Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան
14:05 - 28 ապրիլի, 2022

Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսեց Երևանի տրանսպորտային խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե քաղաքացիները պատշաճ վերահսկեն, որպեսզի նոր ավտոբուսներում մետաղադրամը ընդունիչ սարքում ներառվի․ «Մենք վարորդներին այս պահի դրությամբ 270.000 դրամ աշխատավարձ ենք տալիս, և ճիշտ կլինի, որ մեր քաղաքացիները նույնպես պատշաճ վերահսկողություն իրականացնեն, այդ 100 դրամը ընդունիչ սարքի մեջ ներառեն, մինչև մենք միասնական տոմսային համակարգը կունենանք։ Դա արել ենք այն տրամաբանությամբ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես շփում չունենա, հեռախոսով իրար հետ չխոսեն, չասեն՝ վազենք կանգառը, շուտ քաղաքացիներին տանենք, մի քանի հարյուր դրամ ավել տանենք»։

Դիտարկմանը, որ կան վարորդներ, ովքեր վերցնում են քաղաքացիների վճարած մանրադրամները, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ առաջիկայում տրանսպորտի մասով կառավարման կենտրոն է ստեղծվելու․ «Այս պահի դրությամբ մենք տրանսպորտի մասով կառավարման կենտրոն ենք ստեղծում, մեր բոլոր ավտոբուսները կահավորված են 7 տեսախցիկներով, այդ կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն, հիմա այս ծրագիրը թեստավորման փուլում է, նախագծման աշխատանքներ է իրականացվում, հոկտեմբերին կունենանք կառավարման կենտրոնը, հիմա փորձում ենք այդ կետային լուծումները տալ»։

Քաղաքապետի խոսքով՝ իրենք նաև վարորդների համար առողջապահական ապահովագրություն են նախատեսել․ «Ճիշտ կլինի, որ քաղաքացիները իրենք պատասխանատու լինեն, և այն 100 դրամը, որ տալիս են, վերադարձնենք համայնքին, և հավելյալ այլ միջոցներ ձեռք բերենք»։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել