Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|
09:33 - 02 հունիսի, 2023

Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին Քիշնևում:

Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը:

Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։

Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։

Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել