Աշխատանքները կատարվում են էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, պետք է հայտնաբերենք վերջին քաղաքացու դին. Արմեն Գասպարյան
11:10 - 19 օգոստոսի, 2022

Աշխատանքները կատարվում են էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, պետք է հայտնաբերենք վերջին քաղաքացու դին. Արմեն Գասպարյան

Այս պահին տարածքի 95 և ավելի տոկոսը մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։ Այս մասին քիչ առաջ դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։ 

«Այս պահին աշխատանքները կատարվում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, պետք է հայտնաբերենք վերջին քաղաքացու դին»,-ասաց Գասպարյանը։ 

Գասպարյանն ասաց, որ, ըստ իրենց տեղեկությունների, որոնվող քաղաքացին «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակից է եղել։ 

Նրա խոսքով՝ էպիկենտրոնային հատվածում աշխատանքը ավելի բարդ է․ «Պայթյունի հետևանքով կան վնասված-կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, պանելներ։ Մինչև բուն փրկարարական աշխատանքը անելը պարտադիր է դրանց հեռացումը, որպեսզի մեր փրկարարաները կարողանան անվտանգ իրենց աշխատանքը իրականացնել»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու մի քանի օր չի հաջողվում գտնել որոնվող քաղաքացուն, Գասպարյանն ասաց․ «Ցանկացած մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ, այդ իսկ պատճառով առաջանում են բարդություններ»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, նրանցից մեկի անձը նույնականացված չէ։  ԱԻՆ-ը հայտնել էր, որ անհետ կորած է համարվում երկու քաղաքացի, սակայն երեկ երեկոյան ԱԻՆ  խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ որոնվող քաղաքացիներից մեկը այն մարդն է ում չի հաջողվում նույնականացնել, և այժմ ԱԻՆ-ը միայն մեկ քաղաքացու է փնտրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել