ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ նյութում կան դիակների պատկերներ
Լուսանկարներ ու տեսանյութ՝ Բուչայից
Մարտի 31-ին ուկրաինական Բուչայի (Կիևի շրջան) քաղաքապետը հայտնեց, որ քաղաքը կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մինչ այդ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո էր։
Ապրիլի 2-ին Բուչայից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ փողոցներում քաղաքացիական մարդկանց դիակներ են։ Լուսանկարներն արել էին «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողները։
Համացանցում նաև տեսանյութ հայտնվեց, որտեղ մեքենան անցնում էր Բուչայի փողոցներով, և տեսախցիկը ֆիքսում էր պառկած դիակները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց քաղաքացիականներին սպանելու մասին լուրերը։ Նույն օրը նախարարության տելեգրամյան ալիքը տարածեց «Война с фейками» ալիքի գրառումը, որտեղ նշվում էր, թե հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։
«Շարժվող դիակների» պատմությունը
Լուսանկարների մասով «Война с фейками» ալիքը գրեթե նույնությամբ կրկնել էր ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության թեզը․ «Բուչայի մասին գրառումները հայտնվեցին արտասահմանյան միանգամից մի քանի լրատվամիջոցներում. դա կարծես պլանավորված մեդիա արշավ լինի: Հաշվի առնելով, որ [ռուսական] զորքերը քաղաքը լքել են մարտի 30-ին, որտե՞ղ էին այդ կադրերը 4 օր շարունակ։ Նրանց բացակայությունը միայն հաստատում է կեղծիքը»։
Տելեգրամյան ալիքը նաև կից տեղադրել էր ուկրաինական «Espreso.TV»-ի ռեպորտաժը՝ տարածվող տեսանյութի մասին։ «Война с фейками»-ն պնդում էր արել, որ տեսանյութում «դիակները շարժվում են»։
«[Տեսանյութի] 12-րդ վայրկյանում աջ կողմի «դիակը» շարժում է ձեռքը։ 30-րդ վայրկյանում հետևի հայելու մեջ «դիակը» նստում է (նկատի ունի՝ հայելու մեջ երևում է, թե ինչպես է դիակներից մեկը մեքենայի անցնելուց հետո նստում- խմբ․)։ Տեսանյութում մարմինները կարծես միտումնավոր շարված լինեն՝ ավելի դրամատիկ պատկեր ստեղծելու համար։ Սա հստակ երևում է տեսանյութը 0,25 արագությամբ (արագությունը 4 անգամ դանդաղեցրած- խմբ․) դիտելու դեպքում»- գրել էր տելեգրամյան ալիքը։
«Война с фейками»-ն նաև տեսանյութի դանդաղեցրած տարբերակն էր հրապարակել, որտեղ, իբր, երևում էր, թե ինչպես է դիակներից մեկը «ձեռքը շարժում», իսկ մյուսը մեքենայի անցնելուց հետո «վեր կենում»։
Ապրիլի 3-ին ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Ալեքսանդր Բրոդը ուկրաինական Բուչայից հրապարակված տեսանյութն անվանել էր «հերթական հակառուսական սադրանք ու գեբելսյան քարոզչություն»։
Նյութում գործակալությունը հիշեցրել էր․ «Ավելի վաղ ուկրաինական իշխանություններն ու լրատվամիջոցները իբր Կիևի մարզի Բուչա քաղաքում նկարահանված տեսանյութ էին տարածել, որտեղ մահացածների դիեր են ընկած ճանապարհին։ Օգտատերերը նկատել են, որ «դիակները» շարժում են ձեռքերը և հեռացնում վերջույթները, որպեսզի չընկնեն զինտեխնիկայի անիվների տակ։ Նաև օպերատորի մեքենայի հետևի հայելու մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է «մահացածներից» մեկը ոտքի կանգնում, հենց որ մեքենան անցնում է»։
«Շարժվող դիակները» չեն շարժվում
Ապրիլի 3-ին «Война с фейками» ալիքը գրեց, որ իրենք վերլուծությունն արել են՝ հիմնվելով «Espreso.TV»-ի հրապարակած անորակ տեսանյութի վրա։ Ալիքը հետո ուսումնասիրել էր տեսանյութի որակյալ տարբերակը և նշել, որ ոչ թե դիակի ձեռքն է շարժվում, այլ մեքենայի պատուհանն է կեղտոտ, ինչը տպավորություն է ստեղծում, թե ձեռքը շարժվում է։
Իսկ հաջորդ պնդման մասին ալիքը գրել էր․ «Ինչ վերաբերում է «հետևի հայելու» դրվագին, ապա անհնար է այդ վարկածը հաստատել կամ հերքել անգամ բարձր որակի դեպքում։ Մարմնի դիրքը փոխված տեսք ունի, իսկ հայելու աղավաղումը ոչինչ չի բացատրում. առաջին կադրում մարմինը գտնվում է մայթին զուգահեռ, իսկ երկրորդում այն արդեն ուղղահայաց է, ինչը կարող է մարմնի շարժման հետևանք լինել»։
Ռուսական provereno.media-ն ապրիլի 4-ին տեսանյութի մանրամասն ուսումնասիրություն էր իրականացրել, և որպեսզի պարզ լինի՝ դիակներն իրո՞ք շարժվում են, թե՞ ոչ, տեսանյութն առաջինը հրապարակած Իլյա Նովիկովից խնդրել էր դրա որակյալ տարբերակը։ Նովիկովի տրամադրած տեսանյութից իսկապես պարզ է դառնում, որ մեքենայի ապակու շարժվող բիծը տպավորություն էր ստեղծել, թե դիակի ձեռքը շարվում է։
Ինչ վերաբերում է երկրորդ տեսարանին, ապա ուշադիր նայելիս կտեսնեք, որ դիակը չի շարժվում։ Սկզբում տեսախցիկը մեքենայի պատուհանից ֆիքսել է մահացած մարդու դիակը։ Տեսախցիկն ու մայթն իրար հանդեպ գրեթե հորիզոնական դիրքում են։
Հետո տեսախցիկը ֆիքսել է մեքենայի հայելու մեջ դիակի արտացոլանքը, և տրամաբանական է, որ պատկերը շրջված է։ Այս դեպքում մայթը հայելու հանդեպ ուղղահայաց դիրքում է, այդ պատճառով էլ թվում է, թե դիակի դիրքը փոխվել է։
Provereno.media-ն նաև գտել էր «ոտքերը մեքենայից հետ քաշող» դիակի մասին լուրի հեղինակին. vesti.ru-ն գրել էր, թե օգտատերերը հայտնաբերել են, որ «տեսանյութի դիակները շարժում են ձեռքերը և հեռացնում վերջույթները՝ զինտեխնիկայի անիվների տակ չընկնելու համար»։ Սակայն թե այդ ինչ օգտատերեր են, և տեսանյութի որ մասում են շարժվող ոտքեր հայտնաբերել, կայքը չէր նշել։
Իսկ «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողների հրապարակած լուսանկարների կեղծ լինելու վերաբերյալ ոչ մի հիմնավոր փաստարկ չի ներկայացվում։ Բացի այդ՝ Բուչայում զոհեր լինելու փաստը միայն լուսնկարները չեն ապացուցում։ «New York Times»-ն ուսումնասիրել է արբանյակային լուսանկարներն ու ցույց տվել, որ քաղաքում խաղաղ բնակիչներից շատերը սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ։
Արբանյակային լուսանկարները, որոնք տրամադրել է «Maxar Technologies» ընկերությունը, ցույց են տվել, որ նվազագույնը 11 մարմին ընկած է եղել Բուչայի Յաբլոնսկայա փողոցում մարտի 11-ից, երբ ռուսական զորքերը քաղաքում են եղել։
Այսպիսով, ռուսական տելեգրամյան ալիքներն ու լրատվամիջոցներն առանց հիմնավոր ապացույցների պնդում են, որ Բուչայից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։ Սակայն լուսանկարների ճիշտ լինելու մասին են վկայում արբանյակային նկարները։ Իսկ տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այնտեղ դիակներն ամենևին էլ չեն շարժվում։
Գլխավոր լուսանկարը՝ AFP-ի
Աննա Սահակյան
Ռոման Աբովյան
comment.count (0)