Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով
17:45 - 12 մայիսի, 2022

Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%–ով», – նշել է Արմեն Արզումանյանը։ Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով:

Նախարարի տեղակալը նշել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է գրավիչ երկիր գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից և ՀՀ կառավարությունը վարում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության ոլորտում, ինչը երաշխավորված է օրենքով: ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանն իր խոսքում ընդգծել է պետական կառույցների կարևոր դերը գործարար շրջանակների համար համագործակցության լայն հնարավորություններ ընձեռելու, առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որպեսզի իրենք՝ գործարարները կարողանան անմիջական կապ հաստատել միմյանց հետ։ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։

Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։ Արսեն Ավագյանը նաև տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առևտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, և ստեղծված են նպաստավոր պայաններ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար։

Այդ նպատակով դեսպանը հատկապես շեշտադրել է երկու երկրների գործարար ոլորտում առկա ներուժը ուսումնասիրելու և այդ ուղղությամբ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը։ Համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել