Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որին պարբերաբար մեղադրում են ժամանակից շուտ նախընտրական քարոզարշավ սկսելու մեջ («Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ 2022 թ․ մարտին է հայտարարել, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ավինյանն է քաղաքապետի իր թեկնածուն), մեկ ամսից ավելի է՝ ի թիվս այլնի, երբեմն վարում է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները։
2022 թ․ սեպտեմբերին՝ քաղաքապետի տեղակալ ընտրվելիս, նախկին փոխվարչապետ Ավինյանը նշել էր, որ ընդհանուր առմամբ համակարգելու է հինգ ոլորտ՝ թաղապետարանների վերահսկում, շինբարեկարգում, կանաչապատում, մշակույթ եւ Կառավարության հետ իրականացվող աշխատանքներ։ Միայն վերջերս՝ այս տարվա մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, նա հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետեր Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի եւ Սուրեն Գրիգորյանի հետ աշխատանքի որոշակի բաժանում են արել․ «Ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,- ասաց նա։
Աշխատանքի որոշակի բաժանումը, ըստ ամենայնի, քաղաքապետի տեղակալները պայմանավորել են արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով․ նրանից հետո Լեւոն Հովհաննիսյանը, որ քաղաքապետի առաջին տեղակալն է, օրենքի ուժով ստանձնեց նաեւ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Գործակարգավարական խորհրդակցությունները վարելը նույնպես Լեւոն Հովհաննիսյանի, այլ ոչ թե Տիգրան Ավինյանի լիազորությունն էր։
Տիգրան Ավինյանը՝ որպես քաղաքապետի տեղակալ, այդ փուլում գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ
Այսպես․ Երեւանի քաղաքապետի՝ 2017 թվականի հունիսի 13-ի 1993-Ա (նշված է «Ա»՝ անհատական իրավական ակտ, թեեւ իր բնույթով ներքին՝ լոկալ իրավական ակտ է) որոշումը սահմանում է Երեւանի քաղաքապետի կողմից գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման կարգը։ Այդ խորհրդակցությունները հրավիրվում են շաբաթական մեկ անգամ՝ Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականներն ամփոփելու եւ համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները եւ հաշվետվությունները քննարկելու նպատակով։
Որոշման 1-ին մասը սահմանում էր, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Այլ իրավակարգավորումներ չլինելու պայմաններում քաղաքապետի բացակայություն ասելով՝ պետք է հասկանալ նաեւ հրաժարականից հետո նրա լիազորությունների դադարումը, ինչից հետեւում է, որ գործակարգավարական նիստերը պետք է վարեր ոչ թե քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որն այդպիսի իրավասություն այդ փուլում չուներ, այլ քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ընդ որում, քաղաքապետի որոշմամբ սահմանված այս նորմի տրամաբանությունը լիովին համընկնում է օրենսդրի տրամաբանությանը (կամքին), քանի որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, որով կարգավորվում է ճիշտ նույն իրավիճակը Երեւանի ավագանու նիստերի համար, նույնպես սահմանված է, որ ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը մարտի 28-ին գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել էինք հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։ Ընդ որում, հարկ է նշել, որ հարցումն ուղարկելուց առաջ մենք մանրամասն ուսումնասիրել էինք Քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի որոշումներ» բաժինը եւ պարզել, որ հիշյալ որոշումը (դրա մեկ այլ դրույթ) վերջին անգամ փոփոխության էր ենթարկվել 2022 թ․ հունվարի 21-ին (որոշումների ինկորպորացիաները կայքում առկա չեն, ուստի ոչ մի փոփոխություն բաց չթողնելու համար որոշման համարը որոնման դաշտում փնտրելուց բացի փնտրել ենք նաեւ էջ առ էջ)։
Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին կապ ենք հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ, որը, սակայն, ասել է, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։
Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում տեղեկության տրամադրմանը։
Քաղաքապետարանը փոփոխել է իր որոշումը՝ համապատասխանեցնելով Տիգրան Ավինյանի պաշտոնին
Մինչ 30-օրյա ժամկետը կլրանար, մենք նկատեցինք, որ Քաղաքապետարանի կայքում տեղադրվել է քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանի N 715-Ա որոշումը՝ 2017 թ․ հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (դարձյալ նշված է «Ա», սակայն որոշումը բնույթով լոկալ իրավական ակտ է)։
Փոփոխությամբ խմբագրվել է որոշման հիշյալ դրույթը՝ շարադրվելով այսպես․ գործակարգավարական խորհրդակցությունը վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը։ Այսպիսով, փաստացի ստեղծվել են իրավական հիմքեր գործակարգավարական խորհրդակցությունները Երեւանի քաղաքապետի բոլոր տեղակալների, այդ թվում՝ Տիգրան Ավինյանի կողմից վարելու համար։
Ուշագրավ է, որ որոշումը կայացվել է 2023 թ․ մարտի 31-ին, այսինքն՝ Տիգրան Ավինյանի կողմից գործակարգավարական խորհրդակցությունն առաջին անգամ վարելուց 4 օր անց՝ մեր հարցումն ուղարկելուց հետո միայն (խոսքն այն հարցման մասին է, որը, ըստ Քաղաքապետարանի, չեն ստացել)։ Ըստ կայքում արտացոլված տվյալների՝ որոշումը հրապարակվել է ապրիլի 3-ին։
Փոփոխված որոշմամբ նշված չէ, թե այն երբ է ուժի մեջ մտնում, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե մինչեւ որ պահը Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) կարգավորում է այս հարցը՝ յուրաքանչյուր տեսակի իրավական ակտի համար որոշակի ժամկետ սահմանելով։ Այս պարագայում էլ, սակայն, խնդիր է ծագում իրավական ակտի ճիշտ տեսակի սահմանման հետ կապված։
Ինչպես արդեն նշեցինք, որոշումն անհասկանալիորեն նշվել է «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն դրա բովանդակությունից ակնհայտ է, որ այն անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունի։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Լեւոն Հովհաննիսյանի որոշման մեջ անհատապես որեւէ անձի մասին հիշատակում չկա, այն չի վերաբերում կոնկրետ անհատների, որպեսզի ժամկետը հաշվարկվի որոշման մասին նրանց իրազեկելուն հաջորդող օրվանից, ինչպես օրենքով է նախատեսված։ Որոշումը ընդհանրական ձեւով սահմանում է կանոններ Քաղաքապետարանի ներքին աշխատանքը կարգավորելու համար, հետեւաբար այն ներքին իրավական ակտ է։
Ներքին իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից։ Որոշման մեջ նշված «Երեւանի քաղաքապետ»-ը, «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ»-ը եւ «Երեւանի քաղաքապետի տեղակալներ»-ը պաշտոններ են, որոնք զբաղեցնող անձինք հենց աշխատանքային հարաբերությունների մեջ են այն ընդունող մարմնի՝ Քաղաքապետարանի հետ։ Ներքին իրավական ակտը, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից (տվյալ դեպքում հաջորդող օրը ապրիլի 4-ն է), եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (որոշման մեջ ժամկետ սահմանված չէ), կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Այսինքն՝ եթե համապատասխան անձինք ապրիլի 3-ից առաջ իրազեկվել են, եւ որոշումն ուժի մեջ է մտել դրա հաջորդ օրը, ապա Ավինյանն իրավասու չի եղել վարելու միայն մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցությունը, իսկ եթե առանձին իրազեկում չի եղել, եւ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը, ապա քաղաքապետի որոշումը խախտվել է՝ թե՛ մարտի 27-ի, թե՛ ապրիլի 3-ի խորհրդակցությունները Ավինյանի կողմից վարելով։
Հավելենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները): Քաղաքապետարանի կայքում, սակայն, քաղաքապետի որոշումների ինկորպորացիաները առկա չեն, ինչը նաեւ լրացուցիչ դժվարություն է ստեղծում որոշումների վերջին խմբագրությամբ տարբերակը գտնելու կամ նախորդ խմբագրությամբ տարբերակների հետ համեմատելու համար։
Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը
Երեկ՝ մայիսի 4-ին, մենք կապ ենք հաստատել Լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ՝ հասկանալու համար՝ պատասխան ի վերջո ուղարկվելու է թե ոչ։ Նշենք, որ գրավոր հարցմանը պատասխանելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները ենթադրում են ոչ թե աշխատանքային, այլ օրացուցային օրերը (քանի որ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային, այլ աշխատանքային օրերի, ապա դա պետք է հատուկ նշվի, իսկ այդպիսի նշում առկա չէ), մինչդեռ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որպես կանոն, հաշվարկը միայն աշխատանքային օրերով են անում՝ այդպիսով արհեստականորեն երկարաձգելով այդ ժամկետը։
Տարոն Գեւորգյանը մեզ հայտնել է, որ տեխնիկական խնդիրներ կան եւ խնդրել հնարավորության դեպքում սպասել մինչ այսօր։ Խնդրել ենք այդ դեպքում պատասխանն ուղարկել օրվա առաջին կեսի ընթացքում, սակայն մինչ այս պահը չենք ստացել։ Ստանալու դեպքում այն եւս կհրապարակենք։
ԼՐԱՑՈՒՄ
Նյութի հրապարակումից ժամեր անց Քաղաքապետարանը ուղարկեց գրություն, որում, ըստ էության, առկա չէ մեր այն հարցի պատասխանը, թե մարտի 27-ի դրությամբ ինչ իրավական հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Պատասխանում, մասնավորապես, ասված է․ «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություններ անցկացնելու պարտադիր պահանջ եւ ընթացակարգ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով կամ որեւէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ: Երեւան քաղաքում առկա խնդիրների հնարավոր լուծումների քննարկման եւ դրանց լուծման համար հանձնարարականներ տալու նպատակով Երեւանի քաղաքապետի 13.06.2017 թ․ N 1993-Ա որոշմամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր շաբաթ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվելու է աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր հրավիրված են մասնակցելու կազմակերպվող խորհդակցություններին, իսկ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանում գրեթե ամեն օր տեղի են ունենում այլ խորհդակցություններ եւս, որոնք վարում են Երեւանի քաղաքապետի մյուս տեղակալները կամ այլ պաշտոնյաններ»,–նշել են Քաղաքապետարանից՝ հավելելով, որ 13.06.2017 թ․ N1993-Ա եւ 31.03.2023 թ․ N 715-Ա որոշումներին կարելի է ծանոթանալ www.yerevan.am կայքում։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)