Նյութը մոնտաժված է, խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին։ Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից, գալիս խնդրում են, ասում՝ կարո՞ղ ենք մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, այդպես են վարվում։ Ընթացքում մի աղջիկ կար, որի անունը Հասմիկ էր, հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանես, որովհետև մենք զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակայնացնել։ Ինքն ասաց՝ չէ, չէ, ի՞նչ եք ասում։ Ես չեմ ուզում բնութագրել, թե դա ինչ է»։

Սիմոնյանի խոսքով՝ ինքը բանակցային առումով պետք է համարի, որ գերիների մասով պետք է զգույշ լինի․ «Բանակցային խոսակցության մեջ ես պետք է հասկանամ՝ երբ պետք է դա օգտագործեմ, երբ չէ, որովհետեւ նման իրավիճակներն օգտագործվում են ՀՀ-ի շահերը հետ մղելու համար»։

Սիմոնայնի մեկնաբանությամբ՝ այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել զենքը եւ հանձնվել գերությամբ, եթե քննությամբ պարզվի, որ նամն դեպք է եղել, ամենայն հավանականությամբ քրեական գործ է հարուցվելու․ «Բանակցային պռոցեսում, բնական է, մենք մշտաօես այդ հումանիտար հարցը բարձրացրել եւ բարձրացնելու ենք։ Բոլոր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է ոչ միայն իմ կողմից, այլ նաեւ գործընկերների։ Բայց այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի․․․ Ես տեսնում եմ նաև Ֆեյսբուքում հաճախ էդ հերոս բառը բավական արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք սրտի, կան նաեւ զինվորներ ու սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- ասաց նա։

Հարցին, որ ինչո՞ւ է իրավապահների գործառույթն իր վրա վերցնում ու գերիների հանդեպ կանխակալ վերաբերմունք ձեւավորում, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորում, ասում եմ, որ ՀՀ օրենքը, ինչպես նաև վարչապետն է դրա մասին խոսել Ազգային ժողովի ամբիոնից, Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրեն։ Եվ այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել