Ռուսաստանի ՊՆ-ն չի բացառում, որ Ուկրաինայի խոշոր բնակավայրերն ամբողջական վերահսկողության տակ կվերցվեն
19:35 - 14 մարտի, 2022

Ռուսաստանի ՊՆ-ն չի բացառում, որ Ուկրաինայի խոշոր բնակավայրերն ամբողջական վերահսկողության տակ կվերցվեն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ Ուկրաինայի խոշոր բնակավայրերն ամբողջական վերահսկողության տակ կվերցվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խաղաղ բնակչության անվտանգության մաքսիմալ ապահովման համար ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառում ամբողջական վերահսկողություն սահմանելու հավանականությունն այն խոշոր բնակավայրերի վրա, որոնք այսօր էլ գործնականում գտնվում են շրջափակման մեջ՝ բացառությամբ մարդասիրական տարհանման համար օգտագործվող տարածքների»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ռուսական զինված ուժերը կիրառում են ժամանակակից գերճշգրիտ զենքեր՝ վնաս հասցնելով բացառապես ռազմական եւ տեղեկատվական ենթակառուցվածքներին»,- վստահեցրել է Պեսկովը՝ հավելելով, որ Ուկրաինանում ռազմական գործողության վերաբերյալ ռուսական ղեկավարության բոլոր ծրագրերը «կիրականան ավելի վաղ հաստատված ժամկետներում եւ ողջ ծավալով»։

Սադրիչ դիրքորոշում

Մոսկվան սադրիչ է համարում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումները, որոնք իրենց հայտարարություններով ՌԴ-ին դրդում են Ուկրաինայի խոշոր քաղաքները գրոհելուն, որպեսզի նրա վրա դնեն խաղաղ քաղաքացիների մահվան պատասխանատվությունը, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մոսկվայում ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բարձր պաշտոնատար անձանց՝ [ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք] Սալիվանի եւ [ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ] Բորելի ոչ վաղ արած այն հայտարարություններին, թե Պուտինը, հիասթափվելով, որ իր զորքերը առաջ չեն գնում խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիեւում, իբրեւ թե դրանով պայմանավորված, Պուտինն ավելացնում է հարձակման թիրախների թիվը եւ փորձում է վնաս հասցնել երկրի ամեն հատվածի»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ «գործողության սկզբից ՌԴ նախագահը, իսկապես, Պաշտպանության նախարարությանը հրահանգել է ձեռնպահ մնալ մեծ բնակավայրերի անհապաղ գրոհումից, այդ թվում Կիեւի, պայմանավորված նրանով, որ [ուկրաինական] նացիոնալիստական զինված խմբավորումները կրակային կետեր են ստեղծում, ծանր ռազմական տեխնիկա են տեղադրում հենց բնակելի թաղամասերում, եւ խիտ բնակեցված թաղամասերում ռազմական գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են մեծ կորուստների քաղաքացիական անձանց շրջանում»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների հնչեցրած հայտարարություններին՝ Պեսկովն ասել է, թե «ամբողջ աշխարհին է հայտնի ամերիկյան իշխանությունների անխիղճ ոճը, որոնք իրենց նպատակներին հասնելու համար ոչնչի վրա չեն դնում խաղաղ բնակիչների կյանքը»։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «բոլորը հիշում են նախկին Հարավսլավիայի արյունոտ ռմբակոծությունը, հրթիռային հարվածները՝ Բելգրադի կենտրոնում, բազմաթիվ, ոչ մի կերպ չարդարացված զոհերը Մերձավոր Արեւելքում, քսան տարվա ընթացքում Աֆղանստանում իրականացված հանցագործությունները, երբ մի հարվածով ոչնչացվեցին հարյուրավոր մարդիկ հարսանիքների ժամանակ ու բնակելի տներում։ Այդ դաժանությունը չկանխեց այդ երկրից Ամերիկայի փախուստը։ Այդպիսի ստրատեգների ակնարկների կարիքը մենք չունենք»,- ասել է Պեսկովը։  

Դոնեցկի հրթիռակոծության մասին

«Այսօր շատ ողբերգական տեղեկություններ եկան Դոնեցկից, որտեղ քսան խաղաղ բնակիչ է զոհվել հրթիռի հարվածից, որն արձակել են Ուկրաինայի զինված ուժերը, որոնք, ըստ ամենայնի, գործում են օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերի մեթոդներով ու խորհուրդներով»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել