Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը պետք է հիմնված լինի «վստահելի բանաձևի» վրա, որը կընդունվի Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության կողմից։
«Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Էրդողանի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն, ռազմավարական և միաժամանակ պետք է շարունակի քաղաքական, գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Թուրքիան կշարունակի նպաստել ՆԱՏՕ-ի զսպող, պաշտպանողական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա, ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ից ակնկալում է նույն համերաշխությունը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ «որոշ դաշնակիցների»՝ թուրքական պաշտպանական արդյունաբերության վրա դրած սահմանափակումների վերացումը բխում է «մեր ընդհանուր շահերից»։
comment.count (0)