Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը
17:45 - 02 մարտի, 2023

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, քիչ առաջ վերադառնալով առանձին սենյակից, հրապարակեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի գործով որոշումը։ 

Դատարանը անփոփոխ թողեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թ․ հունիսի 20-ի արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Infocom–ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են դատավոր Արշակ Վարդանյանի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող։

Գրեթե 3 տարվա դատաքննության ընթացքում տղաները պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ 

Մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին մեղավոր ճանաչել մեղսագրվող արարքի կատարման մեջ եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով։ Տուժող կողմը միացել էր միջնորդությանը՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։

2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նրանց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանն արձանագրել էր, որ մեղադրանքը չի ապացուցվել՝ նշելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաեւ տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ թե խմբակային, բացահայտ թե թաքուն, խաբեությամբ թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առեւանգում։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել