Կարեն Անդրեասյանը Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի գործընկերների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
20:13 - 15 դեկտեմբերի, 2021

Կարեն Անդրեասյանը Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի գործընկերների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու Նախարարության ծրագրերը:

Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ:

Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ:

Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները:

Հաջորդիվ նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Արդարադատության նախարար Կոստաս Տիարասին։

Նախարար Կարեն Անդրեասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Նախարարը կարևորել է Հունաստանի առաջատար փորձը՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել