«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին
12:19 - 29 մայիսի, 2023

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են»․ Սանոսյանը՝ անկլավների մասին

Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով անկլավների վերաբերյալ հարցին։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը․ «Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։

Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։

Հարցին, թե հնարավո՞ր է հանձնելու տարբերակ լինի, ոչ թե փոխանակելու, Սանոսյանն արձագանքեց․ «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել