«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջին գործունեությունը նվիրված է եղել Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր` ուղղված հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` հասարակական կազմակերպություններին իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերն ուղղվել են սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
2000թ.-ից սկսած Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպում է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը: Մրցույթը կազմակերպվում է 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից:
2004թ.-ին հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը: Այն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է մի շարք միջոցառումներ և գիտաժողովներ` իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացման, նրանց ինքնակազմակերպման ու հետազոտությունների կատարմանը խթանելու նպատակով: 2006թ.-ի հունիսից ԻՀԱ-ն հրատարակում է ամենամսյա Իրավաբանական լրատուն, որը տրամադրվում է իրավաբաններին, փաստաբաններին, դատավորներին և այլ շահագրգիռ կառույցների: