ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյանը:
«Ողջունելի է ձեր այցը Հայաստան՝ հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը: «Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված, և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձևերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»:
«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն։
ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը և ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Հակոբ Արշակյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը:
Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը և կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը:
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
comment.count (0)