Անթալիայում եռակողմ բանակցություններից հետո կայացած ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իրենց հետևողական քաղաքականությունն է եղել միանալ ՆԱՏՕ-ին որպես լիիրավ անդամ և օգտվել անվտանգության երաշխիքներից, որոնք ամրագրված են ՆԱՏՕ կանոնադրությունում։
«Չնայած մենք հասկանում ենք, որ սա (ՆԱՏՕ-ին անդամակցելը- խմբ․)չի կարող մի ակնթարթում իրականանալ, ոչ էլ անգամ մոտ ապագայում, մենք նաև տեսնում ենք ՆԱՏՕ-ի՝ որպես դաշինքի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, այն, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հավաքական գործելու պատերազմը կանգնեցնելու և քաղաքացիական անձանց ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար»,- ասել Է Կուլեբան։
Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչպես է պետք լուծել Ուկրաինայի անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ընկած ժամանակահատվածում։
«Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրով նախատեսված երաշխիքների նման համակարգ Ուկրաինային տրամադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայի կողմից, մեր բոլոր հարևանների կողմից․․․ Դա այն է, ինչ մենք պատրաստ ենք քննարկելու»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
comment.count (0)