Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական ճեպազրույցի ընթացքում հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն խոսքերը, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում՝ նշելով, որ ինքը համաձայն է։ Այս մասին տեղեկանում են ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից։
Նա նշել է, որ Ուկրաինայում «Fox News»-ի մի լրագրող է ծանր վիրավորվել, ևս երկուսը մահացել են։ Եվս մի լրագրող է մահացել «Time» ամսագրից։
«Մեր փորձագետները Ուկրաինայում իրականացվող հնարավոր ռազմական հանցագործությունների փաստագրման և գնահատման գործընթաց են իրականացնում»,- ասել է նա։
Բլինքենի խոսքով՝ Մոսկվան կարող է հող նախապատրաստել քիմիական զենք օգտագործելու համար, այնուհետև կեղծ մեղադրանք առաջադրել Ուկրաինային՝ «արդարացնելու իր հարձակումները ուկրաինացի ժողովրդի վրա»:
«Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը Ուկրաինա կբերի իր վարձկաններին մասնավոր ռազմական խմբերից և օտարերկրյա պետություններից»- հայտարարել է Բլինքենը:
Բլինքենը նշել է, որ ռուսական կողմը գերիների փոխանակման ժամանակ բաց է թողել Մելիտոպոլի քաղաքապետին։ Վերջինիս առևանգելու մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բլինքենի խոսքով՝ առևանգվել է ևս մի քաղաքապետ, որին դեռ բաց չեն թողել։
«Ուկրաինական քաղաքները ավերելուց հետո Մոսկվան կարող է Ռուսաստանից հրավիրել պաշտոնյաների, որոնք կծառայեն որպես տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենի խոսքով՝ այդպիսով ՌԴ-ն կարող է մեծացնել Ուկրաինային «տնտեսական աջակցությունը»՝ մարդկանց Մոսկվայից կախվածության մեջ գցելով։
Պետքարտուղարը հիշեցրել է ԱՄՆ նախագահի նշած ռազմական լրացուցիչ օգնության մասին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Զելենսկու խնդրանքով օգնում է Ուկրաինային ավելի մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր և զինամթերք ձեռք բերելու հարցում։
Բլինքենը խոսել է նաև Չինաստանի մասին՝ նշելով, որ այդ երկիրը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա և պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները։
«Թվում է, թե Չինաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ՝ հրաժարվելով դատապարտել այս ագրեսիան, ձգտելով ներկայացնել իրեն որպես չեզոք միջնորդ։ Եվ մենք անհանգստացած ենք, որ նրանք դիտարկում են Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար ռազմական տեխնիկայով ուղղակիորեն աջակցելու հարցը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենն անդրադարձել է նաև պատերազմն ավարտելու և բանակցությունների հարցին․ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ջանքերին՝ դիվանագիտական ճանապարհով էսկալացիան թուլացնելու, հրադադարի հասնելու և, իհարկե, ռուսական ուժերի դուրսբերման ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքիայի ջանքերը։ Բայց դիվանագիտությունը պահանջում է, որ երկու կողմերն էլ բարեխղճորեն ներգրավվածություն ունենան լարվածության թուլացման գործում։ Ես հիմա ազդակներ չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի մասին Բայդենի հայտարարություններից հետո ԱՄՆ-ն և ՌԴ-ն երբևէ կարող են նորմալ հարաբերություններ ունենալ, Բլինքենը նշել է․ «Մենք կենտրոնացած ենք պատերազմը կանգնելցնելու վրա: Ես չեմ ուզում գուշակություններ անել ապագայի մասին, բայց այս ագրեսիվ պատերազմի համար, այսպես թե այնպես, պետք է պատասխանատվություն լինի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»։
comment.count (0)