Ըստ Ոստիկանության՝ Նիգավանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ու պատճառը կենցաղային է
09:18 - 20 հունիսի, 2022

Ըստ Ոստիկանության՝ Նիգավանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ու պատճառը կենցաղային է

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում հունիսի 19-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Նշվում է, որ միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդ տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մինչ ոստիկանության հաղորդագրություն տարածելը մամուլում շրջանառվել է, թե դեպքը առնչություն ունի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու հետ, որոնք, ըստ լուրերի, վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդներին:

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, որի անունը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության մեջ կապվում է միջադեպի հետ, հերքել է իր կամ իր հարազատների մասնակցությունը միջադեպին: Նա նշել է, որ դրանք «բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել