armenpress.am: Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի ինչպես ցանկացած ժողովրդավարական պետությունում, այնպես էլ Հայաստանում:
Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:
Նա նշեց, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում ու ներկա ժամանակներում լրագրողներից նաև շատ կարևոր ջանքեր են պահանջվում՝ փոփոխվող նոր երևույթների լուսաբանումը հավուր պատշաճի իրականացնելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց՝ ուրախ է, որ պաշտպանի գրասենյակում լավ ավանդույթ կա, և իրենք հնարավորություն ունեն իրենց մասնագիտական գիտելիքը և փորձառությունը (զգայուն կամ նեղ մասնագիտական հարցերի տեսանկյունից) նմանատիպ հանդիպումների շրջանակում կիսել նաև լրագրողների հետ:
«Ինչու եմ կարևորում մեր մասնագիտական գիտելիքների փոխանակումը, որովհետև, իմ կարծիքով, մենք շատ նման առաքելություն ենք իրականացնում, մեր մանդատի բերումով պաշտպանի հաստատությունը մարդկանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, և դրանցից կարևորագույնի՝ խոսքի ազատության իրավունքի իրացման հարցերը, գտնվում են նաև ձեր մանդատի ներքո: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել լրագրողների դերակատարումը՝ հատկապես հանրությունը կրթելու և իրավագիտակցությունը բարձրացնելոը հարցում»,- եզրափակեց պաշտպանը:
comment.count (0)