ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «Զապորոժիե» ԱԷԿ-ի հարակից տարածքում ուկրաինական կողմն է «սադրանքի փորձ իրականացրել»
13:27 - 04 մարտի, 2022

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «Զապորոժիե» ԱԷԿ-ի հարակից տարածքում ուկրաինական կողմն է «սադրանքի փորձ իրականացրել»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը «Զապորոժիե» ԱԷԿ-ի հարակից տարածքում ուկրաինական կողմը «սադրանքի փորձ է իրականացրել»։

«Գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում՝ կայանին հարակից պահպանվող տարածքում պարեկություն իրականացնելու ժամանակ, Ազգային գվարդիայի պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբից։ Էլեկտրակայանից դուրս գտնվող կրթաուսումնական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից հրազենից ուժեղ կրակ է բացվել Ազգային գվարդիայի վրա»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

Ռուսական կողմը պատասխան կրակ է արձակել, իսկ ուկրաինական դիվերսիոն խումբը, ռուսական կողմի պնդմամբ, հեռանալով այրել է շինությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը ավելի վաղ հայտարարություն է տարածել, որ «Զապորոժիե» ԱԷԿ-ի տարածքը գրավված է ՌԴ ԶՈՒ կողմից։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ի իրավիճակի մասին զրուցել է Ուկրաինայի վարչապետի հետ։ Ուկրաինայի կարգավորող մարմինը հայտնել է, որ բռնկված հրդեհը չի ազդել «հիմնական» սարքավորումների վրա, և ատոմակայանում ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել: [ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայություն]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել