ՔԿԱԳ

ՔԿԱԳ գործակալության նախկին պետը օտարերկրյա որդեգրումների հարցում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՔԿԱԳ գործակալության նախկին պետը օտարերկրյա որդեգրումների հարցում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին, պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն: Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Բացի դրանից՝ Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում): Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիային. յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար: Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը: Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ. օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ): Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:24 - 17 հոկտեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿԱԳ կենտրոնի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿԱԳ կենտրոնի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100 000 ՀՀ դրամ կաշառք: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտ հանդիսացող խնդիրները լուծելու նպատակով Խ. Վ.-ն մտադրվել է իրականացնել իր անվան և ազգանվան փոփոխություն: Այդ նպատակով 2022 թվականի հոկտեմբերի կեսին այցելել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոն և դիմել տեղի աշխատակից Լ. Պ.-ին, ով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Խ. Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, այն է` նրա անվան (անուն, ազգանուն) փոխման պետական գրանցման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում կազմակերպելու համար, վերջինից պահանջել է 100 000 ՀՀ դրամ կաշառք: Քրեական վարույթով գաղտնի քննչական գործողության շրջանակում՝ հետաքննության մարմնի վերահսկողության ներքո, Լ. Պ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի վարչական շենքում Խ. Վ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարը, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Կաշառք ստանալու համար Լ. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:53 - 17 օգոստոսի, 2023
Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանի  կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այսպիսով, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները Միասնական գրասենյակից ստանալու՝ 1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 3․Պետական եկամուտների կոմիտեի, 4․Ազգային արխիվի, 5․Սոցիալական ապահովության ծառայության, 6․Միգրացիոն ծառայության, 7․Կադաստրի կոմիտեի, 8․Թաղման բյուրոյի, 9․Նոտարական ծառայություններ: Տեղեկացնենք նաև, որ բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։ Հիշեցնենք նաև, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
11:53 - 24 մայիսի, 2021