Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին: 1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի անցողիկ շեմը չհատելուց հետո ծավալում է ընդդիմադիր գործունեություն։

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ «Մենք հիմնական դատալսումներին չենք անցել, ապացույցներ չենք հետազոտել, առնվազն չեն հարցաքննվել վկաները, որոնք ազդեցության մասով դատարանը գտնում է, որ կարող է ազդեցություն լինել։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանքի գործողության ժամկետում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություն, որը դատարանին հիմք կտա խափանման միջոցը փոխել»,- ասաց նա։ Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները` 30 պատգամավոր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Արմեն Աշոտյանը դատարանում իր խոսքում շնորհակալություն էր հայտնել ԱԺ պատգամավորներին և իր համակիրներին երաշխավորության համար և նշել, որ իր կողմից «վատ պահելը» կնշանակի, որ «ընդդիմության գլխին քրեական գործ է կախվում»։ «Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ հանկարծ այսօրվա գործող իշխանությունների դեմ պայքար ծավալած երկու խմբակցությունների անդամների գլխին դամոկլյան սուր չկախվի»,- հավելել էր Աշոտյանը։ Մեղադրող դատախազն էլ իր խոսքում նշել էր, որ երեք ամիսների ընթացքում չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին վկայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման կամ վերացման համար։ «Գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ նախորդ ներկայացված միջնորդությունից չի տարբերվում, բացառությամբ պատգամավորների քանակի»,–ասել էր դատախազը հավելելով, որ պետք է կալանքի ժամկետը երկարաձգվի։
16:25 - 11 ապրիլի, 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|

news.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երեւանում ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո։ Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերեն լեզվով հայտարարեցին բոլոր քաղբանտարկյալների անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։ Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։
11:52 - 08 ապրիլի, 2024
Դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդությունը
 |tert.am|

Դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդությունը |tert.am|

tert.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում։ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը։ Դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու միջնորդությունը, որը ներկայացրել էին պաշտպանները։ Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։ Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռևս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
19:45 - 25 մարտի, 2024
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում». ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում». ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Փետրվարի 8-ին, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր, ըստ կարգի՝ դիմել եմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ամբակում Գրիգորյանին՝ խնդրելով թույլատրել ինձ, aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանին և 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին մինչև փետրվար ամսվա վերջ թույլատրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունենալ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Դիմումի մեջ տեղեկացրել էի, որ Արմեն Աշոտյանը համաձայնել է հարցազրույցի ձևաչափով հանդիպում ունենալ մեզ հետ, ինչը վերջինս ամրագրել էր նաև ՔԿԾ ղեկավարությանը հասցեագրած իր դիմումով: Փետրվարի 16-ին մեր դիմումը մերժվեց՝ անհեթեթ ու փնթի հիմնավորմամբ, այնքան փնթի, որ անգամ ՔԿԾ համապատասխան պաշտոնյայի՝ մեզ հասցեագրված պատասխանից նկատելի էր՝ մերժել են, որովհետև դիմել էինք ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույց վարելու նպատակով:   Այսպես, ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի անունից մեզ հասցեագրված պատասխանի մեջ նախ վկայակոչված էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, համաձայն որի՝ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց՝ նաև ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ապա հավելել էին, որ կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ կարճատև տեսակցություն՝ մինչև 3 ժամ տևողությամբ, ու «ավետել էին»,  որ 2024թ. փետրվարի 16-ին ստացված տեղեկանքի համաձայն՝ Արմեն Աշոտյանն օգտվել է իր փետրվար ամսվա հասանելիք տեսակցություններից, ուստի հնարավոր չէ տրամադրել վերջինիս հետ տեսակցությունը: Եթե այս տեքստը գրողները կամ այն ստորագրողը ամեն կերպ չձգտեին կատարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան-Նիկոլ Փաշինյան զույգի հրահանգը, մեկ անգամ գոնե կկարդային՝ ինչ հիմնավորմամբ են մերժում: Օրենքն ասում է՝ «ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ» կարճատև տեսակցություն, ինչը նշանակում է, որ նույն օրենքով կարգավորված է նաև լրացուցիչ տեսակցության տրամադրումը: Սա դեռ մեկնաբանում եմ իրենց ուղարկած պատասխանի տրամաբանության մեջ: Ի դեպ, ի գիտություն այս պատասխանը ստորագրողի, այն գրողների ու գրելու հրահանգը տվողների՝ բացի նշված օրենքից, կա նաև կառավարության համապատասխան որոշում «ՀՀ ԱՆ ՔԾ՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», որով կարգավորվում են նշված հարցերը: Այդ որոշման մեջ նաև տեսակցությունների տրամադրման կարգի մասին է նշվում, և որոշման 139-րդ կետը սահմանում է, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված քանակից ավելի տեսակցություն ում չի կարող տրամադրվել: Իսկ այդպիսին չի կարող տրամադրվել բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին: Հիմա հարց՝ մեզ ուղարկված պատասխանը ստորագրած Գևորգ Հովհաննիսյանը, ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ են ասել՝ նշվածներից ո՞ր հիմքով է մերժվել Արմեն Աշոտյանին լրացուցիչ տեսակցության տրամադրումը, եթե ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը դիտարկենք իրենց տրամաբանության մեջ ու ընդունենք որպես տեսակցություն: Հետաքրքիր է՝ այս պատասխանի հեղինակներն ինչպե՞ս էին պատկերացնում՝ լրագրողները ձայնագրիչներով պիտի գնային նստեին կարճատև տեսակցության ընդհանուր սենյակում, մյուս տեսակցողների հե՞տ: Կամ արդյո՞ք որևէ կալանավորված անձի ընտանիքի անդամը կարճատև տեսակցության գնալիս կարող է իր հետ ձայնագրիչ ներս տանել, ինչպես լրագրողներն են անում: Եվ երբ վերոնշյալ անձանց գլխում ծնվում էր այս կերպ հարցազրույցը «ցրելու» հանճարեղ միտքը, չէի՞ն մտածում, որ հարցեր կարող են առաջանալ, իսկ չգիտեի՞ն, որ երբ լրագրողը, ասենք, որևէ միջոցառում է  լուսաբանում ՔԿՀ-ում, հընթացս հարցազրույցներ է անում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ, այդ դեպքում դրանք ինչո՞ւ տեսակցություններ չեն համարվում: Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում չի կաշկանդվում ու հոդվածների միջոցով իր ասելիքը հասցնում է իր լսարանին, և լրագրողների միջոցով թե առանց նրանց, պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: Տրամաբանական չէ, որ ՔԿԾ պետը, այսքանը հասկանալով ու քաջ իմանալով, կարող էր խոչընդոտել խմբագիրների մուտքն Արմեն Աշոտյանի մոտ ու դառնալ թիրախ: Ակնհայտ է, որ այս որոշումը թելադրված է բարձրագույն մակարդակում, Նիկոլ Փաշինյանի կողմից, որն Ամբակում Գրիգորյանին հասել է Գրիգոր Մինասյան խողովակով: Վերոնշյալ հիմնավորումները, օրենքները և նախադեպերը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ մեր մուտքը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մոտ՝ հարցազրույց անելու նպատակով, մերժվել է քաղաքական խմբի ղեկավարի անմիջական հրահանգով: Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի պատասխանատու պաշտոնյաները վստահաբար լավ գիտեն՝ տեղեկությունների հավաքագրումը լրագրողական գործունեության կարևոր նախապատրաստական քայլ է և մամուլի ազատության պաշտպանության ենթակա բաղկացուցիչ մասը: Ազատազրկվածները պետք է մամուլի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, քանի դեռ առկա չեն այն արգելելու ծանրակշիռ պատճառներ անվտանգության և կարգի պահպանության, հանրային շահի կամ տուժողների, այլ դատապարտվածների կամ անձնակազմի պաշտպանության նկատառումներով: Եվ սա  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» (2006թ.) թիվ 2 հանձնարարականով է ամրագրված: Ի վերջո, բացի ներքին կարգավորումներից, այս հարցերը նաև միջազգային ստանդարտներով են կարգավորվում: Եվ, այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքն ազատ արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը, ինչը տվյալ պարագայում խոչընդոտվում է պետական մարմնի կողմից: Լրագրողական գործունեության  և խոսքի ազատության իրացման երաշխիքներն ամրագրված են օրենքով, ըստ որի՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: ՔԿԾ կամ այլ իրավասու մարմնի կողմից լրագրողի դիմումի մերժումը՝ ընդհանրական բնույթի որևէ պատճառաբանությամբ, նշանակում է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը, իսկ լրագրողական մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ունի հանրային կարևորություն:
20:52 - 26 փետրվարի, 2024
Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել
 |armeniasputnik.am|

Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6-ին մեկնել Բուխարեստ՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` փոխելու նրա խափանման միջոցը ընդամենը 4-5 օրով։ Փաստաբանը նաև դատարանին ներկայացրեց Բուխարեստից ստացված ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիկ Վոլլերի համապատասխան հրավերը։ «Մենք հրապարակավ ասում ենք, որ չենք բողոքարկելու դատարանի որոշումը, եթե Բուխարեստից Աշոտյանի վերադարձից հետո որոշվի խափանման միջոցը հետ փոխել ու նորից կալանք սահմանել»,- հայտարարեց նա։ Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իր կալանավորումն ընկալվում է որպես մաքուր քաղաքական հետապնդում։ «Ես խոստանում եմ ձեզ Բուխարեստ մեկնելուց 4 օր հետո վերադառնալ Նուբարաշեն ՔԿՀ–ի իմ խուցը` այդ 4 պատի մեջ` մինչև օրինական հիմքերով այնտեղից դուրս կգամ։ Եթե անհրաժեշտ է, ես ձեզ այդ հարցում կօգնեմ, որ նորից ինձ վերադարձնեք ՔԿՀ։ Եթե անհրաժեշտ է, մենք պատկառելի գրավ կարող ենք մուծել այդ 4-5 օրվա համար»,– ընդգծեց Աշոտյանը։ Նա վստահեցրեց` ԵԺԿ համաժողովին մասնակցությունն առիթ չէ իր խափանման միջոցը փոխելու համար. սա իսկապես կարևոր գործուղում է։ «ՔՊ–ն ձգտում է ԵԺԿ–ում անդամ դառնալ, ու եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց` հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելու համար»,– հայտարարեց Աշոտյանը։ Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից։ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024–ի հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին` ժամը 12։30–ին։
17:33 - 26 փետրվարի, 2024
Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով. Աշոտյանը՝ կալանավայրից

Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով. Աշոտյանը՝ կալանավայրից

Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով։   Գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․   «Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում եմ:   Ներքին և արտաքին լսարաններին ուղղված ցածրորակ մանիպուլյացիաները, բացահայտ ստերը, լկտի խաբեությունները ցույց են տալիս, թե ինչքան անպաշտպան է այսօրվա Հայաստանը, և որքան կործանարար է Փաշինյանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը: Ներքին Հանդի իրադարձությունները մերկացրեցին մեր երկրի բացահայտ անպաշտպան վիճակը, երբ գործող ռեժիմը սպառնում է պատժել սեփական զինվորին, իսկ արտաքին որևէ անվտանգային գործոն կամ մեխանիզմ մեր օգտին չի աշխատում: ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները պահպանվել են բացառապես դե յուրե ֆորմատում, ավելի բաց ասած՝ զուտ ձևական, ֆորմալ բնույթի են: Իսկ Արևմուտքից ակնկալվող աջակցությունը լավագույն դեպքում դրսևորվել է մտահոգությունների, կոչերի, ափսոսանքների հերթական холостой համազարկով: Այսինքն՝ ռեժիմի կողմից դատարկաբանվող թեզն անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին փուչիկ է, գեոպոլիտիկ կեղծիք: Ոչ մի ԵՄ դիտորդական առաքելություն, ոչ մի ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ոչ մի ֆրանսիական զենք՝ ոչ մի գործոն, որ Փաշինյանը հրամցնում էր մեզ որպես «ձեռքբերում և երաշխիք», չի կանխել Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը և չի կանխելու: Այո՛, Արևմուտքը մասնակի բարկացած է Ադրբեջանի վրա, բայց միայն խոսքերով և լոկ սեփական շահերից ելնելով: Նախ, որովհետև Ադրբեջանը գցում է ԵՄ-ին՝ ստանալով Արցախը և դրանից հետո մերժելով բրյուսելյան ձևաչափը, և, երկրորդը, որովհետև Ալիևի պահվածքն այս փուլում  խոչընդոտում է արևմտյան հիմնական նպատակի իրագործմանը Հարավային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի դուրսմղմանն այստեղից: Ստեղծված իրավիճակում ԵՄ պաշտոնյաներին մնում է սփոփվել այն հանգամանքով, որ նրանց «խրոխտ» թվիթները և ստատուսներն Ադրբեջանի դեմ՝ էյֆորիայի անսպառ աղբյուր են տարաբնույթ կեղծ «եվրացենտրիստների» համար: Արդյունքում, Մոսկվան նայում է ստեղծված դրությանը՝ «Սա՞ էիք ուզում», Բրյուսելը և Վաշինգտոնը՝ «Սրանից ավել բան չուզեք» դեմքերով, իսկ հայ ժողովուրդը հերթական գերեզմանախորշերի մեջ է դնում ոչ միայն իր զավակներին, այլև իր արժանապատվությունը և ապագան: Այսինքն՝ փաստացի մենք ամբողջությամբ կորցնում ենք՝ Ռուսաստանի, և բավարար չափով չենք ստանում՝ Արևմուտքի աջակցությունը: Սա ոչ թե արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիա» է, այլ տոտալ ձախողում, սնանկություն, փլուզում: Գեոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով: Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ. հակառուսականությունը բերում է ռուսաստանակախյալության: Իսկ «ինքնիշխանության համար պայքարը»՝ ինքնիշխանության կորստի»,- գրել է Աշոտյանը:
11:29 - 16 փետրվարի, 2024
Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում․ Աշոտյան
 |tert.am|

Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում․ Աշոտյան |tert.am|

tert.am: Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում։ Դատական նիստի ավարտին նիստերի դահլիճում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, Արմեն Աշոտյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման վերաբերյալ։ «Փաշինյնաը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում։ Պետք է կանխել բոլոր փորձերը։ Նա չպիտի կարողանա փոխել մեր անցյալը, մեր բարոյականությունը, մեր արժեքները, մշակույթը, պատմությունը։ Նա դա անում է, որպեսզի երկարարաձգի սեփական իշխանությունը, նա փոխում է անցյալը, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում։ Եվ սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է։ Որովհետև փոխում են ոչ միայն ղարաբաղցիների պատմությունը, մշեցիների, սասունցիների, այլև փոխում են ամբողջ հայ ժողովրդի պատմությունը։ Եվ հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն»,–ասել է Աշոտյանը։
20:00 - 23 հունվարի, 2024
Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ-ն պարզաբանում է

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ-ն պարզաբանում է

ԲԴԽ-ն անդրադարձել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի կաքանքին՝ պարզաբանելով, թե ինչու է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. «Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման: Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:06 - 17 հունվարի, 2024
Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ ԳՄ

Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ ԳՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ 08.01.2024 թվականի դատական նիստը հերթական անգամ վերածվեց դատական ֆարսի և ցանկացած ողջամիտ մարդու համար մեկ անգամ ևս ակներևաբար ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Չնայած այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ Արմեն Աշոտյանին մեղսագրվող ամենածանր արարքի` փողերի լվացման վերաբերյալ հիմնավոր կասկածն ընդհանրապես բացակայում է, իսկ տուժող ճանաչված իրավաբանական անձը լուծարվել է մինչև Ա. Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը, Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Ա. Աշոտյանի կալանքի ժամկետը: Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ այդ շինծու քրեական գործում առկա չէ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող որևէ ապացույց: Շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր գործիչների երաշխավորության առկայության պայմաններում դատարանը անհիմն կերպով մերժեց Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և խափանման այլընտրանքային միջոցներ կիրառելու միջնորդությունը: Իր այդ որոշմամբ դատարանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գործող իշխանությունների հնազանդ գործիքն է և պատրաստ է շարունակել Հայաստանում արդեն իսկ արմատավորված` կալանքը բռնաճնշում և այլախոհության համար պատիժ օգտագործելու ապօրինի պրակտիկան: Դատական համակարգի օգտագործումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման նպատակով Հայաստանի իշխանությունների համար դարձել է առօրյա երևույթ: Հայաստանը գնալով ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը՝ ի հակառակ Հարավային Կովկասում որպես «ժողովրդավարության բաստիոն, կղզյակ, փարոս» դիրքավորելու իշխանությունների անհաջող ինքնագովազդային փորձերի: Հայկական ինքնությունը և ազգային շահերը պաշտպանող քաղաքական և հասարակական գործիչները գտնվում են Հայաստանի իշխանությունների թիրախում: Այսօր, ինչպես և նախկինում արդիական է մնում հանրային լայն համախմբման ապահովումը ի սատարումն անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:03 - 10 հունվարի, 2024
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
 |armeniasputnik.am|

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում, որտեղ քննարկվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը, նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։   Մինչ այդ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը առաջարկել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը` համակցված 40 մլն դրամ գրավի և երաշխավորությունների հետ։   Մեղադրող դատախազը նշեց, որ պաշտպանական կողմից չեն ներկայացվել ծանրակռիշ փաստեր առ այն, որ չկա հիմնավոր կասկած, որ Աշոտյանը չի միջամտի գործի քննությանը։ Դատախազը հայտարարեց, որ կալանքի կիրառման իրավաչափությունն առկա է։   Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
20:21 - 08 հունվարի, 2024
Դեմ ենք կալանքը բռնաճնշում օգտագործելու ապօրինի պրակտիկային. Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել  |aysor.am|

Դեմ ենք կալանքը բռնաճնշում օգտագործելու ապօրինի պրակտիկային. Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել |aysor.am|

aysor.am: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։  Զուրաբյանն ասաց, որ խափանման հարցի խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է։ «Ինչը կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է, չէ՞ որ 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար»,-ասաց նա և թվարկեց իր որոշման հիմնավորումները։ Ըստ Զուրաբյանի՝ ինքն առանց վարնման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները։ «Քանի որ մենք միշտ դեմ ենք եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել ենք քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից», - ասաց նա՝ շեշտելով, որ, իհարկե, ոչ բոլոր մեղադրանքների դեպքում։ «Այս դեպքում խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանագությանը որևէ կերպ չի սպառնում, ոչ էլ սպառնում է բաց և արդար դատաքննությանը։ Հետևաբար, դատավարության կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանը կապացուցի՝ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները», - ասաց նա։Ըստ նրա՝ ակնհայտ է, որ դատարանում քննարկվող այս գործի հիմքում ընկած չէ կոռուպցիայի դեմ պայքարի և իշխանության չարաշահման դեպք։ Ըստ նրա, Աշոտյանին հետապնդում են, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Աշոտյանն աչքի է ընկել չափազանց սուր քննդատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։ «Որևէ կասկած չունեմ, որ գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,-ասաց նա։
16:49 - 08 հունվարի, 2024
Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ «Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։ ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։ Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում, իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից  վերածվում են ծաղրանկարի»։
10:11 - 27 նոյեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ

Արմեն Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից այսօր դիմում է ներկայացվել՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։  «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում կալանավորման ապօրինության վերաբերյալ։ Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա.Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով: Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ: Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Ա.Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ: Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 03 նոյեմբերի, 2023
Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

 |factor.am|

Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի և Ռոլան Դավթյանի գործով դատավարությունը։ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Դոլմազյանին նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով՝ շեշտելով հիմնավոր կասկածներ ունեն, որ դատավորն անկողմնակալ չէ։ «Հարգելի՛ դատարան, Դուք կոնկետ նպատակադրմամբ անտեսել եք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ. շարունակել եք նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ այն դեպքում, երբ այդ հարցը բարձրացվել էր։ Կողմերի քննարկման առարկա չեք դարձրել նաև տուժողների երկու ներկայացուցիչների բացակայությամբ նիստը շարունակելու հնարավորությանը հարցը։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք էին։ Միակ ողջամիտ բացատրությունն այն էր, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միակ կալանավորված անձի՝ մեր վստահորդ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ՝ դատարանը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,- իր խոսքում նշեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի կողմն անգործության էր մատնված ամբողջ քննարկման ընթացքում, իսկ դատախազների գործառույթն ամբողջությամբ իրականացնում էր մեկ այլ սուբյեկտ։ «Դատավորը չի դիտարկել մեր կողմից ներկայացված երկու երաշխավորագրերն այն հիմքով, որ դատավորը չի ճանաչում Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահին, մինչդեռ, օրենքը ամենևին պարտադիր չի համարում, որ երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց դատավորը անձնապես կամ հանրորեն ճանաչի»,- նշեց Մելիքյանը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ կասկածի տակ է դնում դատավորի մասնագիտական ունակությունները։ Նման գնահատականի հիմքը, ըստ փաստաբանի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումներն են։ Մեղադրանքի կողմն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ դա անհիմն է։ Կողմերին լսելուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները:
16:00 - 30 հոկտեմբերի, 2023
Կասկածներ կան անկողմնակալության. Աշոտյանի փաստաբանները Դոլմազյանին բացարկ հայտնեցին
 |armeniasputnik.am|

Կասկածներ կան անկողմնակալության. Աշոտյանի փաստաբանները Դոլմազյանին բացարկ հայտնեցին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը քննող նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի անկողմնակալության մեջ փաստաբանները ողջամիտ կասկածներ ունեն։ Այսօրվա դատական նիստում փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատավորին բացարկ հայտնեց։ «Սույն գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են մեզ մոտ հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության մեջ»,- ասաց Մելիքյանը։ Փաստաբանը ներկայացրեց իրավական հիմնավորումները, թե ինչու պետք է Դոլմազյանը բացարկ հայտնի` մեջբերելով, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները։ Իսկ փաստաբանների մոտ Դոլմազյանի անկողմնակալության վերաբերյալ կասկածներ են առաջացել, քանի որ գործով հոկտեմբերի 9-ին և 11-ին նիստերի ժամանակ դատավորը, փաստաբանների խոսքով, կոնկրետ նպատակադրմամբ անտեսել է ՔՕ-ում նախատեսված մի շարք պահանջներ։ «Չնայած Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված պահանջին նախագահող դատավորը հոկտեմբերի 9-ին շարունակել է դատական նիստը մեղադրյալներից մեկի բացակայությամբ, անգամ այն պայմաններում, երբ այդ հանգամանքին նրա ուշադրությունն է հրավիրվել։ Նախագահող դատավորն անգամ քննարկման առարկա չի դարձել կողմերի համար այդ հարցը, չի լսել կողմերի կարծիքը»,-ասաց Մելիքյանը։ Նույն օրը` հոկտեմբերի 9-ին, դատական նիստից բացակայել են տուժողների ներկայացուցիչներ։ Հաջորդ նիստին ևս բացակայել է տուժողի ներկայացուցիչը, և նախագահող դատավորը, արձանագրելով փաստը, կրկին խախտել է ՔՕ 274-րդ հոդվածի պարզ պահանջը` կողմերի կարծիքը չի լսել դատական նիստը շարունակելու պահանջի մասին։ «Ես բացառում եմ, որ այս խախտումները օրենքի չիմացության հետևանք են։ Միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի որոշում կայացնել։ Այդ կերպ դատավորը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,-ասաց նա։ Բացի այդ դատավորը դատական նիստերում տվել է հարցեր, որոնք ունեցել են ոչ թե ճշգրտող կամ պարզաբանող բնույթ, այլ իրենցից ներկայացրել են քողարկված դիրքորոշում։ Ինչպես նաև չի դիտարկել փաստաբանների կողմից ներկայացրած երկու երաշխավորագրերը։ «Այս փաստերը հիմք են տալիս մեզ պնդել, որ ոչ միայն մեր, այլ ցանկացած անկողմնակալ դիտորդի աչքերում, ովքեր հետևել են հոկտեմբերի 9-ի և 11-ի նիստերին, նման վարքագիծ դրսևորած դատավորը այլևս չի կարող երևալ որպես անկողմնակալ»,- ասաց նա։ Աշոտյանի փաստաբանական թիմի մյուս անդամները ևս միացան Մելիքյանի միջնորդությանը։ Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նախնական դատալսումները։ Նախորդ դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել։ Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
13:43 - 30 հոկտեմբերի, 2023