Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին |hetq.am|
17:55 - 14 հունվարի, 2022

Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրներին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:

«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշվում է նախագծում:

Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ:

Նախագծում ներկայացված չէ հաշվարկ, թե փոփոխությունների հետևանքով օրենքը քանի շահառու կարող է ունենալ, սակայն նշվում է, որ փոփոխություններից հետո պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու:

Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեռ պարզ չէ՝ նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում կունենա պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել