Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը: Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին: Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
17:12 - 14 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021
Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան |armenpress.am|

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը: Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: «Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա»,-հիշեցրեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ երկխոսության համար երկու կողմից կնշանակվեն մարդիկ: Քոչարյանն ասաց, որ երբ կհնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում: Թե ինչու որոշվեց Թուրքիայի հետ հիմա երկխոսություն սկսել, Քոչարյանը դա հիմնավորեց առաջացած անհրաժեշտությամբ: «Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը»,-նշեց պատգամավորը:
12:09 - 14 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել, սակայն ժամանակ են տալիս ընդդիմությանը իրենց թեկնածուին ներկայացնելու համար: «Գիտեք, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել և, ըստ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի, 138-րդ հոդվածի տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,-  հանձնաժողովին նիստին ասաց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այժմ գտնվում են իրավակարգավորման այլ տիրույթում և պետք է շարժվել ըստ այդ տիրույթի,  այն է՝ իշխող խմբակցությունը իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել: Քոչարյանը հավելեց, որ իրենք այս պահին թեկնածուն չեն առաջադրելու:   «Դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել և ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշի և կներկայացնի հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է իրավական լուծումներ,  այն է՝ իշխող խմբակցությունը ինքն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,- եզրափակեց Քոչարյանը:
11:47 - 14 դեկտեմբերի, 2021
Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ընդգծելով, սենատոր Բրունո Ռըտայոն խոսել է մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային: «Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան: Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժողովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը»,- հարցազրույցում ասել է Բրունո Ռըտայոն: Վալերի Բուայեն էլ ընդգծել է, որ այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահրողներից է: «Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից»,- ասել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը: Մեկտեղ, նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում. «Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին՝ Սենատի կողմից, և դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդունումն է: Երկրորդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում»: Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը: «Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ»,- շեշտում է Բուայեն: Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը. «Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է»: ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2021թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է  Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում: Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:
17:10 - 13 դեկտեմբերի, 2021
Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու ընդդիմության նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն աննպատակ է ու անհեռանկարային է: Իշխող խմբակցության պատգամավորները թեմային անդրադարձել են ԱԺ ճեպազրույցի ընթացքում: «Ընդդիմությունը, որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի նախագիծը: «Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով, և այս նախագիծն օրակարգ բերելն էլ հենց այդ շոուների շարքից է»,-ասաց պատգամավորը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ասաց. «Մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային և ամենահրատապ խնդիրներից մեկը»: Հարցին, թե արդյոք քվեարկելո՞ւ են Սիմոնյանի հրաժարականի օգտին, եթե նախագիծը գա լիագումար նիստի օրակարգ՝ Թովմասյանը դրական պատասխան տվեց:
13:21 - 13 դեկտեմբերի, 2021
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հայաստան թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ հարցին: Մինասյանն ԱԺ ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ այս նախաձեռնության հեղինակը եղել է նախկին՝ իրենց կառավարությունը: Նա կարևորեց արգելքը այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա, զուգահեռ տեղական արտադրողներին աջակցությունը, որ կարողանան համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել: Մինասյանը գործող կառավարության իրականացրածը համարեց մասնակի, թերի: «Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որ այն հիմնարար նպատակին հասնենք: Ուստի, եթե ամբողջական դառնա փաթեթը, այն օգտակար կարող է լինել»,- ասաց պատգամավորը: Սակայն Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում, որ կառավարությունը դա լիարժեքորեն կանի:
12:09 - 13 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը․Ալեն Սիմոնյան

Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը․Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»,- ասված է գրառման մեջ:  
20:43 - 10 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: 76 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
11:50 - 10 դեկտեմբերի, 2021
ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվում: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ: Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: «Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,-նշել էր փոխնախարարը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չէին կատարվել: Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը համարել էր խնդրահարույց:
11:45 - 10 դեկտեմբերի, 2021
Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը: Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը: 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել և շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:
11:30 - 10 դեկտեմբերի, 2021
Պատասխանատվություն՝ ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

Պատասխանատվություն՝ ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար: Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 25 դեմ ձայներով: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք, կամ համացանցային կայքի, կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին: Փոփոխություններով ԶԼՄ-ների համար սահմանվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները պետական գերատեսչություններում կարող են մերժվել:
11:24 - 10 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց պատվաստման կամ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ ազատելու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց պատվաստման կամ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ ազատելու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 60 «կողմ», 26 «դեմ» ձայներ: Այսպիսով, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
11:20 - 10 դեկտեմբերի, 2021