ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

Պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: «Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»,- հայտնել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
19:48 - 12 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:
12:44 - 12 ապրիլի, 2021
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Ըստ օմբուդսմենի գրասենյակի՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից: Բացի դրանից՝ չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։ Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի  2020 թվականի հաղորդման մեջ: Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝ 1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով, 2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն:
11:32 - 12 ապրիլի, 2021
Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները: Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում: Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու, բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ: Արման Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես, միջազգային լավագույն պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների  հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն: Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։
15:16 - 10 ապրիլի, 2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:    Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:    Հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:   «Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:   Բացարձակ դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Նրանք դրանով կրկնակի տառապանքներ են պատճառում անհայտ կորած անձանց ընտանիքներին, քանի որ նրանց համար առավել ևս անորոշ է դառնում վիճակը և սա էլ այն ֆոնին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոչընդոտում են մարմինների որոնողական և հայտնաբերման աշխատանքները:   Այս հարցերի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քաղաքականության համատեքստում:   Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին աջակցելու հարց:    Այս ամենի հետ միասին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ՀՀ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել համակարգված, ինչպես նաև ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու համար որևէ լարվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:08 - 09 ապրիլի, 2021
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները  խախտում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները խախտում են մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը  խախտում են մարդու իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես ՄԻՊ աշխատակազմի ստացած բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020 թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում և Ռազմական դրության ընթացքում: Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի որակի փաստացի փոփոխությունները, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով, փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականումխնդրահարույց է, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը, շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում: Այս խնդիրների կապակցությամբ Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին: Արդյունքում,  հաշմանդամության փաստացի կարգավիճակը ոչ միշտ է  համապատասխանում անձի իրական կարիքներին և կարողություններին: Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ է գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով: Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝ վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը, փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով, իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ հիմքերի հաստատումը։
11:03 - 09 ապրիլի, 2021
ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»։ Հիշեցնենք, որ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից և որով կարող էր կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։  Նախագխի վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել էր․ «Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն»:   
18:10 - 08 ապրիլի, 2021
Դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացումն անընդունելի է․ ՄԻՊ

Դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացումն անընդունելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Այն կարող է բացասական ազդեցություն ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել   մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:  Խոսքը վերաբերում է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը։ Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Բացի այդ, պետական տուրքի գործող դրույքաչափերը մի քանի անգամ  բարձրացնելու հիմնավորումներն առնվազն տարակուսանք են առաջացնում այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերից ստացվող միջոցների հաշվին։ Մինչդեռ, յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակի համար գումար է հատկացվում ՀՀ դատական դեպարտամենտին: Այսինքն, արդարադատության իրականացման այդ գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը՝ հատկապես նկատի ունենալով, որ այդպիսով սահմանափակվելու է դատարանի մատչելիության իրավունքը: Որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացելու հիմնավորում՝ Նախագծում,  ի թիվս այլնի, նշվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշը, որը 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար: Նախագծի հիմնավորումներում նշվում է, թե նախորդ երկու տարիներին արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Մինչդեռ, 2018 թվականին ընդունված և ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդարադատության իրականացման ծախսերն էապես նվազեցնող կառուցակարգեր են ներդրվել: Օրինակ, դատական ծանուցագրերը, հերթական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են ոչ թե թղթային եղանակով, այլ էլեկտրոնային փոստի միջոցով և այլն։ Ուստի ակնհայտ է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում զգալիորեն հեշտացվել է դատական ծանուցման կարգը, ինչը միաժամանակ ենթադրում է դատական ծանուցագրերի համար նախատեսված ծախսերի նվազում: Մեկ այլ փոփոխությամբ վերացվում են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ, ինչի արդյունքում ստացվում է, որ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով և այլն: Խնդրահարույց է, որ նշված արտոնությունները (բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքների դեպքի) վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորում և անդրադարձ չկա Նախագծի հիմնավորումներում: Այս պրակտիկայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ նախագծային ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է ունենա պատշաճ հիմնավորում, երբ խոսքն առավել ևս վերաբերում է անձի իրավունքներին միջամտություն ենթադրող, վիճակն այլ կերպ վատթարացնող կարգավորումներին: Ուստի պետք է բացառել այն իրավիճակները, երբ օրենսդրական գործող կարգավորումներում որևէ նորմ փոփոխվում, լրացվում կամ առավել ևս վերացվում է՝ առանց դրա որևէ հիմնավորման կամ անհրաժեշտության փաստարկման: Պաշտպանի գնահատմամբ՝  Նախագծի այն լուծումները, որոնց ուժով ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք զրկվելու են պետական տուրքի գծով առկա արտոնություններից: Պաշտպանն առաջարկել է Նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները:
11:03 - 08 ապրիլի, 2021
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. Պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. Պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները

Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ: Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ: Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները: Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս: Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները: Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ: Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից:  Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից:
10:13 - 08 ապրիլի, 2021
Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան հայտարարություն է տարածել այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։
21:55 - 06 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին: Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով: Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
22:22 - 05 ապրիլի, 2021
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ. ՀՀ ՄԻՊ

 Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով:  Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները: Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են  դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ: Մեզ համար  խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տալ թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,-նշել է ՄԻՊ-ը:
15:51 - 03 ապրիլի, 2021
Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արդար դատաքննության վերաբերյալ 77 էջանի մի զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը։ Փաստաթղթում ասված էր, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ։ Ըստ Օմբուդսմենի Զեկույցի՝ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ, այսպես կոչված, Վճռաբեկի «զոնալ դատավորների» ինստիտուտ: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով:  Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:  Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում: Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները: Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։  Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին՝ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա 4 կոռուպցիոն մեխանիզմներ, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Զեկույցում առկա տվյալների համաձայն՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: («Զոնալ դատավորների», կոռուպցիոն մեխանիզմների եւ մնացյալի մասին առավել մանրամասն՝ Զեկույցում)։ 2013 թվականին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը (այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ), այս Զեկույցին արձագանքեց Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական նամակով՝ նշելով՝ «․․․անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»: Դատախազի պնդմամբ՝ առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:  Այս տարիների ընթացքում Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, չնայած Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի համոզմամբ՝ դրանում առկա են եղել առանձին տվյալներ, մասնավորապես «զոնալ դատավորների» վերաբերյալ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար։  Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քրեական ոստիկանությունն այն կարծիքին են, որ Զեկույցում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, թեեւ հենց Դատախազությունն է արձանագրել, որ Զեկույցը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ։  Infocom-ը գրեթե մեկ տարի է՝ պաշտոնական գրագրության մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ ծավալուն այդ փաստաթուղթն ինչ մակարդակով է ուսումնասիրվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, եւ իսկապե՞ս այն չի պարունակում հանցագործության մասին հաղորդում, որպեսզի արժանանա իրավական գնահատականի։ Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն, եւ մայիսի 19-ին ստացանք պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։  Հունիսին հանդես եկանք հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում արեցինք Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում արեցինք՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանեցին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնք են՝  1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ուղարկեցինք լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ։ Օրեր անց Դատախազությունից պատասխանեցին, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները ՄԻՊ նախկին պաշտպանի գնահատականներն են դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ ՔԴՕ նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, Դատախազությունը հայտնեց՝ նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, ուստի հիշյալ հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Դատախազության հանձնարարականի վերաբերյալ փետրվարի 19-ին դիմեցինք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածով եւ նախաքննական ո՞ր մարմին է այն ուղարկվել, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանությունը հարցման պատասխանի համար պահանջեց 30 օր եւ մարտի 24-ին ի վերջո պատասխանեց, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք՝ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.11.2017թ․ 1495-Ն որոշման հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։ Իսկ որոշման նշյալ կետում ասված է․  «Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձեւով, ընդունում է որոշում 1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետեւանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը»։  Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ հացագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշները հիշյալ հրապարակումներում եւ դրանցում հիշատակված Զեկույցում բացակայում են։ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանն, ինչպես նշեցինք վերեւում, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, հրապարակված Զեկույցում կան տվյալներ, որոնք կարող են լինել քրգործի հիմք․ «Հաշվի առնելով, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է համապատասխան հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, զեկույցում ներառված տվյալներից բացի այլ տեղեկություններ ներկայացվել չէին կարող: Սակայն Զեկույցում առկա են եղել առանձին տվյալներ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով՝ Զեկույցը հրապարակված է եղել զանգվածային լրատվամիջոցներում: Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները պետք է դիտարկել առավել համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Պետրոսյանի խոսքով՝ Զեկույցում բարձրացվել էր, օրինակ, ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու համատեքստում երկակի ստանդարտների կիրառման խնդիրը, ներկայացվել էին բազմաթիվ փաստեր, որոնք ակնառու էին դարձնում այս հետեւությունը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթի հարուցման մերժումը չպատճառաբանելու պրակտիկան, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վարույթ ընդունման հարցում հայեցողության կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման խնդիրներ եւ այլն․ «Զեկույցը ենթադրել է նաեւ համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն՝ բարձրացված բոլոր խնդիրներին լուծում տալու նպատակով եւ ենթադրել է համապատասխան գործընթացում ներգրավված պետական մարմինների լայն շրջանակ»,- ասաց Գենյա Պետրոսյանը: Թե ինչու իրավապահներն այս ողջ ընթացքում քայլեր չեն ձեռնարկում Զեկույցի առնչությամբ, ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել քաղաքական կամքի բացակայությամբ․ «2018թ.-ի հեղափոխությունից ի վեր, թեեւ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, սակայն հաճախ դրանք կրում են հատվածային բնույթ եւ ակնհայտորեն բավարար չեն դատական համակարգի առաջ ծառացած համակարգային խնդիրները լուծելու համար»,- ասաց ՄԻՊ նախկին տեղակալն ու հավելեց՝ դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք բարձրացված են եղել Զեկույցում, մինչ օրս մնում են նույնչափ արդիական եւ ենթադրում են հստակ լուծումներ: Այսպիսով, հարկ է նշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում հարուցում են քրեական գործ, կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստում, ուստի թե այս պարագայում քրգործի հարուցումն ինչու է մերժվում, այն էլ այն դեպքում, որ Զեկույցում հստակ նշված են ենթադրյալ հանցագործության օրինակներ, անհասկանալի է։ ՄԻՊ Զեկույցի առնչությամբ նախկին գլխավոր դատախազն ընդամենը հանդես է եկել հրապարակային նամակով՝ նախկին Օմբուդսմենին ասելով, որ անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։ Եւ սա այն պարագայում, երբ Զեկույցի նախաբանում նշված է, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Իսկ այժմ, երբ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, կառույցը մեկնաբանում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանզի բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնց թվում նաեւ լրատվամիջոցի՝ հանցագործության մասին հաղորդում պարունակող հրապարակումն է։ Եւ երբ մենք լրատվամիջոցների հրապարակումներ ենք ուղարկում Դատախազություն, կառույցը դրանք ուղարկում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Ոստիկանությունը, միեւնույն է, քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում։ Փաստորեն, իրավապահ կառույցները ՀՀ կարեւորագույն ինստիտուներից մեկի՝ ՄԻՊ-ի՝ ծանրակշիռ հայտարարություններ պարունակող Զեկույցն ուղղակիորեն թողնում են անհետեւանք, իսկ ահա այլ դեպքերով իրավական գործընթաց են սկսում։ Թե ինչ չափանիշներով են առաջնորդվում՝ հստակ չէ։ Ընդ որում՝ ՔԴՕ 176-րդ հոդվածը, որին հարցման պատասխաններից մեկում հղվել էր Դատախազությունը, եւս երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս․ պարզ չէ՝ իրավապահ համակարգը մամուլի ինչպիսի հրապարակումն է հանցագործության մասին հաղորդում դիտարկում։ Բացի դրանից՝ եթե Դատախազությունը մեր բազմաթիվ հարցումներից հետո համարում է, որ լրատվամիջոցների երկու հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, եւ դրանք ուղարկում է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները, ապա անհասկանալի է, թե մինչ այդ հիշյալ նյութերն ինչու չեն հայտնվել այս գերատեսչության դիտակետում ու միայն երկու տարի անց են ուղարկվում օպերատիվ ճանապարհով ստուգման։ Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դատական համակարգում ապօրինությունների թեման շատ զգայուն է, ուստի պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ իրենց տեղեկությունները հայտնել։  Հայարփի Բաղդասարյան
18:33 - 02 ապրիլի, 2021
Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ապրիլյան  պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ:  «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին, ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ: Նույն օրը ադրբեջանական զինվորները Թալիշ գյուղում ատելության շարժառիթով իրենց իսկ տան մեջ խոշտանգել, ականջները կտրել ու հետո սպանել էին տարեց ամուսիններ Վալերիկ Խալափյանին և Ռամզելա Վարդանյանին: Դաժանաբար սպանվել էր նաև Վալերիկ Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյա Խալափյանը, իսկ նրանց տունն ամբողջությամբ ավերվել էր: Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները գլխատել էին Քյարամ Սլոյանին, վերցրել նրա գլուխը, նկարվել և ցուցադրել սոցիալական ցանցերում՝ հպարտանալով իրենց կատարածի համար: Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը: Նկարագրված դեպքերը ադրբեջանական բազմաթիվ խոշտանգումների ու դաժանությունների թվում ընդամենը մի քանիսն են: Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն: Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, որոնց ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»:
17:43 - 02 ապրիլի, 2021
Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ քաղաքացիների, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման հիմնական գործոններից են՝ 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի: Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: 2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են: Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում: 3) ՀՀ պետական սահմանների որոշմանը գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են: 4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը: 5)Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում: 6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ»,- գրել է Պաշտպանը:
11:23 - 30 մարտի, 2021
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture – APT, ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: «Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաև շնորհիվ անկախության»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են՝  Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: «Ուստի, էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն»,- ասվում է նամակում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման: «Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի նստավայրը Շվեյցարիայի Ժնև քաղաքն է: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է և մեծ դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու իրավունքների հաստատության գործունեության գնահատելու հարցում:
21:56 - 29 մարտի, 2021