«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտ կընդունվի
15:40 - 22 ապրիլի, 2022

«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտ կընդունվի

Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ:

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց հավանություն տալ «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 

Կառավարությունն ավելի վաղ հավանության էր արժանացրել 30 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում  2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային հանգստավայրի կառուցմանը։ Այս որոշումը, սակայն, վրդովեցրել էր Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչներին, քանի որ կառավարությունն այս նախագծի իրականացման համար հանրային գերակա շահ էր ճանաչել նաեւ եղիպատրուշցիներին պատկանող հողատարածքները։

Այժմ կառավարությունը ծրագրի իրականացման շրջանակներում Ընկերությանը խաղատան գործունեության լիցենզիան տրամադրելու օրենքի նախագիծն ուղարկում է Ազգային ժողով։ Լիցենզիան տրամադրվում է ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում «խաղատան կազմակերպում» գործունեության նպատակով։

Կառավարությունը որոշման նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։ Գործադիրի համոզմամբ՝ խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար և կարող է հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե։

Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարական շենքերի մոտ՝ ընդդեմ գործադիրի՝ անցած տարվա որոշման, որով հանրային գերակա շահ են ճանաչվել գյուղացիներին պատկանող հողամասերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել