aravot.am: «Առավոտի» հարցերին պատասխանում է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
-Պարոն Օհանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Նա այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդում է գեներալների, մասնավորապես, ձեր որդու վրա՝ առանց նրա անունը տալու։ Ըստ Փաշինյանի՝ ձեր որդին հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Ես օպերացիաները չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ օպերացիաները գաղտնի են պլանավորվում։ Որքան ես հիշում եմ, 2020 թվականի պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խոշոր օպերացիա է իրականացվելու, որի հաջողությունները հասարակությունը կտեսնի։ Այսինքն՝ ինքը, լինելով շատ հեռու ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց եւ նաեւ հաշվի չառնելով գաղտնիության ռեժիմը, այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա ինքը նաեւ շարունակում է հրապարակային քննարկել այն օպերացիաները, որոնք տեղի են ունեցել զինված ուժերում եւ Արցախի Պաշտպանության բանակում, ընդ որու՝մ չտարբերելով հակահարձակումը հակահարվածից։ Ես ինչքան գիտեմ, դա Արցախի Պաշտպանության բանակի համար հակահարված է եղել, ոչ թե հակահարձակում։ Ես այսօր իրավասու չեմ օպերացիաներին ամբողջական գնահատական տալ ու վերլուծություն անել։
Եթե խոսքը վերաբերում է իմ որդուն, կարող եմ ասել հետեւյալը։ Իմ որդին ծառայում էր Պաշտպանության բանակում եւ այդ օպերացիաներից մեկի, կարծեմ հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ինքը վիրավորվել է։ Կարծում եմ, որ այն ժամանակ է վիրավորվել, երբ իրենց ստորաբաժանումները հարձակման ու առաջխաղացման ընթացքում են եղել։ Վիրավորվելուց հետո ինքը զեկուցել է իր ղեկավարությանը, եւ ղեկավարությունը որոշում է ընդունել իր փոխարեն այլ անձի նշանակել, իսկ ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Եթե փորձում են դրա մեջ ինչ-որ բան գտնել, ասել, որ հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպես մյուս հարցերում են մանիպուլացնում ու սուտ խոսում, այս հարցում էլ ինքը սուտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։ Ես իմ որդու հետ զրուցել եմ, ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ ինքը կարող էր գտնվել իր հրամանատարական կետում։ Բայց ինքը դուրս է եկել առաջնագիծ՝ մարտակարգերում համապատասխան իրավիճակ ստեղծելու համար։
-Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմի օրերին շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Արդյոք դա այդպե՞ս է։
-Իր գնահատականը ճիշտ չէ, որովհետեւ հրամանատարն ինքն է որոշում ընդունում, թե որ հատվածներում է վտանգավոր իրավիճակ։ Հրամանատարն ինքն է գնահատում իրավիճակը, որոշում ընդունում եւ որոշում տեղաշարժի հնարավոր տարբերակներն ու հնարավոր մեթոդները։
Այնտեղ, որտեղ տեղի է ունենում ռմբակոծություն, ակնհայտ է, որ հրամանատարը մի քանի որոշումներ պետք է ընդունի՝ մեքենայով շարժվել, թե՞ մեքենայով չտեղաշարժվել, որքա՞ն պետք է լինի մեքենաների հեռավորությունը, ինչպիսի՞ն պետք է լինի մարտական ապահովվածությունը, նաեւ հակաօդային պաշտպանության խնդիրները։
2020 թվականի պատերազմի հիմնական խնդիրները ռազմաքաղաքական իրավիճակի, նաեւ մարտավարական օղակներում մարտավարական իրադրության ոչ ճիշտ գնահատման հետեւանք են եղել։ Եվ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ունակություն չունի գնահատելու ռազմաքաղաքական իրավիճակը, գնահատելու հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը, նաեւ գնահատելու մեր զորքերը, թե ինչպիսին պետք է լինեն մեր զորքերի գործողությունները։ Ես կարող եմ ասել միայն հետեւյալը, որ այնտեղ, որտեղ եղել է իրավիճակի հստակ գնահատական, կարգապահություն, պատշաճ խրամատավորում, շարժման ժամանակ պատշաճ կարգապահություն, այնտեղ մենք քիչ կորուստներ ենք ունեցել։ Եվ հիմնական կորուստների պատճառը մարտակարգերում կարգապահության ապահովման բացակայությունն է եղել։ Դա նաեւ իրենից էլ է կախված։
Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկա գտնվելով այդ քննիչ հանձնաժողովում, փորձում է հիմնական սլաքներն ուղղել բանակի վրա։ Հասկանալի է, որ բանակը կռվում է, բայց պետությունն է կռվում, եւ պետությունը պարտավոր է բանակին թիկունք կանգնել եւ բանակի համար ապահովել համակողմանի ապահովման բոլոր հարցերը։ Հատկապես մոբիլիզացիան, բանակի շարունակական համալրումը մարդկային ռեսուրսներով եւ սանիտարական կորուստներին վերականգնումը։ Կարելի է ասել, որ իրենք մոբիլիզացիոն խնդիրները չեն կատարել, եւ դա ոչ միայն բանակի խնդիրն է, դա հիմնականում պետության խնդիրն է։ Արցախում ես տեսել եմ պաշտոնատար շատ անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Իրենց այնտեղ գտնվելը ոչ մի արդյունք չի տվել։ Սովորաբար, երբ ղեկավարները մեկնում են ռազմական գործողությունների թատերաբեմ, իրենք գնում ու իրենց ռեզերվներով աջակցություն են ցուցաբերում մարտական գործողությունների թատերաբեմում կռվող բոլոր կառույցներին։ Ես նկատի ունեմ զորամիավորումներ, միավորումներ եւ զորամասեր։ Իրենց գտնվելը մարտական գործողությունների թատերաբեմում՝ եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ոչ մի արդյունք չի տվել։ Իրենք չեն կարողացել ինչ-որ բան փոխել, բեկում մտցնել։
Եվ այնտեղ, որտեղ զորամասերը կռվել են, ունեցել են հաջողություններ, հակառակորդը ոչ մի մխրճում չի ունեցել։ Եթե հակառակորդը պատրաստում է հարված եւ գլխավոր հարված մխրճման գոտում, պետության խնդիրն է վերախմբավորումներ կատարել, համապատասխան զինվորական կառույցներ տանել եւ փակել մխրճման գոտին։ Նիկոլ Փաշինյանը սլաքները փորձում է ուղղել միայն բանակի եւ մարտավարական օղակի վրա, այնինչ, ոչ գործադիրը, ոչ օրենսդիրը, ոչ էլ դատաիրավական համակարգը չեն կատարել իրենց աշխատանքը, որոնց պարտականությունն է օրինականություն եւ կարգ ու կանոն հաստատելը մարտական գործողությունների թատերաբեմում։ Իսկ այնտեղ, որտեղ կան զգալի քանակությամբ խախտումներ, իրենք պարտավոր են խստացված միջոցառումներ իրականացնել։ Այսինքն՝ արագ տեմպերով քննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արտագնա դատավարություններ։ Ոչ մի բան չեն արել, այսինքն՝ ոչ օրենսդիրի, ոչ գործադիրի, ոչ էլ դատաիրավական կառույցների գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել, իրենք ապարդյուն են այնտեղ գտնվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)