ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։ Այս մասին ուրբաթ օրը Անվտանգության խորհրդին ևս մեկ անգամ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իզումի Նակամիցուն՝ պատասխանելով ՌԴ նոր մեղադրանքներին, որ նա հակառակի ապացույցներ ունի:
«ՄԱԿ-ը ոչինչ չգիտի Ուկրաինայում կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին»,- ասել է Իզումի Նակամիցուն Մոսկվայի հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ։
Նա նաև հիշեցրել է, որ 1972 թվականի Կենսաբանական զենքի կոնվենցիան արգելում է կենսաբանական և թունավոր զենքի մշակումը, արտադրությունը, ձեռքբերումը, փոխանցումը, պահեստավորումը և օգտագործումը: Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան այս համաձայնագրի կողմեր են։ Նշված է ՄԱԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ 1975 թվականի Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո կենսաբանական զենքն արգելված է եղել:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ռուսաստանը կարծում է՝ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել։
comment.count (0)