Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման
17:16 - 15 հունիսի, 2022

Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման

Պաշտոնատար անձանց աշխատավարձերի եւ պարգեւավճարների հրապարակայնության հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում, եւ պետական մարմինները, այդ տեղեկությունները անձնական տվյալ համարելով, որպես կանոն, խուսափում են հարցման հիման վրա լրատվամիջոցներին տրամադրել:

Այս տարվա հունվար ամսին Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2021 թվականի ընթացքում նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների (պարգեւավճար, հավելավճար եւ այլն) մասին։ Գրավոր հարցումն ուղարկել էինք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով ենթակա է հրապարակման հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերում, սակայն այդ պահին դեռեւս հրապարակված չէր, քանի որ տվյալ տարվա հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը չէր լրացել։

12 նախարարություններից 10-ը (բացառությամբ Արտաքին գործերի եւ Շրջակա միջավայրի նախարարությունների) մերժել էին տեղեկության տրամադրումը՝ նշելով միայն, որ նրանց վարձատրության չափը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարները հայտարարատու անձինք են, որ նրանց եկամուտներին կարող ենք ծանոթանալ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրում եւ այլն։

10 նախարարությունից 2-ը՝ Էկոնոմիկայի նախարարությունն ու Ֆինանսների նախարարությունը, տեղեկության տրամադրումը մերժել էին՝  նաեւ այն անձնական տվյալ դիտարկելու հիմքով։

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածների՝ պահանջվող տեղեկությունը պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով․ «Միաժամանակ հայտնում ենք, որ հայտարարատու պաշտոնատար անձանց եկամուտների մասին տեղեկությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով հրապարակվում է»,- ասված էր պատասխանում։

Ֆինանսների նախարարությունից նշել էին, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետեւել եւ ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց առանց աշխատողի գրավոր համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նախարարությունից մեջբերել էին նաեւ նույն օրենսգրքի 199-րդ հոդվածը, ըստ որի՝ աշխատողի աշխատավարձի եւ աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ․ «Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով, որ սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անձնական տվյալները մշակող պետական կառավարման մարմինը պարտավոր է առաջնորդվել աշխատողի կամահայտնությամբ եւ առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց՝ բացառությամբ, եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված, ուստի պահանջված տեղեկատվությունը չենք կարող տրամադրել»,- նշել էին Ֆինանսների նախարարությունից՝ հավելելով, որ նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը արդեն իսկ ներկայացրել է իր 2021 թվականի եկամուտների մասին հայտարարագիրը, իսկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կներկայացնի սահմանված կարգով եւ ժամկետում․ «Հետևաբար առաջարկում ենք համապատասխան տեղեկությանը ծանոթանալ համապատասխան հայտարարագրերից»,- ասված էր պատասխանում։

Համաձայն չլինելով նախարարությունների դիրքորոշումներին՝ փետրվարի 16-ին մենք դիմել էինք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (այսուհետ՝ Գործակալություն)՝ ներկայացնելով մեր առարկությունը եւ խնդրելով համապատասխան  վարույթի շրջանակում պարզել՝  2021 թ․ Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախախարարների պաշտոնը զբաղեցրած անձանց տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը հակասո՞ւմ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին թե՞ ոչ, եւ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել։

Մայիսի 18-ին Գործակալությունը տեղեկացրել է, որ մեր գրության առիթով սեփական նախաձեռնությամբ հարուցել է երկու առանձին վարույթներ` հիշյալ տեղեկությունը հարցման հիման վրա տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար, որոնցով ապրիլի 28-ին կայացվել են որոշումներ։ Գրավոր հարցման հիման վրա նույն օրը Գործակալությունը որոշումները տրամադրել է մեզ։

Որոշման կայացումից ավելի քան մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, Ֆինանսների նախարարությունը դատական կարգով բողոքարկել է Գործակալության՝ իրեն վերաբերելի որոշումը։ Բողոքը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։ Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ։

Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե առարկել է Գործակալության՝ վարույթ հարուցելու որոշման դեմ

2022 թվականի մարտի 22-ին իրականացված լսումների ընթացքում Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն առարկել են Գործակալության կողմից վարույթ հարուցելու լիազորության կապակցությամբ՝ նշելով, որ առկա չեն անձնական տվյալների սուբյեկտի՝ տվյալների մշակման դեպք, իսկ տեղեկատվության ազատության իրավունքի խախտումը քննարկելու լիազորություն Գործակալությունը չունի։ 

Ի պատասխան՝ Գործակալությունը պարզաբանել է, որ վարույթի հարուցման որոշումից էլ ակնհայտ է, որ այն հարուցվել է ոչ թե Ֆինանսների նախարարության կողմից տեղեկություն չտրամադրելու իրավաչափությունը ստուգելու, այլ հարցման հիման վրա անձնական տվյալներ տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար։

Գործակալությունը նաեւ նշել է՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված «տեղեկություն»-ը, այն դեպքերում, երբ հանդիսանում է ֆիզիկական «անձի վերաբերյալ տվյալ», նույնանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «անձնական տվյալ»-ի հետ: Հետեւաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն անձնական տվյալների մշակում նախատեսող օրենք է․ «Կոնկրետ դեպքում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալի հետ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալը դեռեւս չի նշանակում, որ առկա չէ անձնական տվյալների պաշտպանության իրավահարաբերություն, եւ չի նշանակում, որ Գործակալությունն ինքնըստինքյան չունի նման դեպքերում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների մշակման՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմանն անդրադառնալու լիազորություն»,- ասված է որոշման մեջ։

Տեղեկության անձնական տվյալ լինելն ինքնին չի ենթադրում հարցման հիման վրա այն տրամադրելու արգելք

Անդրադառնալով արդեն բուն խնդրին՝ Գործակալությունը նշել է, որ 2021 թվականին Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններն անձնական տվյալներ են, իսկ դրանք հարցման հիման վրա տրամադրելը՝ անձնական տվյալների մշակում։

Անձնական տվյալների մշակումը կհամարվի օրինական, եթե մշակումն իրականացվի կա՛մ անձնական տվյալի սուբյեկտի համաձայնությամբ, կա՛մ համաձայնության բացակայության դեպքում մշակումն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, կա՛մ տվյալները ձեռք բերվեն անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Ընդ որում, ըստ Գործակալության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալի մշակման հիմքերից որեւէ մեկն ընտրելու հայեցողությունը պետք է մեկնաբանել հնարավորինս նեղ. այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ պետական մարմինն օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության կամ հանրամատչելի աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես արտացոլված լինի օրենքով: Ուստի տվյալ դեպքում, ըստ Գործակալության, անհրաժեշտ է պարզել՝ հարցման հիման վրա հիշյալ տեղեկությունը տրամադրելը նախատեսվա՞ծ է օրենքով եւ համապատասխանու՞մ է արդյոք անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին:

Հաշվի առնելով այն, որ Ֆինանսների նախարարությունը հարցմամբ պահանջված տեղեկությունների տրամադրումը մերժելիս վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածները՝ Գործակալությունն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաեւ դրանց վերաբերելիությանը: Գործակալությունը դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով ո՞վ է նախարարի գործատուն, եւ նախարարի հետ աշխատանքային հարաբերություններում ի՞նչ կարգավիճակ ունի նախարարությունը։ Հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը, ի թիվս այլնի, նշել է, որ նախարարի գործատուի վերաբերյալ հարցն անհրաժեշտ է քննարկել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված «դասական» աշխատանքային հարաբերությունների տիրույթից դուրս՝ ի թիվս այլ օրենդրական կարգավորումների, հարցը դիտարկելով նաեւ սահմանադրական կարգավորումների համատեքստում: Արդյունքում, Գրասենյակից նշել են, որ նախարարի գործատուն պետությունն է։

Այս պատասխանը հիմք ընդունելով՝ Գործակալությունը եզրակացրել է, որ Նախարարության՝ Աշխատանքային օրենսգրքից մեջբերած դրույթները վերաբերելի չեն սույն վարույթով քննարկվող դեպքին եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով նախարարության կողմից նախարարի անձնական տվյալների մշակում նախատեսող դրույթներ չեն:

Մարտի 22-ին իրականացված վարչական լսումների ընթացքում Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հարցմամբ պահանջվող տվյալները թեեւ գաղտնիք չեն, սակայն պաշտպանվող գաղտնի տվյալներ են, որոնք առանց համաձայնության հրապարակման կամ հարցման հիման վրա տրամադրման ենթակա չեն: Ըստ նախարարության՝ Ատոմ Ջանջուղազյանի համաձայնությունը ստանալ հնարավոր չի եղել, քանի որ նա այլեւս չի պաշտոնավարում, իսկ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը իր անձնական տվյալների տրամադրման համաձայնությունը չի տվել:

Անդրադառնալով վերոնշյալին՝ Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը, չի սահմանում պետական մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ անձնական տվյալն ինքնին անձնական տվյալ լինելու ուժով դեռեւս գաղտնիք չէ։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում անձնական տվյալները չեն նույնանում գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, իսկ անձի՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անձնական տվյալները ցանկացած պարագայում գաղտնի պահելու կամ այլոց համար դրանց մատչելիությունը սահմանափակելու հետ։ Անձնական տվյալը, այդ թվում՝ անձնական կյանքի տվյալը, տվյալի տեսակի անվանումն է, այլ ոչ թե ռեժիմը, այսինքն՝ անձնական տվյալները, ըստ Գործակալության, կարող են լինել նաեւ հանրամատչելի: Հետեւաբար, սխալ կլինի այն եզրակացությունը, որ տեղեկության անձնական տվյալ հանդիսանալն ինքնին, անկախ տվյալների առերեւույթ զգայնունությունից, ենթադրում է այդ տվյալները տրամադրելու արգելք: 

Գործակալության կարծիքով՝ նշվածից բխում է, որ հարցման հիման վրա անձի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել ոչ թե անձնական տվյալ լինելու, այլ որեւէ, այդ թվում՝ անձնական կամ ընտանեկան գաղտնիք լինելու հիմքով: Ընդ որում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նույնպես չի սահմանում կոնկրետ այս կամ այն տվյալի գաղտնիք լինելը, այն բլանկետային նորմ է, հղում է անում տեղեկության կարգավիճակին, որը պետք է սահմանված լինի վերաբերելի այլ իրավական ակտերով։ 

Արդյունքում, Գործակալությունը որոշել է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը, այնքանով, որքանով չի պարունակի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ, չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Հայտարարագրման ենթակա անձնական տվյալները հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ տվյալի գաղտնիության

Անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել՝ Գործակալությունը հիշեցրել է իր նախկին որոշումներից մեկը, ըստ որի՝ տեղեկությունը, որը ենթակա է հրապարակման (կամ հրապարակվել է), ենթակա է նաեւ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրման: Այս որոշումը կայացնելիս Գործակալությունը հիմնվել էր ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4141/05/11 վարչական գործով հայտնած դիրքորոշման վրա, որի համաձայն՝ այն տեղեկությունը, որը երրորդ անձինք oրինական հիմքերով ազատորեն uտանալու հնարավորություն ունեն, այլեւս չի կարող համարվել որեւէ գաղտնիք։

Անդրադառնալով կոնկրետ ժամկետներին՝ Գործակալությունն արձանագրել է, որ եթե անձնական տվյալի հրապարակման համար սահմանված է որեւէ ժամկետ, ապա մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը հարցման հիման վրա դրա տրամադրման թույլատրելիության հարցը պարզելու համար էական է այն, թե ինչ նպատակով է անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված, եւ մինչեւ հրապարակման ժամկետի վրա հասնելն ինչ կարգավիճակ ունի այդ անձնական տվյալը, արդյո՞ք որեւէ օրենքով սահմանված է որպես որեւէ գաղտնիք թե ոչ: 

Գաղտնիքի կարգավիճակ ունեցող տվյալների համար, ըստ Գործակալության, կարող է սահմանված լինել հրապարակման (գաղտնազերծման) ժամկետ՝ նպատակ ունենալով մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը: Միեւնույն ժամանակ գաղտնիքի կարգավիճակ չունեցող տվյալների համար նույնպես կարող է սահմանված լինել հրապարակման ժամկետ՝ նպատակ ունենալով ոչ թե մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը, այլ հակառակը, ապահովելու, որ տվյալ ժամկետը վրա հասնելու պահի դրությամբ հենց տվյալները հանրամատչելի դառնան: Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը սահմանում է հանրամատչելի անձնական տվյալները, եկամուտների հայտարարագրումը եւս համարում է հանրամատչելի, այսինքն՝ բոլորին մատչելի, հասանելի տվյալներ։

Արդյունքում, Գործակալությունը կարծիք է հայտնել, որ օրենքով անձնական տվյալը (այդ թվում՝ հայտարարագրման ենթակա) հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ անձնական տվյալի գաղտնիության, իսկ անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այդ թվում՝ հարցման հիման վրա․ «Անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը պետական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որեւէ գաղտնիք»,- ասված է Գործակալության որոշման մեջ։

Գործակալությունը համանման որոշում է կայացրել նաեւ Էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ գործով։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել