Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը Վճռաբեկ դատարան է բողոքարկել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Բողոքը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։
Հիշեցնենք՝ 2019 թ․ մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, իսկ հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող։
Գրեթե 3 տարվա դատաքննությունից հետո՝ 2022 թ․ հունիսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նրանց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել մեղսագրվող արարքի մեջ։ Շուրջ 5 ամսվա քննությունից հետո՝ այս տարվա մարտի 2-ին, Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կազմով Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ է թողել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։
Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հաստատված համարելու համար մեղադրանքի որոշումներով ամբաստանյալներին վերագրված գործողությունները։ Վերաքննիչ դատարանը համոզմունք է հայտնել, որ անգամ տուժողի նկատմամբ ծրագրավորված գործողությունները մինչեւ վերջ հասցնելու, մասնավորապես՝ նրա կամքին հակառակ բռնելու, տեղափոխելու եւ նույնիսկ աղբաման գցելու պարագայում մարդու առեւանգման հանցակազմը կբացակայեր, քանի որ ի սկզբանե բացակայել են առեւանգման նպատակը եւ ամբաստանյալներին վերագրված գործողությունները հատկապես այդ նպատակով (ուղղակի դիտավորությամբ) կատարվելու հանգամանքը հաստատող բավարար ապացույցները: Ըստ այդմ, Վերաքննիչը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանն արդարացման դատական ակտ կայացնելիս դատական սխալ թույլ չի տվել, հանգել է ճիշտ եզրահանգման։
Դատական տեղեկատվական համակարգում առկա չէ նաեւ տեղեկություն Վերաքննիչ դատարանի այս որոշումը Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված լինել-չլինելու վերաբերյալ։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մայիսի 11-ի մեր բանավոր հարցին ի պատասխան ասաց, որ գործով նորություն դեռ չկա, որոշելուն պես կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ որոշման հրապարակումից անցել էր ավելի քան երկուսուկես ամիս, որի ընթացքում, ենթադրվում է, այն ուղարկվել է կողմերին, անհասկանալի էր, թե ինչ ասել է՝ գործով որոշում դեռ չկա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից սկսած։ Ուստի մայիսի 15-ին մենք արդեն գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն՝ խնդրելով հստակ հայտնել՝ ստացե՞լ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը, եթե այո, ապա երբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ բողոքարկե՞լ են կամ նախատեսո՞ւմ են բողոքարկել հիշյալ որոշումը։ Եթե որոշվել է չբողոքարկել, խնդրել ենք այդ մասին եւս հայտնել։
Մեր գրավոր հարցմանը Դատախազությունը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտամբ՝ մայիսի 24-ին։ Ըստ պատասխանի՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը Դատախազությունում ստացվել է ապրիլի 4-ին։ Սա նշանակում է, որ Դատախազությունն այն կարող էր բողոքարկել մինչ մայիսի 4-ը, ուստի մայիսի 11-ի մեր բանավոր հարցի ժամանակ Դատախազությունը պարզապես չէր կարող այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չունենալ, թեեւ մեզ նման պատասխան տրվեց։
Այնուհանդերձ, գրավոր պատասխանով Դատախազությունն արդեն հաղորդել է, որ քննարկման արդյունքում որոշվել է վճռաբեկ բողոք չներկայացնել։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)