Ոչ թե «չգիտես՝ ինչու», այլ խաղաղապահների չթույլատրելու պատճառով․ Տարոն Չախոյանը մանիպուլացնում է
17:46 - 14 ապրիլի, 2022

Ոչ թե «չգիտես՝ ինչու», այլ խաղաղապահների չթույլատրելու պատճառով․ Տարոն Չախոյանը մանիպուլացնում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկ ունեցած ելույթին եւ դրա վերաբերյալ ընդդիմադիրների արձագանքին։ Չախոյանը նախ գրել է, որ 2020 թվականի պատերազմի առաջին օրը Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է կանգնեցնել պատերազմը, եթե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ առանց նախապայմանների Ադրբեջանին հանձնեն յոթ շրջանները։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալը շեշտել է, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ ժամանակ միաբերան «Ո՛չ» են ասել։ Ապա, մեջբերելով Փաշինյանի երեկվա խոսքերն այն մասին, թե ինչ է ասում միջազգային հանրությունը հայկական կողմին, ինչ պահանջներ ու դիրքորոշում է ներկայացնում, Չախոյանը գրել է, որ այս անգամ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճից չեն ասում «Ո՛չ»։ 

Շարունակելով՝ Չախոյանը մանիպուլյատիվ պնդում է արել, թե ընդդիմադիր պատգամավորները Արցախի հիմնախնդրի հարցի ամենակարեւոր քննարկումներից առաջ ԱԺ-ում դրոշներ են տնկել ու հեռացել․ «Հեռացել են իբրեւ Շուշի, Հադրութ, Արցախ փրկելու, բայց, չգիտես ինչու, անգամ մինչեւ Ստեփանակերտ չեն կարողացել հասնել»,- մասնավորապես գրել է նա։

Նախ նշենք, որ օրեր առաջ՝ ԱԺ քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների, այդ թվում՝ Արցախի խնդրի մասին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին եւ քվեարկություններին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ մարզեր, մեր հայրենակիցների հետ անմիջական շփմամբ լինելու են այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները չեն կարողացել հասնել Ստեփանակերտ եւ վերադարձել են Սյունիք։ Պարզվել էր, որ ռուս խաղաղապահները նրանց թույլ չէին տվել Աղավնո գյուղի անցակետից առաջ գնալ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եռալեզու պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել էր այս միջադեպին՝ շեշտելով, որ նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները:

Նախօրեին էլ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, խնդրել էր հավելյալ տեղեկություններ հայտնել՝ բացի հայտարարությունից ուրիշ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ հետագայում նման դեպքերը կանխելու համար։

Ի պատասխան՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել էր, որ այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, ձեռնարկել են գործողություններ, կապի մեջ են եղել ե՛ւ ԼՂ իշխանությունների, եւ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով․ «Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որեւէ սահմանափակում նախատեսված չէ, եւ ՀՀ քաղաքացիները, այդ թվում եւ, կամ, եթե կուզեք, առավել եւս ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»,- մանրամասնել էր Միրզոյանը՝ հավելելով, որ ռուսական կողմից եղել է այդ պարզաբանումը, որ կարող են սադրանքներ տեղի ունենալ, որոնցից ԼՂ-ն զերծ պահելու համար պատգամավորների մուտքը նպատակահարմար չի դիտվել։

Այսպիսով, Տարոն Չախոյանի պնդումը, թե ընդդիմադիր պատգամավորները հեռացել էին նիստերից՝ իբրեւ Շուշի, Հադրութ, Արցախ փրկելու, բայց, չգիտես ինչու, անգամ մինչեւ Ստեփանակերտ չեն կարողացել հասնել, մանիպուլյատիվ է․ Ստեփանակերտ չհասնելու կոնկրետ պատճառ է եղել՝ ռուս խաղաղապահներն են արգելել նրանց մուտքը, իսկ այս դեպքին պաշտոնապես անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հաստատելով խաղաղապահների միջամտության դրվագը։ Խնդրահարույց է նաեւ Չախոյանի մեկնաբանությունը ընդդիմադիրների այցի նպատակի վերաբերյալ, քանի որ, թեեւ ընդդիմադիրների խոսույթում Արցախը փրկելու մասին ելույթները քիչ չեն, այդուհանդերձ, նրանց այցերի նպատակը քաղաքացիների հետ հանդիպումներն ու քննարկումներն են եղել։

Կառավարող ուժի քարոզչամեքենայում Տարոն Չախոյանի դերին կարող եք ծանոթանալ այս հոդվածում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել