Ուկրաինական կողմը մեկնաբանել է Շվեդիայի տարբերակով Ուկրաինայի չեզոքության գաղափարը
19:02 - 16 մարտի, 2022

Ուկրաինական կողմը մեկնաբանել է Շվեդիայի տարբերակով Ուկրաինայի չեզոքության գաղափարը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը մենաբանել է Ռուսաստանի հայտարարությունները Ուկրաինայում դեմիլիտարացված երկրի ստեղծման մասին առաջարկի վերաբերյալ, որը Շվեդիայի կամ Ավստրիայի տարբերակով սեփական բանակ կունենա, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը։

«Անկասկած, մենք հասկանում ենք բանակցային գործընթացում նախաձեռնող կողմ լինելու մեր գործընկերների փորձը։ Այստեղից էլ գալիս են չեզոքության շվեդական կամ ավստրիական մոդելների մասին խոսակցությունները։ Սակայն Ուկրաինան այժմ ՌԴ հետ ուղիղ պատերազմի վիճակում է։ Այդ պատճառով էլ մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն անվտանգության իրավաբանորեն հստակ ձևակերպված երաշխիքներով», - գրել է նա Տելեգրամում։

Պոդոլյակը մանրամասնել է, թե ինչ է ենթադրում անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի առաջարկը։

«Նախ՝ անվտանգության բացարձակ երաշխիքներ։ Գործուն, այլ ոչ թե պրոտոկոլային կամ «բուդապեշտյան»։ Իսկ սա նշանակում է, որ երաշխավորություն ստանձնողները մի կողմ չեն քաշվում Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, ինչպես այսօր։ Այլ Ուկրաինայի կողմից ակտիվ մասնակցություն են ունենում հակամարտությանն ու պաշտոնապես մեզ ապահվում են զենքի անհրաժեշտ ծավալի անհապաղ մատակարարումներով։ Երկրորդ հերթին՝ Ուկրաինան էլ չի ուզում կախված լինել բյուրոկրատական ընթացակարգերից, որոնք թույլ են տալիս կամ թույլ չեն տալիս փակել երկինքը թեևավոր հրթիռների համար։ Մեզ պետք են ուղիղ և խիստ երաշխիքներ, որ երկինքն անպայման փակվելու է», - նշել է նա։

Պոդոլյակը հիշեցրել է, որ Ուկրաինան երբեք միլիտարիստական պետություն չի եղել, որը հարձակվել է կամ պլանավորել է հարձակվել հարևանների վրա։ «Ի տարբերություն այդ հարևանների։ Հենց այդ պատճառով էլ Ուկրաինան ուզում է դաշնակիցների իրոք հզոր խումբ ունենալ՝ անվտանգության հստակ արձանագրված երաշխիքներով», - հավելել է նա։

Նշենք, որ Կրեմլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ուկրաինայում Շվեդիայի կամ Ավստրիայի տարբերակով դեմիլիտարացված և սեփական բանակն ունեցող երկրի ստեղծումը կարող է դիտարկվել որպես որոշակի փոխզիջում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել