Ընդգծենք՝ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն․ Էռնեստ Ավանեսով
11:33 - 22 դեկտեմբերի, 2021

Ընդգծենք՝ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն․ Էռնեստ Ավանեսով

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարագում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին հարցեր ուղղելու ժամանակ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը Հ1-ի եթերում հայտնել է, որ չի կարծում՝ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, որ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը քաղաքական չէ՝ ըստ իրեն, փաստեց, որ ինքը ՔՊ կուսակցությունից չէ, և խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունները, ու արդյո՞ք պահանջ կդրվի Հրաչյա Սարգսյանի առաջ կուսակցական դառնալու։

Վերջին հարցի վերաբերյալ կառավարող խմբակցության ղեկավարը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ քննարկում չի եղել։

Անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ հարցին՝ Գալջյանն ասաց․ «Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր։ «Համակարգային» ձևակերպումը տալը էս դեպքում չեմ կարծում՝ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն ռիսկեր ու երևույթներ կան, կարծում եմ՝ անհերքելի փաստ է»։

Ավանեսովն էլ ասաց, որ կուզի ընդգծել, որ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն՝ պարոն Սարգսյանը։  Գալջյանն էլ արձագանքեց․ «Ես տվեցի այն ձևակերպումը, որը տվեցի, և ասում եմ՝ չկա հակասություն»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարության մեջ նշել էր, որ «Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը»։

Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե Մարությանին ուզում են հանել, որովհետև նա ՔՊ-ից չէ, չէ՞, ասել էր, որ այո, հաջորդող հարցին, թե այդ դեպքում դուք էլ ՔՊ-ից չեք ինչո՞ւ են Ձեզ առաջադրում, Սարգսյանն արձագանքել է․ «Կարծում եմ՝ դրդապատճառները քաղաքական չեն։ Իմ պատկերացումներով քաղաքի կառավարման արդյունավետությունը կախված է ավագանու և կառավարության փոխգործակցությունից, որտեղ այս պահին խզում կա»։

Համակարգային կոռուպցիայի մասին խոսելով՝ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Քանի մեր իրավապահ մարմինները բացահայտում չեն արել, որ համակարգային կոռուպցիա կա, կարող ենք արձանագրել, որ որպես այդպիսին չկա, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է բավականին փոփոխություններ իրականացնենք, այնպես անել, որ կոռուպցիոն սխեմաները, կոռուպցիոն երևույթները ընդհանրապես հնարավորություն չլինի իրականացնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել