Մեդիայի նկատմամբ նոր սահմանափակումներ սահմանելով՝ Պուտինը փակում է Ռուսաստանի «բացությունը»․ New York Times
20:54 - 09 մարտի, 2022

Մեդիայի նկատմամբ նոր սահմանափակումներ սահմանելով՝ Պուտինը փակում է Ռուսաստանի «բացությունը»․ New York Times

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ահագնացող ավտորիտար կառավարման պարադոսքներից մեկը միշտ եղել է այն, որ հասարակությունը համեմատաբար բաց է եղել, գրում է New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Չնայած լրատվամիջոցների նկատմամբ պետական վերահսկողությանը՝ մարդիկ ազատ էին կարդալու կամ դիտելու այն, ինչ ուզում են, այդ թվում՝ BBC և CNN։ Համացանցը զգալի առումով անսահմանափակ էր՝ պատուհան ծառայելով դեպի արտաքին աշխարհ։ Ի տարբերություն, ասենք, Չինաստանի՝ հնարավոր էր քննադատել նախագահին՝ որոշակի վստահություն ունենալով, որ վաղը ոստիկանությունը դուռդ չի թակելու։

Մինչ այս պահը։

Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Պուտինը խեղդեց ազատ մամուլի վերջին մնացորդներն՝ արդարացնելու համար ներխուժումը, որը դատապարտեցին բոլորը։ Այդ քայլով Պուտինը մոտեցավ Խորհրդային Միության շնչահեղձ անող օրթոդոքսիային։ Արդյունքում՝ երկիրը մեկուսանալու է այնպես, ինչպես Պուտինն իրեն է մեկուսացրել՝ թողնելով դեպի աշխարհն ուղղված միակողմանի դիատկետ, որն անքնին է։

Երկրի անկախ մեդիայի վերջին երկու մոհիկանները՝ «Էխո Մոսկվի» լիբերալ ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստատեսային թվային նորեկը, դադարեցրել են հեռարձակումն անցյալ շաբաթ՝ Ուկրաինայի մասին արժանահավատ ռեպորտաժների պատճառով իշխանության հետապնդումների հետևանքով։ Արգելափակվել է Ֆեյսբուքի, Թվիթերի և Թիք-թոքի՝ Պուտինի պատերազմի մասին հակադիր կարծիքների հարթակների, ինչպես նաև ռուսական այլ առցանց կայքերի հասանելիությունը։

Արտասահմանյան լրատվական կազմակերպություններից շատերն իրենց թղթակիցներին հետ են կանչել կամ դադարել են ռեպորտաժներ պատրաստել Ռուսաստանում այն բանից հետո, երբ մարտի 4-ին նախագահ Պուտինն օրենք է ստորագրել «կեղծ տեղեկությունների» տարածման համար մինչև 15 տարվա ազատազրկում սահմանելու մասին։

«Ընդամենը երկու շաբաթ անց անհնար էր պատկերացնել, թե որքան արագ կփակեն դրանց մեծ մասն, ասում է Նյու Յորքի Նոր դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր և խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ծոռնուհի Նինա Խրուշչովան, - այնուամենայնիվ, դա այդպես է»։

Հարևանությամբ ընթացող պատերազմի մասին ռուսաստանցիների իրազեկման վրա անմիջական ազդեցություն ունենալուց բացի՝ Պուտինը, թերևս, հատել է երկրի պատմության ռուբիկոնը։ Նա ավելի քան երբևէ մեկուսացնում է ռուսական հասարակությունն այն պահից ի վեր, երբ 1986 թ-ին ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը սկսեց «հրապարակայնության» քաղաքականությունը, որն առավել հայտնի էր, որպես «բացություն»։

Օտարերկրյա լրատվական ռեպորտաժների և սոցցանցերում անկախ կարծիքների հասանելիությունը մարտահրավեր էր նետել պետական մեդիայի նկատմամբ Կրեմլի մոնոպոլիային այնպես, ինչպես Գորբաչովի ջանքերը խախտեցին ճշմարտության նկատմամբ խորհրդային իշխանության մոնոպոլիան։ Անկախ լրատվամիջոցները, վտանգելով իրենց լրագրողների անվտանգությունը, չարաշահումներ բացահայտեցին Չեչնիայում Ռուսաստանի վարած պատերազմում, ինչպես նաև քաղաքական և մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, Պուտինին մոտ աձանց անհավանական հարստությունների մասին տեղեկություններ, որոնք մինչ այդ տաբու էին պետական մեդիայում։

Լրատվամիջոցներին լռեցնելու հետևանքները կարող են շատ ավելի մեծ և տևական լինել, քան պատերազմը՝ ավտորիտարիզմից երկիրը հրելով դեպի ավելի վատ մի տեղ։

«Պուտինը փորձում է կրկին Ռուսաստանը վերածել տոտալիտար բռնապետության, ինչպես Գորբաչովից առաջ էր, - ասում է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը։ - Ի վերջո, նա ձախողելու է, բայց իր փորձերով մեծ վնաս է հասցնելու ռուսական հասարակությանը»։

Կրեմլի քարոզչությունն ու սահմանափակումներն արդեն հեռացրել են սովորական ռուսաստանցիներին սարսափազդու բռնությունից, որը մոլեգնում է Ուկրաինայի քաղաքներում, անգամ նրանց, ում հարազատներն այնտեղից այլ բան են ասում։ Կրեմլը թաքցնում է ՌԴ զինված ուժերի դժվարությունները, ինչպես նաև ուկրաինացիների մարդկային կորուստները, որոնց, ինչպես պնդում է Պուտինը, պետք է պաշտպանի։

Նրանք, ովքեր ռուսական հեռուստատեսություն են դիտում, դրա փոխարեն տեսնում են, թե ինչպես են երկրի զորքերը մասնակցում նեոնացիստական կառավարությունից ուկրաինական խաղաղ բնակչությանը պաշտպանելու անարյուն «հատուկ գործողությանը»։ Այդ այլընտրանքային իրականությունում ռուսական զորքերն օգնություն են բաժանում խաղաղ բնակիչներին կամ օգնում են նրանց տարհանել անվտանգ վայր, իսկ ուկրաինացիները կեղծ լուրեր են տարածում ռուսական զորքերի անհաջողությունների մասին, անգամ հրետակոծում են սեփական քաղաքները։

Արդյունքում՝ ստեղծվել է պատերազմի վերաբերյալ ոչ սթափ հայացք, որը քչերը կհամարձակվեն կասկածի տակ դնել։ Պետդումայի ոչ մի պատգամավոր դեմ չի քվեակել «ֆեյք նյուզի» քրեականացման մասին օրինագծին։

«Արևմուտքից ստացվող արժանահավատ տեղեկությունների հասանելիությունը գնալով կրճատվում է ահագնացող պետական հիստերիկ պրոպագանդայի ֆոնին», - ասում է Ջոն Հոփքինսի անվան միջազգային հետազոտությունների եվրոպական դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն։

Սակայն թվային տեխնոլոգիաներ ունեցող ժամանակակից աշխարհում նախագահ Պուտինի համար դժվար կլինի ամբողջությամբ կտրել Ռուսաստանն արտաքին աշխարհից։ Անգամ Խորհրդային Միությունում տեղեկատվության համար սահմանները խոչընդոտ չէին։ Վիրտուալ մասնավոր ցանցերը՝ VPN-ները, որոնք մարդկանց թույլ են տալիս շրջանցել համացանցային սահմանափակումները, կարող են օգնել տեղեկությունների տարածմանն այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում ընդհատակյա ձևով տարածվում էր «սամիզդատը»՝ գրքերի կամ հոդվածների ոչ պաշտոնական և գրաքննության չենթարկված անօրինական պատճենները։

«Ռուսաստանի կառավարության համար դժվար կլինի արգելափակել ողջ արտաքին ինֆորմացիան։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ հիմա շատ բանի կգնան՝ ճշմարտությունը գտնելու համար», - ասում է Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա ռադոյի գործադիր տնօրեն Ջեյմի Ֆլայը։

Նրանք, ովքեր դա կանեն հիմա, փոքրամասնություն կլինեն։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Պուտինի կառավարման երկարաձգմանը զուգահեռ՝ նա էլ ավելի խիստ միջոցների է դիմելու՝ Կրեմլի անհերքելի իշխանությունը պահպանելու համար։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել