Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին
 |news.am|
11:52 - 28 հունիսի, 2023

Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին |news.am|

news.am: Մեր հերոսները զոհվել են, որպեսզի հայկական Արցախը լինի հայկական, որտեղ հայերը կկարողանան ապրել իրենց հայրենիքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ես ուզում եմ դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել, որոնք ստեղծվել են՝ իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ազգերից, ովքեր օգտագործելով այդ իրավունքը՝ պետություն են ստեղծել։

2008 թվականին, երբ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր՝ միջազգային իրավունքը զարգացել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով, ու տարածքային ամբողջականության սկզբունքը, որի վրա հղում է կատարում Ադրբեջանը, իսկ այսօր նաև Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին՝ իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում էին իրենց տեսակետից ելնելով և որոնք այսօր կրկնում է ՔՊ-ական իշխանությունը, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ էր լսել ՄԱԿ-ին, ո՛չ էլ այսօր է լսել ՄԱԿ-ին»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, մինչ օրս պատժված չէ նույն միջազգային հանրության կողմից. «Դուք, որ այսօր խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար։ Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը, 30․000 երեխայի կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այն իրավունքը, որը դուք այդքան վեհանձն քարոզում եք, մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն», - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Նա հայտարարեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հավաքվի եւ դատապարտի ադրբեջանական ագրեսիան եւ հստակ քայլերով դա իրականացնի, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկտմամբ, նրա բեղավոր ղեկավարի նկատմամբ. «Այլապես ՄԱԿ-ի երբեւէ ընդունած բոլոր փաստաթղթերը մակուլատուրայի արժեք էլ չեն ունենա»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել