Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
16:05 - 08 հունիսի, 2023

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ 

Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ:

Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել