54 մլն դրամ՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ամենագնացների համար․ Կառավարության որոշման նախագիծ
13:42 - 07 ապրիլի, 2022

54 մլն դրամ՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ամենագնացների համար․ Կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ ազգային ժողովին կտրամադրվի 54 միլիոն ՀՀ դրամ՝ Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար 3 ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։

Ըստ նախագծի հիմնավորումների՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ներկայումս ուղեկցող 3 մեքենաները (2003 թվականի արտադրության TOYOTA LC PRADO 2.71, 2007 թվականի արտադրության TOYOTA LC PRADO 4.0GA եւ 2008 թվականի արտադրության NISSAN X-TRAIL 2.01) իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, իսկ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Նշվում է նաեւ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն։ Մասնավորապես, կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ», «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» եւ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ներին, որի արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ, քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։

Նախատեսվում է ամենագնացները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման 7 տարվա երաշխիք: 

Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից եւ ներառված է Կառավարության այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող բաժնում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել