Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել։ Արգելվել է բարձր դասի ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան, ներկրման նոր տուրքեր են սահմանվել մի շարք ապրանքների համար։
Ռուսաստանի և Բելառուսի համար հասանելի չեն լինի առավելագույն բարենպաստման ռեժիմի սակագներն արտահանման հարյուրավոր տեսակների համար, նրանք կզրկվեն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության առանցքային առավելություններից։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է 900 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ապրանքների նախնական ցանկը, որոնց ներկրման համար կգործի 35% հավելյալ սակագին՝ ի հավելումն գործող սակագների։ Այս ցանկում ներառվել է նաև ռուսական օղին։
Մեծ յոթնյակի իր դաշնակիցների հետ մեկտեղ Լոնդոնը կարգելի նաև ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան։
«Արտահանման արգելքն ուժի մեջ կմտնի կարճ ժամկետներում և կնպաստի նրան, որ Պուտինի նախագահության ժամանակ հարստացած և նրա ապօրինի ներխուժումը սատարող օլիգարխներն ու էլիտայի մյուս ներկայացուցիչները զրկվեն ճոխության ապրանքներից»։, - ասված է կառավարության հայտարարությունում։
Նշվում է նաև, որ այս միջոցներն «առավելագույն վնաս կհասցնեն Պուտինի ռազմական մեքենային և նվազագույն ազդեցություն կունենան բրիտանական բիզնեսի վրա»։
Նորա Վանյան
comment.count (0)