Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
19:19 - 19 հուլիսի, 2022

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, Պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, Ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը: Մանրամասներ են ներկայացվել մարզային վարչությունների վերակազմակերպման վերաբերյալ, անդրադարձ է արվել տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը, կառուցվածքին և գործառույթներին առնչվող հարցերի:

Վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը:

Նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Այս առումով, վարչապետ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել