Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն
20:40 - 19 մայիսի, 2022

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։

Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։

Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ

Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։

Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։

Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։

Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։

Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։

Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։

Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։

Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։

Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։

Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։

Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։

Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել