Հայաստան

Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը |civilnet.am|

Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։ Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ավելի ճիշտ՝ որպեսզի մի ելք գտնենք, պետք է նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ մենք պետք է հաշտվենք դրա հետ, ընդունենք դա։ Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները։ Սա իմ ներդրումն է այս քննարկման մեջ։ 1․ Հայաստանը, Արցախը և Հայկական աշխարհը պատմական չափերի կորուստ են ունեցել։ -Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։ - Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր տոհմական օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։ - Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։ - Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալը։ - Մեր վարչապետը չի հասել երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․ ա․ Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը, բ․ Որևէ որոշման ընդունումը՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կողմից հավանություն ստանալու պայմանը, գ․ Հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում Ղարաբաղի անկախությունն ապահովելու։ - Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մինչ այս եղած ձեռքբերումներից շատերը։ Գուցե նույնիսկ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմա ունեցող ժողովուրդ ենք, որը լիովին պատրաստ չէ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, և ինչու: - Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր։ 2020 թ. նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնագիրը և նախագահ Պուտինի՝ հաջորդիվ արած հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ հենց Հայաստանն է խոսում Արցախի անունից։ Պարզ չէ անգամ, թե Հայաստանն ի՛նչ ձայն կունենա իրադարձությունների ապագա ընթացքի որոշման մեջ։ Ինչևէ, բոլոր շահագրգիռ կողմերի աչքում Հայաստանը սահմանվում է որպես կողմ, որը պատասխանատվություն է կրել և կրելու Արցախում ցանկացած բանի և ամեն ինչի համար։ 2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և ականատես ենք շփոթության մեր շուրջը:  Մի կողմից, մեզ համակել է թերահավատությունը, դավաճանված լինելու զգացումը, և վստահ չենք՝ կարո՞ղ ենք հավաքել թվացյալ կոտրված աշխարհի բեկորները: Մյուս կողմից՝ մենք իրար ռմբահարում ենք փոխադարձ մեղադրանքներով, ճառերով ու հայտարարություններով, որոնց նպատակն է մեր արած սխալների մեջ գտնել ուրիշ մեղավորի՝ մեր գործողությունների ու խոսքերի արդարացումներով ու հիմնավորումներով, արդարացումներ, թե ինչու պատերազմն անխուսափելի էր, և ինչու պարտությունը պարտություն չէ, ու վրեժի կոչերով։ Արկածախնդիրները, օպորտունիստներն ու գերհայրենասերները համընդհանուր ցուցադրության են նետում իրենց ունեցած ամեն ինչ՝ պատերազմի ժամանակ արված ամենափոքր սխալից մինչև դավադրության ամենաանհավանական տեսություններ; անխոհեմ որոշումների, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլյոտինի արժանի դավաճանություն։ Վերջապես, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք այժմ էական են։ Մենք այլևս չենք վստահում մեր ունակություններին՝ իմանալու, թե արդյոք ճիշտ հարցադրումներ ենք անում, էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունենք ճիշտ պատասխաններ՝ ինչպես գնահատել այն ուղին, որը մեզ հասցրել է այստեղ, և ինչ անել ապագայում։ 3. Մենք դեռ շարունակում ենք հարցնել, թե ինչու ենք հայտնվել այստեղ։ Ինչպե՞ս կարողացանք պարտություն կորզել հաղթանակի երախից։ Ի՞նչը սխալ գնաց։ Մինչ օրս «ինչը սխալ գնաց» հարցին պատասխանելու փորձերի մեծ մասը կենտրոնացած է եղել պատերազմի ժամանակ սխալների և սխալ հաշվարկների, դիվանագիտության անհաջողությունների վրա։ Շատերը նաև մեղադրում են անձամբ վարչապետին։ Նման պատասխանները մեզ բերել են այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝ ա) պահանջել վարչապետի հրաժարականը, բ) մերժել հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կամ փորձել փոխել այն, գ) էլ ավելի պնդել Արցախի անկախության միջազգային ճանաչումը, դ) շտկել պատերազմի վարման հետ կապված սխալները, որպեսզի պատրաստվենք մարտական գործողությունների նոր փուլի և այս անգամ այլ ելք ակնկալենք, որպեսզի վերականգնենք նախկին ստատուս քվոն։ Հավանաբար, շատ բաներ կան, որոնք կարելի էր այլ կերպ անել պատերազմի նախապատրաստման և վարման ժամանակ, բայց կասկածելի է, որ արդյունքն էապես այլ կլիներ: Փորձագետները, հանձնաժողովները և պատմաբանները դեռ երկար կվերլուծեն այդ անհաջողությունները և, հավանաբար, միասնական կարծիքի չեն հանգի, թե ինչն է սխալ եղել: Այդ պատասխաններից ոչ մեկը առանձին-առանձին կամ միասին վերցրած բավարար պատասխան չի տա մեր ունեցած հիմնարար խնդրին։ 4. Մենք պարտվեցինք, որովհետև ավելի քան երկու տասնամյակ մեր առաջնորդները իրականության երեսին նայելու փոխարեն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումների վրա։ Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք ուժերի հավասարակշռության փոփոխություն տեսնել, ընդունել, որ ժամանակը մեր օգտին չէ։ Մենք լավ ինքնազգացողությունը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ։ Կոնկրետ վարչապետ Փաշինյանի դեպքում մենք պետք է հաշվի առնենք երկու գործոն. ա) Նրա ազնիվ, բայց միանգամայն անտեղի և վտանգավոր հավատն առ այն, որ Հայաստանի ժողովրդավար լինելը միջազգային աջակցություն կապահովի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկրի դիրքորոշմանը; որ «Արևմուտքն» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության, քան իր շահերի մասին; որ նախագահ Ալիևին շրջանցելն ու ադրբեջանցի ժողովրդին դիմելը հարուցելու է ադրբեջանական այլ դիրքորոշում՝ ավելի մոտ է հայկական առավելապաշտական դիրքորոշմանը։ բ) Որպես պետական այր գործելու նրա ցանկության բացակայությունը և կանոնակարգված ու խաղաղ ճանապարհով գրավյալ շրջանների վերադարձի շուրջ բանակցություններ վարելը՝ իր հողում և հանուն խաղաղության մեր ժողովրդի համար անվտանգության համարժեք երաշխիքների դիմաց: Արևմուտքը, Արևելքը, Հարավն ու Հյուսիսն արդեն ավելի քան քսան տարի մեզ ասում են, որ՝ ա) իրենք չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, և բ) Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղին հարող յոթ շրջանները համարում են գրավյալ տարածքներ, և որ ինչպիսին էլ որ լինեն մեր կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության պատճառները, մենք պետք է դրանք վերադարձնենք։ Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում մեզ ասել է, որ իրենք պատերազմի են գնալու այդ շրջանների համար։ Այսքան երկար ժամանակ անտեսելով այդ ամենը՝ մենք, այնուամենայնիվ, դիմեցինք Արևմուտքին՝ խնդրելով օգնել մեզ յոթ շրջանները պահպանել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երբ սկսեցինք պարտվել պատերազմում։ 5. Մեր գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես ենք մտածում. («Մենք» ասելով այս դեպքում նկատի ունեմ մեր քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մեծամասնությանը)։ Մեր խնդիրն այն է, թե ինչպես էինք մենք նայում ղարաբաղյան հակամարտությանը և ինչպես ենք ձևակերպել դրա լուծման հետ կապված հարցերը։ Մենք սկսել ենք այն եզրահանգումից, որը համապատասխանում էր մեր երազանքներին, իսկ հետո տվել ենք միայն այն հարցերը, որոնք հաստատել են մեր եզրակացությունները և չեն վիճարկել մեր ենթադրություններն ու տրամաբանությունը։ Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որը հենվում է երազանքների, այլ ոչ թե ամուր փաստերի վրա; այն, թե ինչպես ենք մենք մշակում ռազմավարություն, այն, թե ինչպես ենք մենք հեշտությամբ մի կողմ նետում արտաքին աշխարհի և մեր հակառակորդների ասածները, եթե դրանք խախտում են մեր նախապաշարումներից և կանխակալ համոզմունքներից որևէ մեկը։ Մենք մտածում էինք, որ մեր երազանքները այնքան ազնիվ են, որ եթե դրանք պարզապես ներառենք քաղաքական ծրագրում և պատմենք աշխարհին, ապա դա կարող էր փոխարինել ռազմավարական մտածողությունը Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին, այն բանին, ինչը ստիպում է մեզ լավ զգալ, այլ ոչ թե հաշվի առնում պարզ փաստերը, որոնք միասին կազմում են իրականությունը: Մեր խնդիրն այն է, թե ինչպես ենք թույլ տալիս, որ մեր խնդիրների ամենաբարձր, վեհանձն ու կատարյալ լուծումներն ու մեր պատրանքները ստվերեն դատողությունները: Մեր խնդիրն այն է, որ մենք գերագնահատում ենք մեր կարողություններն այնպես, որ անգամ չենք վիճարկում մեր ռազմավարության ու երազների միջև փոխզիջումը։ Մենք կարծում էինք, որ «ոչ մի թիզ չզիջելու» մեր ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր գործն արդար էր։ Եվ մենք հավատում էինք, որ կկարողանանք կոտրել թշնամու և միջազգային հանրության կամքը և նրանց դրդել մտածել ու զգալ այնպես, ինչպես մենք։ Մենք մտածում էինք, որ մեր երազանքները այնքան ազնիվ են, որ եթե դրանք պարզապես ներառենք քաղաքական ծրագրում և պատմենք աշխարհին, ապա դա կարող էր փոխարինել ռազմավարական մտածողությանը։ Մենք չէինք ուզում խախտել հայրենասեր զգալու մեր հարմարավետությունը։ Քանի որ հակառակորդը չէր ցանկանում մեզ տալ այն, ինչ մենք երազում էինք, մենք որոշեցինք, որ հակառակորդը ճկուն չէ, չի ցանկանում բանակցել։ Եվ այդ պատճառով ասում էինք, որ պատերազմն անխուսափելի է, որ դա կենսունակ տարբերակ է, և որ դա մեր մեղքը չէ։ Ի վերջո, այս տրամաբանությունը հանգեցրեց իր անխուսափելի եզրահանգմանը՝ որ պատերազմը ցանկալի է, որ մենք պայքարելու ենք և, իհարկե, հաղթելու ենք, և պարտադրելու ենք թշնամուն ընդունել մեր տրամաբանությունը, մեր պայմանները, մեր որոշումը։ Եվ ուժերի հավասարակշռության ցանկացած իրատեսական գնահատական թող կորչի գրողի ծոցը։ Ավելի լավ էր գնալ պատերազմի, քան խաղաղության ռիսկին։ Մենք ասում էինք, թե խաղաղության գնալու փորձը պարտվողի ճանապարհն է, որ կարիք չկա բանակցությունների մեր ունեցած ամեն պաշար ներդնել, կարիք չկա զոհաբերել մեր անաղարտ երազանքները։ Մենք նույնիսկ ունեինք անհրաժեշտ արդարացումներ՝ համակերպվելու մեր երիտասարդների կյանքի անխուսափելի կորստին: Ի վերջո, մի՞թե մեր պատմությունը լի չէ հերոսներով ու նահատակներով։ Հատկապես՝ նահատակներով։ Մի՞թե օրհնված չենք Վարդանանց ճակատամարտի հիշողությամբ, երբ հազարավոր մարտիկներ նահատակվեցին։ Մի՞թե մեր պատմությունն ու մեր եկեղեցին մեզ չէին ասում, որ երիտասարդների զոհվելն ընդունելի է, նույնիսկ, եթե հազար անձնազոհությունը հաղթանակի չի հանգեցնում։ Խաղաղությանը լավագույն դեպքում վերաբերվում էին որպես ընտրություն, որը չպետք է ավելի շատ արժևորել, քան պատերազմը, այն կարելի էր ընդունել կամ մերժել։ Եվ մեր հռետորաբանությունը համապատասխանում էր այդ գոռոզությանը և, պետք է ասեմ, վտանգավոր անխոհեմ դատողությանը։ Երկու լուծումն էլ՝ թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի ճանապարհով, ռիսկային էին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր վտանգները։ Բայց վատագույն դեպքում՝ձախողված խաղաղության ելքի դեպքում, մենք կհայտնվեինք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ վիճակում։ Պատերազմի պայմաններում նոյեմբերի 10-ի զինադադարը լավագույնն էր, ինչի հույսը կարող էինք ունենալ։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։ 
22:05 - 25 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին ժամը՝ 13։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին ժամը՝ 13։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից, ինչպես նաև www.armeniafly.com կայքից։Հեռախոս՝ 8/863/266-56-038/863/266-54-588/863/223-99-398/863/266-57-398/863/300-77-518/863/206-16-70Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։ 2020 թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը»,- գրված է հայտարարությունում։
21:28 - 24 նոյեմբերի, 2020
Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Սերգեյ Լավրով
 |1lurer.am|

Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգորածնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցնում է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների հանդեպ: «Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն: Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: Խոսելով բնակչության մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովն ընդգծել է միջազգային կազմակերպությունների հետ ամենօրյա աշխատանքի մասին, առաջին հերթին ՄԱԿ-ի համակարգում, որոնց մասնակցության կարիքն այնքան շատ ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների բնակիչները: ՌԴ արտգործնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք իր աշխատանքը չի դադարեցրել Հայաստանում, Ադրբեջանում, Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում: Լավրովի հավաստմամբ՝ նրա ներկայությունը գրեթե միշտ է եղել: «ՌԴ նախագահը հավանության է արժանացրել առաջարկը, որպեսզի հերթական հանգանակությունն արվի ԿԽՄԿ-ին: 2 մլն եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղում այս կառույցի աշխատանքների իրականացմանն աջակցելուն»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:
19:32 - 24 նոյեմբերի, 2020
Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն կրկին պարզաբանել է Լավրով-Փաշինյան հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը, շեշտել, որ դա ՀՀ արարողակարգից է բխում և զարմանք հայտնել, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ: Նախորդ շաբաթ ռուսական միջգերատեսչական պատվիրակության կարևոր այց տեղի ունեցավ Երևան և Բաքու: Առաջատար լրատվամիջոցներն աչքի ընկան այս իրադարձության վերաբերյալ լուրջ վերլուծություններով: «Независимая газета»-ում նոյեմբերի 23-ին հրապարակում եղավ միայն «Շաբաթվա լուսանկարը. չգոհացնող պարզաբանում» վերտառությամբ, որում խոսվում էր բանակցությունների ժամանակ դրոշի բացակայության մասին` դա համեմատելով Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի` Վաշինգտոն կատարած այցի հետ: Խնդիրն այն է, որ շաբաթ օրը սոցցանցերում քննարկում էր ծավալվել հայկական պետական արարողակարգի շուրջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան մեկնաբանություն էր տվել` փաստեր ու լուսանկարներ ներկայացնելով: Մեր զարմանքն ու հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ գոյություն չունեցող «միկրոսկանդալին» միացավ նաև «Независимая газета»-ն: Անհասկանալի մանց, թե ինչու այս լրատվամիջոցը չհրապարակեց Լավրովի` Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 2019 թ. նոյեմբերին կայացած հանդիպումների լուսանկարները, որոնցից մեկը կցվել էր մեր մեկնաբանությանը, կամ էլ` որևէ այլ լուսանկար ՀՀ նախագահի կամ վարչապետի` այլ երկրները ներկայացնող արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումներից: Օրինակ, 28.05.2018 թ.-ին Փաշինյանի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանը Ֆրանսիայի դրոշը բացակայում է, 25.10.2018 թ.-ին Բոլթոնի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի դրոշը բացակայում է, Դենդիասի հետ 16.10.2020 թ.-ին կայացած հանդիպմանը Հունաստանի դրոշն է բացակայում (լուսանկարներն` այստեղ-խմբ.): Ստիպված ենք կրկին պարզաբանել, որ խոսքը ՀՀ արարողակարգի առանձնահատկությունների մասին է: Ըստ այդ արարողակարգի`երբ հանդիպում են ոչ հավասար պաշտոններ զբաղեցնող անձինք, տեղադրվում է միայն մեկ դրոշ: Օրինակ, ռուսական արարողակարգում նման դեպքերում դրոշ առհասարակ չի տեղադրվում: Ավելին՝ tert.am-ում
09:19 - 24 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ  |armenpress.am|

Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով որ Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ «Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության կենտրոնի կողմից ղեկավարվող կոմիտեի շրջանակներում համակարգվող սույն միջոցառումը մոբիլիզացնում է պետությանը, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաներին, «Coordination Sud»-ի շրջանակներում համախմբված մարդասիրական կազմակերպություններին, բիզնես հիմնադրամներին և հիվանդանոցներին: Այն հիմնված է երեք առանցքների վրա:   1/ Վերջին շաբաթների ընթացքում իրականացված առաջին արտակարգ գործողություններին հաջորդիվ, որոնք կայանում էին վիրաբույժներ և բժշկավիրաբուժական սարքավորումներ Հայաստան ուղարկելում, կազմակերպվում են բազմաթիվ մարդասիրական չվերթներ: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր [կիրակի] կեսօրին ժամանել է Երևան: Այն Երևան է փոխադրում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ստանձնած միջոցներ` շտապ բուժօգնության սարքավորումներ, մասնավորապես, շարժական բուժկետ, որը հնարավորություն է ընձեռում սպասարկելու 500 անձի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին: Երկրորդ ինքնաթիռն արդեն իսկ նախատեսված է նոյեմբերի 27-ին, որի բեռը կհամախմբի պետական ռեսուրսներ, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես, Ազնավուր հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:   2/ Ի շարունակություն հոկտեմբեր ամսից միմյանց հաջորդած բժշկական առաքելություններին, աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Վերջինս կդյուրացնի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Ֆրանսիայում արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի և Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները:     3/ Երրորդ առանցքը նպատակ ունի աջակցել մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղում գործող այս կառույցներին:   Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից որոշներն արդեն իսկ ակտիվորեն աջակցում են Հայաստանում իրականացվող նախագծերին, հրավիրվել են իրենց ներդրումն ունենալու այս համակարգի երեք առանցքներում: Գործարկված մարդասիրական օգնության սույն համակարգն արձագանքում է վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է նաև լիովին մոբիլիզացված սույն հակամարտության տևական լուծմանը հանգելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
21:30 - 23 նոյեմբերի, 2020
Հայաստանից դեպի Արցախ երկու էլեկտրահաղորդման գծերը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ |hetq.am|

Հայաստանից դեպի Արցախ երկու էլեկտրահաղորդման գծերը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ |hetq.am|

hetq.am: Արցախում գույքագրվում են ենթակառուցվածքներին հասցված վնասները և աշխատանքներ են տարվում դրանց գործարկումը վերականգնելու համար։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության (ԱՀ) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում մայրաքաղաք Սեփանակերտում էլեկտրամատակարարումը հաճախ անջատվում է, բայց ոչ այն պատճառով, որ էլեկտրամատակարարում չկա, այլ ենթակայանների մեծ մասի վնասման պատճառով ավելանում է ծանրաբեռնվածությունը, և համակարգերն անջատվում են։ Արցախում կան գյուղեր, որտեղ պատերազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել են էլեկտրամատակարարման ցանցերն ու ենթակայանները։ Գյուղերին հատկացվել են գեներատրորներ (դվիժոկ), մինչ համակարգերը կվերակառուցվեն։ «Էլեկտրամատակարարման ապահովման հիմնական խնդիրն այն է, որ կա և՛ ցանցի, և՛ ենթակայանների վնաս, և՛ թե հէկ-երի մի մասն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Այս պահին կոնկրետ գործում է Սարսանգ հէկ-ը։ Բայց ամեն հէկ իր ցանցն ուներ, և խնդիր է առաջանում, քանի որ իր հզորությունն էլ պետք է հերիքի, որ կարողանա էլեկտրաէներգիա տրամադրել։ Կամ նոր ցանց պետք է գծենք տարբեր տեղերից, որ կարողանանք հոսանք հասցնել։ Ցանցերի հարցը կփորձենք շուտով լուծել, բայց ենթակայանները պետք է նորոգվեն»,- նշեց Լևոն Գաբրիելյանը։ Մինչև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը՝ Հայաստանից էլեկտրաէներգիա էր մատակարարվում դեպի Արցախ։ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կա` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Լևոն Գաբրիելյանի հաղորդմամբ՝ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի դրանք միջանցքային ճանապարհով շարունակվեն գործել, քանի որ եթե հեկ-երը թուլանան, այդ գծերը չշահագործվեն, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կառաջանան։ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատարը, անդրադառնալով Արցախում գազամատակարարման ապահովմանը, նշեց, որ կան վնասված խողովակներ, սակայն գազամատակարարման ենթակառուցվածքներն այնքան վնասված չեն, որքան էլեկտրաէներգիայի ցանցերը։ 
19:56 - 23 նոյեմբերի, 2020
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին: Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
12:11 - 23 նոյեմբերի, 2020
Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում զոհվածների

Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում զոհվածների

Նոյեմբերի 22-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում անմահացած բոլոր հերոսների և նահատակների: Այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։  Հիշատակի արարողությունից հետո՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը: Արարողության ընթացքում ներկաներին ուղերձով դիմեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Իր ելույթում դեսպան Մինասյանը նշեց, որ նոյեմբերի 22-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում են հիշատակի արարողություններ՝ հարգելու Արցախում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռումինահայ համայնքային կառույցներին ու համայնքի ներկայացուցիչներին՝ մասնավորապես «Վարդավառ» պարախմբին, պատերազմական գործողությունների ժամանակ Հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիայի այն քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին: Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ թեև այս պահին հաստատվել է զինադարար, սակայն հզոր Հայրենիք ունենալու համար պայքարը շարունակվում է, ինչն առավել քան երբևէ պահանջում է ազգային միասնություն ու համահայկական ներուժի համախմբում:
23:18 - 22 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը. ԱԳՆ |tert.am|

Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը. ԱԳՆ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կյանքի կոչել ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված համակարգված ջանքերը: Օգնության համակարգի շրջանակներում, որը ղեկավարելու են հատուկ հանձնաժողովն ու ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, հումանիտար ասոցիացիաները, որոնք ընդգրկված են Coordination Sud կազմակերպության կազմում»,- ասվում է ֆրանսիական գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը: «Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը: Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին: Այն տեղ կհասցնի սոցիալական նշանակության ապրանք, այդ թվում՝ Ազնավուրի հիմնադրամի և Հայերին աջակցության հիմնադրամի կողմից: Աջակցության երկրորդ ոլորտը կլինի երկու երկրի միջև հիվանդանոցային համագործակցության ուժեղացումը, ինչը կֆինանսավորվի ֆրանսիական ԱԳՆ-ի կողմից: «Զվարթնոց» օդանավակայանն էլ տեղեկացրել է, որ արեն Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։
21:25 - 22 նոյեմբերի, 2020
Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում |armenpress.am|

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում |armenpress.am|

armenpress.am: Սպառողների իրավունքների պաշտպանության  և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության  (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում: Պոպովան նման տեսակետ հայտնեց Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: «Կցանկանայի նշել, որ այսօր անխոս Հայաստանում լավ հաջողություններ կան՝ մեծ աճից հետո: Մենք այսօր տեսնում ենք և կայունացում, և նվազում: Չնայած բոլոր դժվարություններին, որ կա Հայաստանում, դուք՝ սիրելի գործընկերներ, կարող եք հասնել լավ արդյունքների: Դրանք ձեզ մոտ ակնհայտ են այսօր»,-ասաց Պոպովան: Նա շեշտեց սպառնալիքի տակ աշխատող բժիշկների, գիտնականների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ընդգծեց, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլ նաև այն բոլոր գործընկերների, որոնք հնարավորություն են ունեցել շփվել և աշխատել Հայաստանում բժիշկների հետ: Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի թեմայով նախատեսված է մեծ կոնֆերանս, հույս հայտնեց, որ կմասնակցեն նաև հայ գործընկերները:
17:28 - 21 նոյեմբերի, 2020
Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանից մեկնելիս օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում է մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Պատվիրակության կազմում են ՌԴ երկու փոխվարչապետները՝ Նովակն ու Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը, ֆինանսների նախարարության ղեկավարության ներկայացուցիչը:  Զուգահեռաբար՝ այս պատվիրակության հետ հանդիպումներ են եղել ՀՀ ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այստեղ ներկայացված բոլոր գերատեսչությունների հետ մենք համապարփակ բանակցություններ ենք ունեցել: Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:   Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել: Հանդիպել ենք նաև ՀՀ նախագահի հետ: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը:   Խոսել ենք երկկողմ ընթացիկ գործերի մասին՝ այդ թվում նաև (երբ ավարտվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները) առևտրատնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստի անցկացման, Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջտարածաշրջանային ֆորումի, նաև խորհրդարանի ու առանձին գերատեսչությունների գծով ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
15:53 - 21 նոյեմբերի, 2020
Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Սպառողների իրավունքների պաշտպանության և  մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:    Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դժվար է թվարկել ռուս գործընկերների կողմից ցուցաբերվող օգնության բազմաթիվ անգնահատելի գործողությունները, որոնք երկար տարիներ ուղղված են եղել Հայաստանում առողջապահության զարգացմանը: «Հատկապես արժեքավոր է այդ օգնությունը այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է դժվարին իրավիճակում. պայքարը միաժամանակ գնում է երկու ուղղությամբ՝ համաճարակի և ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների»,-ասաց նախարարը: Թորոսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերել և ցուցաբերում է օգնություն՝ ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման գծով: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերից հենց Ռուսաստանն անգնահատելի օգնություն է ցուցաբերում Հայաստանի առողջապահության համակարգին: «Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք հերթական կարևոր օգնությունը մեր ռուս գործընկերներից: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատորիա, որը մեզ շատ կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին: Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ևս շեշտեց, որ հայ գործընկերների հետ հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: «Մենք ունենք մեկ համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ թվով վարակիչ հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարում մենք իրագործում ենք համատեղ ռուս-հայկական 6 տարբեր ծրագրեր»,-ասաց նա: Այս նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին: «Այն լրացուցիչ հնարավորություն կտա՝ ախտորոշման, կանխարգելման համար՝ ոչ հասարակ հիվանդության համար, որին մենք բոլորս բախվել ենք»,-նշեց Պոպովան:
15:32 - 21 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
15:25 - 21 նոյեմբերի, 2020