«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից». Նիկոլ Փաշինյան |tert.am|
13:09 - 20 մայիսի, 2023

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից». Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, իսկ շատ հարցերում անգամ խաչվում են:

«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ սկզբունքային խնդիրներից առաջինն այն է, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։

Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի»,- հավելեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում:

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ընդգծեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել