2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի հարգելի նախագահ,
Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Պիտի անկեղծ ասեմ, այս հանդիպմանը երկար եմ սպասել, որովհետև՝ ճիշտ է այսօրվա իմ ասելիքի մի զգալի հատված տարբեր առիթներով ասել եմ, բայց սա թերևս իմ ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին՝ ելույթի և հարցուպատասխանի միջոցով:
Մի ճշտում, պարոն Քոչարյան, Դուք ասացիք, որ ես իմ ունեցած ամբողջ տեղեկատվությունը կներկայացնեմ, ասեմ, որ դա մեկ ելույթի ձևով հնարավոր չէ ասել: Այսօր ես պարզապես բացման խոսք կասեմ և, իհարկե, իմ ամբողջ տեղեկատվությունը պատրաստ եմ կիսել: Եվ դա կանեմ ոչ միայն ելույթի, այլև հարցուպատասխանի միջոցով:
Կարևոր եմ համարում նաև այս քննությունը հրապարակային անցկացնելու որոշումը: Իհարկե, այս մոտեցումն անթերի համարել չի կարելի, հատկապես արտաքին հասանելիության առումով, այսուհանդերձ հանրային լավագույն շահը ենթադրում է մեր պատմության ամենածանր էջերից մեկի, 44-օրյա պատերազմի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն, որովհետև լիարժեք հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև ԼՂ հարցի բանակցային գործընթացի ողջ ընթացքում, հանրությունն ավելի պարզ կպատկերացնի ներկայի և ապագայի մարտահրավերները և կառավարության գործողությունների համարժեքությունն այդ մարտահրավերները կառավարելու առումով: Այս ելույթից հետո, ինչպես ասվեց, կպատասխանեմ Քննիչ հանձնաժողովի հարցերին և առաջարկում եմ դա նույնպես անել հրապարակային: Եթե կլինեն դրվագներ, որոնց հրապարակային պատասխանելնն ազգային անվտանգության նկատառումներով անհնար կհամարեմ, պիտի խնդրեմ, որ հավաքենք այդ հարցադրումները և դրանց վերաբերյալ քննարկումն իրականացնենք դռնփակ ռեժիմով:
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը:
Նախ՝ ուզում եմ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրեցի և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին: Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը: Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմավարական: Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, Լեռնային Ղարաբաղի, և որ ամենակարևորն է, մեր՝ շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ: Այս մասին մանրամասն խոսել եմ 2020 թվականի նոյեմբերի 12-ի իմ հեռուստաուղերձում:
Մինչ Շուշիի հարցն ավելի մանրամասն պարզաբանելը, պիտի ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն հինգերորդ փորձն էր:
Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Շնորհավորական խոսակցությունից հետո Ռուսաստանի նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների և օգտվելով այս առիթից ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել՝ հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը:
Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պիտի սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:
Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վլադիմիր Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիևի հետ:
Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի դա՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին, հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել:
Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպիտի լիներ:
Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների և հետո, նույնիսկ եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն, Ասքերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի՞ հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է:
Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել:
Դա քննարկելու նպատակով՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Նաև պիտի փոխանակվեն գերիները և զոհվածների աճյունները: Ես համաձայնվեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հետևյալ հայտարարությունը.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ այս հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա»:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում սկսվեց ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավարտվեց լույս 10-ի գիշերը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետևյալ հայտարարությամբ.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Այս հայտարարությունն ընդունելի էր մեզ համար, և, բնականաբար, հայտարարության ընդունումից հետո իմ հրահանգը Պաշտպանության նախարարությանը և Գլխավոր շտաբին եղել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում կրակի դադարեցման ռեժիմը, այլև ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի վրա, հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ: Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ նաև դիվանագիտական ջանքեր էին գործադրվում՝ համաձայն մոսկովյան փաստաթղթի՝ հրադադար հաստատելու և հրադադարի պահպանման ռեժիմը պահպանելու ուղղությամբ:
Որպես այդպիսին դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետևեն իրադրությանը և կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանը, սակայն, անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց և ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:
Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետևյալը. ինչպե՞ս հասնել հրադադարի ռեժիմի հաստատման և պահպանման, ի՞նչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր:
Մեր ներքին քննարկումներում իրադրությունը վերլուծելիս իմ եզրակացությունը եղել է հետևյալը. մինչև ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի՝ նա չի համաձայնելու հրադադարի: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն է և հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունն այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակներն իրատեսական չէին թվում, որովհետև հրադադարի մասին մոսկովյան՝ բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց ինչպես արդեն նկարագրեցի վերը՝ հրադադար հաստատել չէր հաջողվում:
Առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ: Այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համաձայնվեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ:
Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»:
Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո, ընդհանրապես դադար տեղի չունեցավ:
Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց ես վերադարձա հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ինքը վերահաստատեց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային:
ՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո մեր դիրքորոշումը կարտահայտեմ: Ցերեկը նախ հրավիրեցի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ավելի ուշ՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ասացի, որ պատրաստվում եմ զանգահարել ՌԴ նախագահին և ասել, որ ընդունում եմ առաջարկվող տարբերակը: Ընդ որում, ինչպես ասել եմ՝ չէի ակնկալում, որ որևէ մեկը հրավիրված անձանցից՝ ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը: Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին:
Ես հիշում եմ իմ խոսքերն այդ հանդիպման ժամանակ: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ իրենց հրավիրել եմ, որովհետև համարում եմ, որ իրենց տեղեկացնելով, նաև հանրությանն եմ տեղեկացնում: Քանի որ ինչ տեղի է ունենում, օրը մի քանի անգամ հեռախոսազրույց և այլն, չեմ կարող եթեր մտնել և այդ ամեն ինչը մարդկանց պատմել, ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի: Ներկա էին ամենատարբեր շրջանակներ ներկայացնող անձինք, դահլիճում նստելու տեղ չկար, երևի 25-30, գուցե ավելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հետո տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ: Ես ասացի, որ սա անում եմ ուղղակի հանրությանը տեղեկացնելու ռեժիմով, ոչ թե հրավիրել եմ, որ դուք ինձ հետ կիսեք պատասխանատվությունը: Սա կարևոր նյուանս է:
Երեկոյան զանգահարեցի և ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: Ռուսաստանի նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջեբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծամասամբ արդեն գտնվում էր Ադրբեջանի հսկողության տակ:
Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան: Եվ, ըստ էության, փոխանցեց հետևյալը. Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները՝ կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլը, ինչպես ասացի, արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էր նրանց վերահսկողության ներքո: Բայց սա ամբողջը չէր:
Այս օրն էր, որ ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Ահա ուրեմն, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման. նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, կարիք կա՞ պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում:
Ահա, ուրեմն, ինձ ինչի՞ մեջ են մեղադրում. որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական: Անկեղծ ասած՝ այդ ձևակերպումն ինքնին խնդրահարույց է, բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի, ինչպիսի՞ տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Եվ այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր:
Ռուսաստանի նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, այսինքն՝ ԼՂԻՄ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում՝ դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այս ձևակերպմանը համաձայնվեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել:
Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի:
Ասենք, օրինակ, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել: Ընդհուպ՝ կարող են գնալ և մնալ:
Բայց ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պիտի կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ՝ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան:
Այդ ճանապարհը կարող է լինել, օրինակ՝ Կուբաթլիով: Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պիտի Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքն առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:
Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու իմ պրակտիկ հիմնավորումներից մեկը, սակայն, հետևյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև ինքը՝ Շուշին, Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձություններն այն ժամանակվա իմ կանխատեսումն ապացուցեցին՝ բոլորիդ հայտնի հանգամանքներով:
Բայց նույնիսկ սա հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չէր: Այդ օրվա առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման. խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնվեցի նաև դրան: Չհամաձայնվեցի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը, ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ, որ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, և դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Այսպիսով՝ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին.
1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:
2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին:
3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:
Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր՝ թող բարձր հայտարարի այդ մասին:
Այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու փորձերը շարունակվում էին, և հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ ամերիկյան նախաձեռնությունը՝ հրադադարի նոր համաձայնություն ձեռք բերելու մասին: Հայտարարությունը հաջողվեց համաձայնեցնել միայն հոկտեմբերի 25-ին. այն հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 08.00-ից հրադադար հաստատելու մասին էր: Հայտարարության տեքստը հետևյալն էր.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ Փարիզում արված հայտարարությամբ, համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:
Հրադադարի այս համաձայնությունը նույնպես չպահպանվեց՝ հասկանալիորեն Ադրբեջանի կողմից: Սովորաբար հրադադարի հայտարարություններից հետո կարճ ժամանակով մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազում էր, երբեմն լինում էին նույնիսկ կարճ դադարներ, բայց մեծ հաշվով, մի քանի ժամ անց Ադրբեջանը վերսկսում էր հարձակումը՝ ամբողջ ծավալով:
Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջեբրաիլի մատույցներին: Բանակի առջև խնդիր էր դրված՝ կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինելու: Կամ էլ՝ պիտի գնանք ցավոտ զիջումների: Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին:
Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում: Մյուս կողմից՝ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա: Մյուս կողմից էլ՝ վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է: Կրկին՝ ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլև որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհել Պաշտպանության բանակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը:
Շուշիի անկման պատմությունն իմ ետադարձ հայացքով հետևյալն է. հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր: Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է: Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը:
Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Արցախի նախագահը լուր էր հաղորդում, Գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց՝ ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա:
Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս. սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, հետո՝ այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի: Եվ ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք:
Շուշիի անկման դրվագի, ինչպես պատերազմի այլ հանգամանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման:
Իսկ եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցություններն սկսվեցին նոյեմբերի 6-ին, այսինքն՝ այս բուն հայտարարության տեքստի: Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության պայմանով, որ դրանում չլինեն Շուշիին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որն Ադրբեջանը հսկողության տակ էր առել: Սա էր եռակողմ հայտարարությունն ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը: Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի. եթե կարողանում ենք պահել Շուշին՝ դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին՝ դա էլ է շրջադարձ:
Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ ետ բերել այլևս չենք կարող: Լեռնային Ղարաբաղի նախագահն ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին և կար հավանականություն, որ ադրբեջանցիները գործնականում լուծելով Շուշիի հարցը՝ Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ, շարունակելով դեպի Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ պաշտպանական շրջաններին ու թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված:
Բանակցությունները վարում էի Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով (նոյեմբերի 8-ին և 9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն), և շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, և ի վերջո քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը: Այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան. ուշադրություն դարձրեք՝ ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել:
Այնուամենայնիվ՝ պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ:
Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում: Այսինքն՝ օրվա ընթացքում այդ ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում անընդհատ տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում: Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ: Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ: Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից: Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան: Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որը, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտվա տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ:
Եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկատվությունը հրապարակվեց փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին: Բայց փաստաթղթի ստորագրումից շատ չանցած՝ գրոհի ենթարկվեցին կառավարական շենքերը Երևանում, մասնավորապես՝ կառավարության նստավայրը, Ազգային ժողովը և կառավարական կեցավայրը: Հարձակման ենթարկվեց Ազգային ժողովի նախագահը:
Կարծում եմ՝ այսօր այդ հարձակումների թեմայի վրա կենտրոնանալու կարիքը չկա, որովհետև մեր հիմնական խնդիրը հասկանալն է, թե ինչո՞ւ հասանք 44-օրյա պատերազմին:
Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից և եթե այո՝ ի՞նչպես: Եվ ուրեմն. կարո՞ղ էինք խուսափել 44-օրյա պատերազմից: Ամենայն հավանականությամբ՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեին Ղարաբաղի հարցը: Բայց այստեղ մի էական հարց է ծագում. ուզու՞մ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը:
Սրան զուգահեռ մի շատ ավելի հիմնարար և խորքային հարց. կարո՞ղ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը և եթե այո՝ ի՞նչպես:
Կարիք կա, ուրեմն, քննարկել բանակցային պատմությունը, որի հանգրվանային կետերին այժմ կանդրադառնամ:
Իրականում բանակցային գործընթացը և նրա բովանդակությունն ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ, ինչը, որքան էլ բնական, այնուամենայիվ, ամենանեգատիվ դերն է խաղացել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետև մեր ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել:
Ղարաբաղի հարցի կարգավորման պատմության մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում ես՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածն է՝ «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին: Եթե կարճ ձևակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետևյալը.
1. Ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ:
2. Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։
Սրանք, ըստ էության, մեջբերումներ են հոդվածից:
Հետևաբար, ըստ Տեր-Պետրոսյանի, մենք պետք է կենտրոնանանք ուրիշ հարցի վրա՝ այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Ղարաբաղը մնա հայերով բնակեցված: Հետաքրքիրն այն է, որ սա ասելով Տեր-Պետրոսյանն այդ հոդվածում այդպես էլ հստակ և բառացի պատասխան չի տալիս մի հարցի. ի վերջո ի՞նչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը. լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե Ադրբեջանի կազմում: Իմիջայլոց՝ հետաքրքիր է, որ այդ հոդվածում իսկապես, այս մասին, ըստ էության, բառացի ուղղակի ոչինչ չկա: Այն, ինչ ասվում է, դրանք այնտեղ գրված տեքստի մեկանաբանություններ են:
Տեր-Պետրոսյանի նշված հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային-քաղաքական վերնախավի շրջանում: Ժողովրդի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետև ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսևորումներ 1997 թվականին կարծես թե չեն եղել: Իրականում, սակայն, Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր՝ մի քանի պատճառներով: Նախ՝ հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության և ոչ հաղթանակի մասին:
Այդ հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ (1989թ. դեկտեմբերի 1-ին) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Այդ հոդվածից 7 տարի 2 ամիս 9 օր առաջ (1990 թվականի օգոստոսի 23-ին) Հայաստանի Գերագույն խորհուրդը «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» Հայաստանի Հանրապետության անկախության գործընթաց էր հռչակել:
Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 10 օր առաջ (1991 թվականի սեպտեմբերի 21-ին) տեղի էր ունեցել Հայաստանի անկախության հանրաքվեն, որով դե յուրե ավարտին էր հասցվել Հայաստանի անկախացման գործընթացը:
Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 29 օր առաջ (1991 թվականի սեպտեմբերի 2-ին) Լեռնային Ղարաբաղը հռչակել էր իր անկախությունը:
Այդ հոդվածից 6 տարի մեկ ամիս և 9 օր առաջ (1991 թվականի դեկտեմբերի 10-ին) Լեռնային Ղարաբաղում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը:
Բայց կարևոր է նաև այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերա՞զմ թե խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։ Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր և ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միևնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլև ընդհակառակը, թերևս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերևս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ»։
Այս հոդվածի և այս բառերի հրապարակումից երեք ամիս և երեք օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից՝ նոյեմբերի 1-ի հոդվածում գրելով, որ Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը և ինքը՝ Տեր-Պետրոսյանը։
Իսկ ի՞նչ փորձագիտական տեղեկատվության էին տիրապետում վերը նշված գործիչները: Մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք սակայն, այն ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը (որովհետև ինտերնետ և սոցիալական ցանցեր այն ժամանակ չկային), չնայած այնպես չէր, որ հանրությունը դրանց մասին ոչինչ չգիտեր: Հիմա կթվարկեմ, թե որ փաստաթղթերի մասին եմ ասում, որ դրանք հրապարակված էին: Իհարկե, կային նաև փաստաթղթեր, որոնք գաղտնի էին, բայց փորձագետի մակարդակով տիրապետելու, պատկերացնելու համար կային մի շարք կարևորագույն փաստաթղթեր, որոնք հրապարակային էին: Հրապարակային էին, բայց մարդիկ չէին կարող այդ փաստաթղթին հասանելիություն ունենալ: Այսօր ընդամենը երկու վայրկյանում բոլոր փաստաթղթերը կարելի է հանել ինտերնետից: Այն ժամանակ, ինչպես ասացի, ինտերնետ չկար, սոցիալական ցանցեր չկային: Ուրեմն՝ պարզապես փորձագետները չէին բարձրաձայնում փորձագիտական գնահատականներ և չէին ասում, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ավելի կոնկրետ 1993 թվականին ընդունած ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերն արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից: Ես հիմա օգտագործելու եմ այդ բանաձևերի ձևակերպումները. պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռբերելու համար, Լեռնային Ղարաբաղն անվանում են Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն: Ահա, այդ բանաձևերն ուղղակի թղթի կտորներ չեն, և դրանց մոռացության մատնելը հեշտ չի լինի և որ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը, որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում Լեռնային Ղարաբաղի համար բարձր ինքնավարություն նախատեսում:
Միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այս արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթնաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթնաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը որպես հավելված, 1996 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերի հետ: Խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձևը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի կիրառած վետոյի պատճառով, որովհետև ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր անդամներն առանց բացառության պետք լինեն կողմ, եթե գոնե մեկը դեմ է, որոշումը չի ընդունվում: Եվ Հայաստանը ԵԱՀԿ անդամ միակ երկիրն է եղել, որ դեմ է արտահայտվել փաստաթղթին:
Եվ ահա, բանաձևին Հայաստանի չմիանալու, չհամաձայնվելուց հետո ԵԱՀԿ մյուս երկրները, այսինքն՝ մնացած բոլորն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահողին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, և նախագահողն էլ իր հայտարարության մեջ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից: Ի դեպ, ԵԱՀԿ անդամ այդ երկրների ցանկում էին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ անդամ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող բոլոր երկրները:
ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ. դեկտեմբերի վերը հիշատակված հայտարարությունը, որը, ինչպես համոզվեցինք, արտահայտում էր, ըստ էության, ողջ միջազգային հանրության տեսակետը, մեր կողմից քննարկվող նյութի համատեքստում արժանի է ավելի մեծ ուշադրության հետևյալ պատճառով՝ խնդիրն այն է, որ այդ հայտարարությունը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Ուշադրություն դարձրեք. ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ. դեկտեմբերի հայտարարությունը, որը, ինչպես տեսաք, ամբողջ միջազգային հանրության կարծիքն էր արտահայտում, պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ արձանագրեցինք չէ՞, ԵԱՀԿ-ն՝ միջազգային հանրությունը, ըստ էության, ասում են Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և այդ ինքնորոշման իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: 1996 թվականի դեկտեմբերին արված հայտարարության այս նրբությունը, կարծում եմ, նորություն է Հայաստանի հանրության համար: Բայց փաստորեն դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ո՛չ հանրային, ո՛չ փորձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել մեզանում: Ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը, այդ թվում՝ շատ փորձագետների համար պարզապես նորություն է: Նորություն, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին:
Այն է՝ ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում:
Փորձագետները չէին ասում նաև, որ Հայաստանն ինքն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթերի ընդունման է մասնակցել, և դա տեղի է ունեցել հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետությունը միացել են 1991թ.-ի՝ Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին Բելովեժյան դեկտեմբերի 8-ի հայտնի համաձայնագրին, որի 5-րդ հոդվածում հստակ արձանագրվում է. «Պայմանավորվող բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը՝ համագործակցության շրջանակներում»:
Այս համաձայնագիրը վավերացրել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի խորհրդարանները: Տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության մասին ձևակերպումը տեղ է գտել նաև 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրում, որն ընդունել են ԱՊՀ-ն հիմնադրած և նրանց միացած նորանկախ երկրները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը:
Պետք է նշել, որ թե՛ համաձայնագրում և թե՛ հռչակագրում հիշատակվում է նաև ինքնորոշման իրավունքը, համաձայնագրում խոսվում է մարդու իրավունքների, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին: Ու սրանք կարևոր հանգամանքներ են, որովհետև վերն արդեն տեսանք, թե ԵԱՀԿ մակարդակում ինքնորոշումը ԼՂ պարագայում ինչ մեկնաբանություն է ստացել, և պիտի տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են եղել 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում և թե ինչպես է կառուցվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային ճարտարապետությունը, և պիտի տեսնենք, թե Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետողների առնվազն մեծ մասը ի՞նչ չեն ասել հանրությանը և ինչո՞ւ:
Եվ այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի փետրվարի 4-ի հրաժարականի արդյունքում իշխանությունն անցնում է Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետող Ռոբերտ Քոչարյանին, ով դրանից մեկ տարի առաջ հրաժարական տալով ԼՂՀ նախագահի պաշտոնից՝ նշանակվում է ՀՀ վարչապետ:
Քոչարյանի դերը, սակայն, այս գործընթացում երկակի է. նա մի կողմից փորձագիտական մակարդակով տիրապետում է Ղարաբաղի հարցին, մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի հոդվածով, կամ ավելի ճիշտ դրանից մեկ ամիս առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսով հռչակված ուղեգիծը համարում է պարտվողական:
Ու սա շատ հետաքրքիր հանգրվան է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում Լեռնային Ղարաբաղի թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ներհայաստանյան և միջազգային հաղորդակցության միջև ճեղքն ավելի է մեծանում: Այսինքն՝ կա միջազգային հանրության հետ խոսակցություն և ներքին հանրության հետ խոսակցություն, և մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունները հոսում են երկու տարբեր ուղիներով, և ճեղքը մեծանում է: Տեր-Պետրոսյանի մոտ դա արտահատվում էր, գուցե ոչ այդքան ընդգծված «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» նախընտրական կարգախոսի ու «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի միջև առկա հայեցակարգային զգալի ճեղքով, ինչը Տեր-Պետրոսյանը նախագահական անհաջող ընտրություններից և Լիսաբոնի գագաթնաժողովից հետո փորձում է լրացնել 1997 թվականի նոյեմբերի 1-ի հոդվածում արձանագրած հետևյալ նախադասությամբ. «Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը»։
Բայց Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի մոտեցումը պարտվողական համարելով, հաղթողական ուղղության առաջնորդությունն ստանձնելով՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, այսուհանդերձ, անում է քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որ կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով և 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովով, որի նախագահողի հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և ԼՂ ինքնորոշման իրավունքը նույնպես պետք է իրացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ի՞նչ է ուրեմն անում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:
Որ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղին: Դրանից հետո այլևս Լեռնային Ղարաբաղին փաթեթ չի ներկայացվել: Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:
Իսկ որ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել են՝
1. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն, ով 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:
2. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով 2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»:
3. Լևոն Տեր-Պետրոսյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով. «Ռոբերտ Քոչարյանն Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից և սկսեց պաշտոնապես խոսել Ղարաբաղի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը և հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:
4. Ինքը Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, 2004 թվականի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետևյալը. «Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում. միթե՞ Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ ոչ թե «մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը», այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»:
Իր այս դիրքորոշմամբ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել, այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «Այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղին զրկեց որևէ ինքնուրույնությունից: Եվ այդպիսով խախտեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը:
Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ:
Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերևս, միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում՝ մսխվեց:
Այստեղ թերևս արժե կանգ առնել Ռոբերտ Քոչարյանի նման գործելակերպի պատճառների վրա: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ու մոտիվացիայով նա Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից: Պատճառը, իմ կարծիքով, ակնհայտ է: Քոչարյանը 1998 թվականի նախագահական ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում: Բացի դա՝ նա ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ այդ պահին գործող իրավակարգավորումներով վերջին տասը տարիներին չէր համարվել ՀՀ քաղաքացի և վերջին տասը տարիներին Հայաստանում մշտապես չէր բնակվել, ինչը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու պարտադիր պայման էր: Ասել է, թե Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության կատարյալ բացակայության պայմաններում:
Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակը նա զոհաբերեց՝ միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու, այն բանի համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա Հայաստանում նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը: Իսկ ինչո՞ւ էր միջազգային հանրությանն անհրաժեշտ Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելը: Նախ, որովհետև բանակցային ֆորմատը սրանով ավելի պարզանում էր, և միջազգային հանրությունը երեք սուբյեկտի հետ բանակցելու փոխարեն կարող էր այլևս բանակցել երկու սուբյեկտի հետ, որոնք երկուսն էլ միջազգայնորեն ճանաչված լինելով՝ պարտավոր էին պահել խաղի որոշակի կանոններ: Իսկ Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչված սուբյեկտ չլինելով՝ իրեն պահում էր շատ ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ, ըստ էության, գոյություն չունեին, և բանակցային սեղանի շուրջ հայկական երկու կողմերի առկայությունը մեծացնում էր մեր ճկունությունը:
Բայց Ղարաբաղին բանակցային պրոցեսից դուրս թողնելով՝ պատմությունը չի ավարտվում, և ինչպես բազմիցս ասել եմ՝ 1999 թվականի նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում նաև Հայաստանի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի «կողմ» քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայում անվտանգության խարտիան, որի «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնում կարդում ենք. «Մարդու իրավունքների, ներառյալ՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ հակառակը՝ պիտի ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներն են՝ գոյություն ունեցող պետության կազմում»։
Այստեղ մենք պետք է տեսնենք զուգակցումն ԱՊՀ ձևավորման, կամ ավելի ճիշտ՝ Խորհրդային Միության փլուզմանը վերաբերվող փաստաթղթերի հետ: Եթե հիշում եք՝ վերը նկարագրեցի, որ ԱՊՀ կամ նախկին խորհրդային երկրները, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Սա է այդ փաստաթղթերի հիմնական արձանագրումը: Բայց ինչպես հիշում եք, այնտեղ հղում կար նաև ազգային փոքրամասնությունների իրավունքներին, խոսվում էր ինքնորոշման իրավունքի մասին, որը կիրառել էին խորհրդային հանրապետությունները՝ անկախություն ստանալու համար (կարևոր է նշել, որ Խորհրդային Միության փլուզումը տեղի էր ունեցել, ըստ էության, այն ձևավորած բոլոր սուբյեկտների մասնակցությամբ ու համաձայնությամբ): Ինչպե՞ս են ուրեմն նորանկախ, արդեն իսկ հիմնականում ԵԱՀԿ անդամ հանդիսացող երկրները վերաբերվում այս նոր իրավիճակին:
1996թ. դեկտեմբերի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքներով ԵԱՀԿ նախագահողի հայտարարությունից հետո, 1999թ. նոյեմբերի ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում Հայաստանի քվեարկությամբ հենց վերը մեջբերված արձանագրումն է արվում Եվրոպայի անվտանգության Ստամբուլյան խարտիայում: Այսինքն, ըստ էության, Ստամբուլյան խարտիան շարունակում է 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի տրամաբանության զարգացումը: Սա դառնում է այն դե յուրե հիմքը, որի վրա կառուցվում է արդեն բոլորիս հայտնի ադրբեջանական ձևակերպումը, որը մենք գիտենք որպես ադրբեջանական ձևակերպում, ըստ որի՝ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում:
Ընդդիմադիրներն ասում են, թե ո՛չ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերը, ո՛չ Եվրոպայի անվտանգության խարտիան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին չեն: Սա ճիշտ է, այնպես, ինչպես, ասենք, Քաղաքացիական օրենսգիրքն Այսինչյանների ու Այնինչյանների ընտանիքների հարաբերությունների կարգավորման մասին չէ: Մեր Քաղաքացիական օրենսգրքում գրված չէ, որ սա, այս օրենսգիրքը Պողոսի և Պետրոսի հարաբերությունների կարգավորման մասին է: Բայց երբ Այսինչյանների ու Այնինչյանների միջև հարց է առաջանում, հակասություն կամ հակադրություն, հարցի պարզաբանման համար նրանք կամ նրանց փաստաբաններն սկսում են փորփրել Քաղաքացիական և ոչ միայն Քաղաքացիական օրենսգիրքը, ամբողջ իրավական դաշտը՝ հասկանալու համար, թե ի՞նչ կանոններ կան այնտեղ սահմանված, որոնց վրա հիմնվելով՝ նրանք կարող են ձևակերպել իրենց փաստարկներն ու դիրքորոշումները:
Հենց այս նրբությունն է կարևոր հաշվի առնել: Իսկ ինչո՞ւ է կարևոր. որ փաստարկները և դիրքորոշումները հենված լինեն պայմանական «Քաղաքացիական օրենսգրքի» վրա, պայմանական և ոչ միայն պայմանական, որպեսզի դրանք լինեն լեգիտիմ: Իսկ ինչո՞ւ է կարևոր, որ դրանք լինեն լեգիտիմ: Որովհետև լեգիտիմ՝ նշանակում է մյուս բոլորի համար հասկանալի, մյուս բոլորի համար ընդունելի, մյուս բոլորի համար օրինական, մյուս բոլորի կողմից մշակված կանոններին համապատասխանող, քո իսկ մասնակցությամբ ձևավորված կանոններին համապատասխանող: Եվ առավել ևս՝ եթե կանոնը ձևակերպվել է քո մասնակցությամբ, նշանակում է՝ դու պարտավորվել ես գործել այդ կանոնին համապատասխան, և այդ կանոնների պահպանումն է միջազգային հարաբերությունների հիմքը: Իսկ հնարավոր չէ՞ փոխել կանոնը: Իհարկե, հնարավոր է, բայց դրա համար դու պետք է առնվազն բավարար չափով ազդեցություն ունենաս, տնտեսական-ռազմական-դաշնակցային ազդեցություն: Կանոնը փոխելու համար առավել կարևոր է, որ դու կարողանաս քո ընթացիկ դիրքորոշումը հիմնավորել արդեն իսկ գոյություն ունեցող կանոններին համապատասխան, քո ընթացիկ փաստարկման մեջ ընդգծես այն կետերը, որոնք որևէ կերպ առնչվում են գոյություն ունեցող կանոնին, համապատասխանում են նրան և ոչ թե հակառակը:
Այս առումով, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակն իրականում մթագնվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականի ապրիլի 30-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակաշրջանում ընդունված չորս բանաձևերով:
Ինչպես արդեն վերը նշեցի, այդ բանաձևերում ասվում է, որ Ադրբեջանի շրջանները գրավվել են հայկական ուժերի կողմից, պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի է համարվում ուժի կիրառումը տարածքներ ձեռբերելու համար, հայկական ուժերն անվանվում են օկուպացիոն, Լեռնային Ղարաբաղն անվանվում է Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն, ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջվում է գրավված տարածքների և Լեռնային Ղարաբաղի փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց տներ: Եթե ԱԽ բանաձևերի ձևակերպումները փորձենք ավելի պրակտիկ ներկայացնել, սա նշանակում էր, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում, իսկ ԼՂ-ն էլ միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի ռեգիոն:
90-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները, որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի», այնպես, ինչպես, թող ներվի ինձ այս կոպիտ համեմատությունը, կանոնների խախտմամբ խփած գոլը ֆուտբոլում չի հաշվվում:
Փորձագետները գիտեին, բայց չէին ասում, որ Հայաստանն Ալմաթիում կողմ է քվեարկել հենց Սովետական Ադրբեջանի սահմաններով նորանկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչող փաստաթղթին, ընդունել է այդ փաստաթուղթը՝ նաև Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Չէին ասում ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներով: Օրինակ՝ օբյեկտիվ կարելի է համարել այն, որ հաղթանակի և հաջողության պահին դա ասելը ոչ միայն դժվար է, այլև կարող է բերել անկանխատեսելի հետևանքների ու քաոսի, սուբյեկտիվն այն է, որ պիտի հարց հնչեր ու մեղադրանք՝ բա ինչո՞ւ եք ճանաչել, ու երևի համարձակություն էր պետք խոստովանելու համար, որ այդ ժամանակ՝ 1991-ին, դեռ հակամարտության ընթացքը պարզ չէր, հայտնի չէր՝ տարածքային ամբողջականության սկզբունքը մե՞զ որքան է հարկավոր, Ադրբեջանին՝ որքան: Հաջողության պահին անհաջողության մասին խոսելն ընդունված չէ:
Այս կանոնին էր հավանաբար ենթարկվում Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 1996թ. նախագահական ընտրությունների քարոզարշավին հենվում էր հաղթանակի էյֆորիայի վրա, իսկ դառը բաներ ասաց այն ժամանակ, երբ հայտնի էր, որ ինքը ոչ լեգիտիմ ընտրություններից հետո, դժվարություններ ունի ՀՀ նախագահի պաշտոնում:
Նա թերևս ուզում էր պատմականորեն հեռացած լինել ոչ թե ստի, այսինքն՝ նախագահական ընտրություններում արձանագրված կեղծիքի, այլ ճշմարտության պատճառով: Դառը ճշմարտության:
1997-98 թվականների մի քանի ամսվա բուռն հրապարակային քննարկումներից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, ահա, Հայաստանում և Արցախում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին կրկին ձևավորվեց երկու իրականություն՝ «նեղ փորձագիտական» և «լայն հանրային»:
Ընդ որում, «նեղ փորձագիտական» տերմինը պատահական չեմ օգտագործում, որովհետև ձևավորվել էր նաև «լայն փորձագիտական» իրականություն: «Նեղ փորձագետները» ժամանակ առ ժամանակ հավաքում էին «լայն փորձագետներին», հրավիրում էին և վերջիններիս համոզում, թե բանակցային գործընթացն ընթանում է այնպես, որ գնում ենք Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման: «Լայն փորձագետներն» էլ լավ ֆոն էին ստեղծում ԼՂ հիմնախնդրի «լայն հանրային» իրականություն ձևավորելու համար:
Իսկ այն փորձագետներին, որոնք գլխի էին ընկնում, թե ինչն ինչոց է, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում, նեղ փորձագետներն «աչքով էին տալիս» ու ասում, թե հաջողությամբ ժամանակ ենք ձգում: Իսկ ժամանակ, իրականում, ձգում էր Ադրբեջանը՝ մի կողմից ռազմական առումով հզորանալով, դրան ուղղելով նավթի և գազի վաճառքից գոյացող միլիարդները, մյուս կողմից դիվանագիտական լծակներն օգտագործելով՝ իր համար դե յուրե կամ դե ֆակտո բարենպաստ պայմաններ ու որոշումներ ձևավորելով:
Իսկ հայկական կողմն այս ամբողջ ընթացքում դիվանագիտական հաջողություններ չունե՞ր: Իհարկե, ուներ: 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի հայտարարությունն օրինակ, այդպիսին է: Բայց հակամարտության պատմության ընթացքում մեր ամենամեծ հաջողությունը միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն էր որպես հակամարտության և այսպիսով նաև՝ բանակցային գործընթացի կողմ: ԼՂ սուբյեկտայնությունը կարող էր հարցի մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել: Բայց Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից՝ փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի իրականացման՝ թեկուզ աղոտ հույսերը:
Ինչո՞ւ: Որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ, ուրեմն նաև սուբյեկտ չէ: Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաև ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը, որովհետև բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, իսկ ու՞ր է նա: Հայաստա՞նն է բանակցում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար: Ամենայն լրջությամբ՝ ուշադրություն դարձրեք «ինքնորոշում» բառի վրա: Եթե «ԻՆՔՆորոշվողը» ԻՆՔԸ չի բանակցում, ուրեմն խոսքը ինքնորոշման մասին չէ, այլ մեկ ուրիշ բանի, օրինակ՝ տարածքային վեճի, և 1998 թվականից ԼՂ հարցը հենց այսպես սկսեց ընկալել միջազգային հանրությունը:
Սրանից, իհարկե, ինքնորոշման իրավունքը կարող ենք ասել հօդս չցնդեց, բայց դա կարող է կիրառվել այնպես, ինչպես նկարագրված է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով՝ ԵԱՀԿ գործող նախագահողի հայտարարության մեջ, կամ այնպես, ինչպես կիրառվեց ԽՍՀՄ-ում, Չեխոսլովակիայում, այսինքն՝ շահառու կողմերի համաձայնությամբ: Իսկ տվյալ հարցի բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղ անունով սուբյեկտ ընդհանրապես չկա: Կա Ադրբեջան և Հայաստան, և վերջինս վիճարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Շարունակելով Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելու թեման, ավելի ճիշտ՝ հարակից էֆեկտները, կարևոր է ոչ միայն ինքին փաստը, այլև դրա հետևանքները. մի մասի մասին արդեն նշեցի: Բայց Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելով, ստացվում էր այնպես, որ ֆունկցիոնալ առումով Հայաստանն էր ակամա, կապ չունենալով, դառնում ՄԱԿ-ի ԱԽ-ի 1993 թվականի չորս բանաձևերի կատարման միակ պատասխանատու սուբյեկտը, որովհետև բանաձևերում «տարածքների օկուպացիայի» մեջ մեղադրվում էին Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը, իսկ Հայաստանին կոչ էր արվում օգտագործել նրանց վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի նրանք դուրս գան այդ տարածքներից: Ճիշտ է, նաև այդ դատապարտման գնով, բայց Լեռնային Ղարաբաղը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որից որևէ բան էր ակնկալվում, թեթևացնելով Հայաստանի վրա դրվող պատասխանատվությունը: Իսկ Ղարաբաղի՝ բանակցությունների և հակամարտության կողմի կարգավիճակի զրկումով՝ բանաձևերի մեղադրանքները և այդ մեղադրանքներին արձագանքելու պատասխանատվության սլաքներն ուղղվեցին Հայաստանի վրա: 1999 թվականից՝ 7 շրջանները վերադարձնել-չվերադարձնելու մասին միակ որոշում կայացնողի դերում բանակցային սեղանի շուրջ հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, եթե, օրինակ, այդ 7 շրջանների թեմայի հետ կապված, նախկին ֆորմատով բանակցային սեղանի շուրջ Հայաստանին բան չէին կարող ասել, որովհետև կասեին, կա Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի ուժերն են չէ՞ գործողություններն իրականացնում, իրենց հետ խոսեք: Այո, մենք էլ ձեզ հետ միանում ենք ձեր հորդորներին կամ չենք միանում: Հիմա Լեռնային Ղարաբաղը չկա, և այդ հարցի ամբողջ միջազգային ճնշումն ավտոմատ վերահասցեագրվեց Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանն ինքը կամավոր Հայաստանի Հանրապետության համար նման, մեղմ ասած, տհաճ վիճակ ստեղծեց:
Ահա նաև այս հանգամանքների բերումով ԼՂ հիմնահարցը կամաց-կամաց սկսում է ընկալվել որպես տարածքային վեճ Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը հնարավոր ամենանեգատիվ միջազգային ֆոնն էր ԼՂ հարցի համար: Այսինքն, եթե որևէ մեկն ուզենար ավելի նեգատիվ ֆոն ստեղծել ԼՂ հարցի համար, դա ուղղակի հնարավոր չէր: Ավելի նեգատիվ ֆոն չէր կարելի ստեղծել:
Բայց մյուս կողմից, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գուցե թե այնպես չէ, որ Հայաստանը լրիվ անգիտակցաբար է հայտնվել նման վիճակում: Լիսաբոնյան իրադարձությունները թերևս ակնհայտ դարձրին, որ զուտ ինքնորոշման կոնցեպտը չի կարող ապահովել ԼՂ անջատումն Ադրբեջանից, և թերևս այս պատճառով որոշվեց հարցին տարածքային վեճի հատկանիշ նույնպես հաղորդել, ինչը, թեև իմ կարծիքով, կոպիտ սխալ էր, որովհետև մենք դրանով կամա թե ակամա վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելը, որովհետև եթե ասում ես՝ տարածքային վեճ է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ևս մեկ քայլ ես անում դա Ադրբեջանի մաս ճանաչելու համար: Բայց սա դեռ քիչ էր, կասկածի տակ դրեցինք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ ի հայտ եկավ թեմա՝ տարածք, Հայաստան, Ադրբեջան, տարածքային վեճ և այլն:
Սա արտահայտվեց 1998-99 թվականներին, երբ բանակցային սեղանին հայտնվեց հարցի կարգավորման «տարածքների փոխանակում» հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանն իր տարածքից հատված պիտի տա Ադրբեջանին՝ Ղարաբաղն ստանալու համար: Սա ոչ այլ ինչ, քան Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու ակտ, հնարավոր չէ այլ կերպ ձևակերպել, որովհետև, եթե քո տարածքից մի շրջան պիտի տաս Ադրբեջանին, որ ստանաս Ղարաբաղը, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում ես որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքդ հանում սակարկության: Այսինքն՝ պատկերացրեցի՞ք, եթե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Ղարաբաղը վերցնելու համար ինչո՞ւ է իր տարածքը սակարկության հանում:
Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ,
Այստեղ պետք է կրկին վերադառնամ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովում ընդունված Եվրոպայում անվտանգության խարտիային: Նախկինում, երբ քննադատել եմ այս խարտիայի ընդունմանը Հայաստանի կողմ քվեարկելը, դրան արձագանքել է Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գրասենյակը: Արձագանքի իմաստը շատ հետաքրքիր է, այն է, որ, ընդհակառակը, ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը հայկական դիվանագիտության հաղթանակն է, ըստ նրանց, որովհետև այնտեղ ընդունված հռչակագրում՝
1) ետխորհրդային տարածքի հակամարտությունները հատ-հատ հիշատակվում են և նշվում է, որ դրանք պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, իսկ ահա ԼՂ հակամարտությունն այդ շարքում չի հիշատակվում
2) խարտիայի՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հատվածում ոչինչ չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
Սրանք Ռոբերտ Քոչարյանի կամ նրա գրասենյակի արձագանքն են:
Թվում է՝ իսկապես զորեղ փաստարկներ են: Բայց ի՞նչ է դա նշանակում: Խնդիրն այն է, որ այդ նույն թղթում ոչինչ չկա ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Ոչինչ չկա նաև ինքնորոշման մասին: Իսկ ԼՂ հակամարտությունն, այս համատեքստում, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի հակամարտություններից և տարածքային ամբողջականության սկզբունքից առանձնացվել էր բոլորովին այլ, քիչ առաջ իմ հիշատակած մեկ այլ պատճառով. խնդիրն այն է, որ այդ ժամանակ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից անդին էր. այն մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչո՞ւ այդ գագաթնաժողովում հղում չկա ո՛չ տարածքային ամբողջականությանը, ո՛չ ինքնորոշման սկզբունքին, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որովհետև այդ ընթացքում միջազգային դիվանագիտության հանրությունը գիտի, որ հիմա բանակցային սեղանին է դրվել կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է տարածքների փոխանակման սկզբունք: Եվ, կարծում եմ, արժե այդ փաստաթղթից մի քանի առանցքային մեջբերումներ անել.
Տարածքների փոխանակման սկզբունքներ
«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետու¬թյունն իրենց միջև առկա հակա¬մարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաև ան¬կախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների և իրենց տարածաշրջանի բարգավաճ¬ման ապահովման համար անհ¬րաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.
հոդված 1
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնա¬յին Ղարաբաղի Ինքնավար Մար¬զի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությա¬նը։ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե¬րում, ինչպես նշված է Ա հավել¬վածում) փոխանցվում է Ադրբե¬ջանի Հանրապետությանը։
հոդված 2
Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհա¬պաղ փոխանցվում են Ադրբեջա¬նի Հանրապետության քաղաքա¬կան և վարչական վերահսկողության ներքո։
հոդված 3
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պե¬տության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փո¬խանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք։
հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հա¬յաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ՝ Աղդա¬մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու¬բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շր¬ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ ուժերի հետքաշման և տեղափոխման պլանավորումն ու իրա¬կանացումը կկատարվի միջազ¬գային դիտորդական ուժերի աջակցությամբ՝ 10-11 հոդված¬ների դրույթներին համապատասխան։
հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկս¬վում է Մեղրիի շրջանի բնակչու¬թյան և ներկայումս Աղդամի, Ֆի¬զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի և Շա¬հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Այդ տեղափո¬խության պլանավորումն ու իրա-կանացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին հա¬մապատասխան։ Մեղրիի շրջանն առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քա¬ղաքացիներով։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխ-ման համար և պետք է համագոր¬ծակցի մյուս պետության և մի¬ջազգային դիտորդական առաքելության հետ։ Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի և մյուս ենթակառուցվածքների պաշտպանությու¬նը փոխանցվող շրջաններում՝ նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնա¬սումը կամ ավերումը»։
Մնացած հոդվածները չեմ հրապարակում, այդ փաստաթուղթն էլ իրականում համացանցում հասանելի է:
Այս փաստաթուղթն իրականում, արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը: Ընդ որում, կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքերով: Եթե ամսաթվերին ուշադրություն դարձրեցիք՝ Ստամբուլյան գագաթնաժողով, Տարածքների փոխանակման փաստաթուղթ և այլն, դրանք բոլորը 1999 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների մասին է: Ինչքան էլ ժխտեն այդ գործընթացները, կան կոնկրետ մարդիկ, կան կոնկրետ վկայություններ, Վազգեն Սարգսյանի ելույթը կա, հուշեր կան, վկա կա, Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա պաշտպանության նախարարը դեռ մեր իշխանության օրոք պաշտոնյա լինելուց շատ առաջ հարցազրույց է տվել կամ չգիտեմ, ժամանակագրությունը հանկարծ չխառնեմ, և վկայել է այդ մասին: Ճիշտ է, այն չի ընդունվել, իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների, բանավեճերի արդյունքում և նրանց մի անգամ ձևակերպված բովանդակությունն այլևս ոչ մի տեղ չի կորում, և մենք բոլորս սրանում համոզվեցինք 44-օրա պատերազմի շրջանում տեղի ունեցած բանակցային մանրամասների վերը բերված շարադրանքներով: Ընդ որում, սրանք ոչ միայն պատամական փաստեր են: Դուք, հույս ունեմ, տեսաք այս ներքին կապերը: Անկլավ, Մեղրի, Շուշի, որը վերը նշված շարադրանքում՝ դուրս է դրվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմից: Դուք տեսաք 2020 թվականի նոյեմբերի խոսակցություններում այդ նույն թեմաների առկայությունը: Այո, իրավական ուժ չունի, բայց բոլոր այդ թեմաները, որ այն ժամանակ քննարկվել են, իրենք նորից հայտնվում են բանակցային սեղաններին: 22 տարի մեր հանրությունն այս ամենի մասին գրեթե ոչինչ չէր լսել, մի պարզ պատճառով, որովհետև ինչպես ասացի՝ ԼՂ հարցի շուրջ կար երկու իրականություն՝ «նեղ փորձագիտական» և «լայն հանրային», որոնք իրար հետ չէին հաղորդակցվում, որոնք հակադիր էին իրար, երբեմն չէին կռահում մեկը մյուսի գոյության մասին:
Իրավական ոչ մի ուժ չուներ նաև 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունը, բայց այն արտահայտում էր միջազգային հանրության տեսակետը, որը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ արձանագրվում էր ամենատարբեր միջազգային փաստաթղթերում: 1999-2000 թվականների արդյունքներով՝ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին հայաստանյան և միջազգային «նեղ փորձագիտական» մամլիչի ատամների արանքում և այդ ատամները կրեայի քայլերով, նույնիսկ, հնարավոր է, կրեայի քայլերից էլ դանդաղ, բայց սկսվեց սեղմվելու գործընթացը:
Վերադառնալով բանակցային գործընթացի բովանդակությանը, պիտի արձանագրենք, որ ի վերջո վերը հիշատակված փաստաթուղթն արդեն 2001 թվականին հոկտեմբերի 27-ից հետո վերաձևակերպվեց Քիվեսթյան գործընթացի, որի առանցքային իմաստը հետևյալն էր. Հայաստանն Ադրբեջանին պետք է տար ոչ թե Մեղրիի շրջանն ամբողջությամբ, այլ այդտեղով անցնող արտատարածքային միջանցք՝ փոխարենը ստանալով Լաչինի միջանցքը: Էլի տեսնում եք չէ՞ 20 տարի առաջվա և 20 տարի հետոյի խոսակցությունների զուգորդումները: Այս տարբերակում արդեն էական տարբերությունն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե Ադրբեջանի կազմից դուրս պիտի լիներ, այլ Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության կարգավիճակով: Սա էլ լուսաբանված նրբություն չէ մեզանում, որովհետև տարածքների փոխանակման կոնցեպտի շրջանակներում դա ինչ-որ ձևով արդարացնելու համար փորձ էր արվում ասել, թե Քի Վեսթն իրականում Լեռնային Ղարաբաղի անկախության մասին է, բայց երբ այդ ժամանակշրջանի միջազգային ամենահեղինակավոր մամուլի հրապարակումներն ենք նայում և արտահոսքերը... Ի դեպ, ցավոք, արխիվային փաստաթղթեր չկան, սա նույնպես բանակցային գործընթացի հաջորդ առանձնահատկությունն է: Վարչապետ դառնալուց հետո, ինքս էլ ամիսներով աշխատել եմ այս կտորները հավաքելու համար: Այսօր պետք է գայի ձեզ մոտ հատորյակներով, ասեի՝ սա առաջին հատոր, սա երկրորդ հատոր, սա երրորդ հատոր, սա փաստաթուղթը: Այդ ամեն ինչը չկա: Այն, ինչ բացահայտվել է, կներեք, արտահոսքերի եղանակով ու ճանապարհով է բացահայտվել տարբեր ժամանակներում: Բայց ինչպես գիտեք, Քիվեսթյան տարբերակի շուրջ նույնպես կողմերը համաձայնության չեկան:
Քննիչ հանձնաժողովի հարգելի նախագահ,
Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և տրամաբանության ամբողջական պատկերացման համար կարևոր է անդրադառնալ նաև բանակցային պատմության, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթին, որը վերևում արդեն հիշատակեցի: Ի՞նչն է այստեղ հետաքրքիր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնվել էին այդ փաթեթն ընդունել որպես բանակցային հիմք, չնայած՝ Լեռնային Ղարաբաղը պիտի լիներ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, և Լեռնային Ղարաբաղի բնակիչներն էլ պիտի կրեին ադրբեջանական անձնագրեր Լեռնային Ղարաբաղ նշումով:
Իսկ Ադրբեջանը չհամաձայնվեց այդ փաթեթն ընդունել որպես բանակցությունների հիմք, որովհետև Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարության կարգավիճակը, որն առաջարկվում էր այդ փաթեթով, շատ բարձր էր թվացել Ադրբեջանին: Բայց այստեղ առանցքային նրբությունն այն է, որ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների ետևում սկսեց քննարկել և ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղն աներկբա ճանաչում էին որպես Ադրբեջանի մաս:
Բայց սա տեղի էր ունենում բանակցային փաստաթղթերում, որոնք գաղտնի էին և հանրության աչքից հեռու, իսկ հանրային հաղորդակցության մեջ, պետական քարոզչության մակարդակում տեղի էր ունենում հակառակը: Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա կուզեմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Այս ընթացքում էր, որ Հայաստանի հեռուստատեսությունները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությունը եղանակի տեսության ժամանակ սկսեց օգտագործել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների միասնական քարտեզը: Այդպիսի քարտեզներ հայտնվեցին հանրային վայրերում, նույնիսկ պետական հաստատություններում, չնայած բանակցային գործընթացի ոչ մի դրվագ երբևէ չի ենթադրել, որ առնվազն Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջանները կարող են չվերադարձվել Ադրբեջանին: Չի եղել պարզապես այդպիսի դրվագ:
Ահա այդ ժամանակներում տեսեք կուլիսներում ի՞նչ էր տեղի ունենում, հիմա եկեք տեսնենք հանրային հարթակում ի՞նչ էր տեղի ունենում: Տեղի էին ունեցել և տեղի էին ունենում անվանափոխություններ. Ֆիզուլին դարձավ Վարանդա, Աղդամը՝ Ակնա, Կուբաթլին՝ Սանասար, Զանգելանը՝ Կովսական, Ջեբրայիլը՝ Մեխակավան: Չնայած, կրկնում եմ, բանակցային պատմության ողջ ընթացքում չի եղել մի դրվագ, որ Հայաստանը նույնիսկ վիճարկի այդ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը: Նույնը որոշակի կոնֆիգուրացիաներով վերաբերում է նաև Քելբաջար-Քարվաճառին, և Լաչին-Քաշաթաղին:
Ահա այսպես՝ գրավված (ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է) կամ օկուպացված (ձևակերպումը Վարդան Օսկանյանինն է) հրապարակային են նրանք ձևակերպել, տարածքները դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք: Բայց այսպես էր միայն հեռուստացույցի էկրաններին: Բանակցությունների սեղանի շուրջ Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլի, Մեխակավանը՝ Ջեբրայիլ, Կովսականը՝ Զանգելան, Քարվաճառը՝ Քելբաջար, Քաշաթաղը՝ Լաչին, Ակնան՝ Աղդամ: Իսկ հողի վրա՝ ազատագրված կամ գրավված կամ օկուպացված տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ գեներալներ էին հացահատիկ աճեցնում՝ ժամկետային զինծառայողների ձրի աշխատուժն ու բանակի ձրի տեխնիկան ու վառելիքն օգտագործելով:
Իսկ Լեռնային Ղարաբաղը, որը բանակցությունների ողջ ընթացքում այսպես թե այնպես ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի պաշտոնյաների հրապարակային խոսույթում երբեք չէր եղել և երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում, որովհետև, ըստ այդ ընկալման, ինչպես Ադրբեջանն էր անկախացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն էր անկախացել Խորհրդային Միությունից կամ Խորհրդային Ադրբեջանից:
Այդ ինչպե՞ս: Շատ պարզ. 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով: Եվ սա, ըստ էության, երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթն էր:
Ահա այս պայմաններում է, որ Քի Վեսթից հետո խմորվեցին-խմորվեցին և 2007 թվականին պաշտոնապես սեղանին դրվեցին, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով:
Այս բարեհունչ ձևակերպմամբ վերջին քարը դրվեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով և քաղաքականապես զրոյացվեցին, այն պարզ պատճառով, որ եթե կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել, այսինքն՝ հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը, որպես բանակցային գործոն, ահա այդ պահից, զրոյացվել է:
Այստեղ ծագում է մի չափազանց հետաքրքիր հարց. եթե 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները զրոյացվում են, նշանակու՞մ է արդյոք, որ ուժի մեջ է մնում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը:
Ողբերգությունն այն է, որ Մադրիդյան սկզբունքները զրոյացնում են նույնիսկ այդ որոշման իրավական նշանակությունը, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, նշանակում է նույնիսկ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անցյալում կայացված համատեղ որոշմամբ՝ այդ կարգավիճակը չի որոշվել: Իսկ եթե 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ էլ Լեռնային Ղարաբաղի դե յուրե կարգավիճակը չի որոշվել, նշանակում է ուժի մեջ է այն դե յուրե կարգավիճակը, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է 1989 թվականի նոյեմբերի 30-ին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ըստ այդ ձևակերպումների: Ամենահետաքրքիրն այն է, ո Մադրիդյան սկզբունքների այդ ձևակերպման հեղինակը Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է: Եվ նա հրապարակային իրեն համարում է Մադրիդյան սկզբունքների այդ ձևակերպման հայրը և ուրեմն՝ նա իրեն պետք է համարի նաև Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում չլինելու դե յուրե բոլոր հիմքերը ջախջախելու փաստարկների հայրը:
Ընդ որում, Հայաստանի իշխանությունները հասկանում էին առաջարկվող ձևակերպումների պրոբլեմատիկան: Սա հասկանում էր նաև Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնելուն պատրաստվող Սերժ Սարգսյանը, ով որպես պաշտպանության նախարար 2005 թվականի հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած հրապարակային քննարկման ժամանակ հայտարարել է. «Փոխզիջում է նաև այն, որ Հայաստանը հիմա հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի հանրաքվե, այսինքն՝ երկրորդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն»: Այստեղ ձևակերպումների մեջ ուշադրություն դարձրեք, որ Հայաստանն է համաձայն, այսինքն՝ Ղարաբաղը համաձայն է, համաձայն չէ, չգիտեմ, բայց արդեն Հայաստանն է ամեն ինչ որոշում: Լեռնային Ղարաբաղի կարծիքը հարցնող չկա էլ:
Իսկ ինչո՞ւ էին նման որոշումներ կայացնում Հայաստանի այնժամանակվա իշխանությունները կամ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Նախ վերջինս, ինչպես ասացի, պատրաստվում էր ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը և միջազգայնորեն կառուցողական դիրքորոշում ունեցողի իմիջի կարիք ուներ, նախագահի պաշտոնում իր հայտնվելու՝ մեծ հավանականությամբ կասկածելի ճանապարհների և լեգիտիմության նկատմամբ միջազգային ըմբռնման կարիք: Եվ այս ֆոնին հենց Սերժ Սարգսյանն ու իր թիմն էին, որ առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս. «Վատագույն բանակցություններն ավելի լավ է, քան լավագույն պատերազմը»: Ուշադրություն դարձրեք՝ «Վատագույն բանակցություններն ավելի լավ է, քան լավագույն պատերազմը»:
Նրանք այդպես էլ չհասկացան, իսկ եթե հասկացան՝ ավելի վատ, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար «լավագույն» պատերազմին, և մենք հետագայում կտեսնենք, թե ինչպես հիմնարար մակարդակում իր խնդիրները լուծելով՝ (նկատի ունեմ 1989-91 թվականներին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կայացված հայկական որոշումները զրոյացնելը) Ադրբեջանը պարզապես որդեգրեց «Այն ինչ ես ուզում եմ՝ տվեք ինձ խաղաղ ճանապարհով, այլապես՝ ես այդ նույնը կստանամ պատերազմով» սկզբունքը: Այսինքն՝ «Վատագույն բանակցություններն ավելի լավ է, քան լավագույն պատերազմը» կարգախոսով նախ Ադրբեջանին պատերազմի պատրաստվելու ժամանակ էին տալիս և հետո կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի «իքս» պահի Հայաստանը և Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում: Եվ մենք հիմա այդ դինամիկան կտեսնենք: Այն, որ Ադրբեջանն իր հիմնարար խնդիրները լուծելով՝ 1989-1991 թվականներին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կայացրած հայկական որոշումները զրոյացնելով պարզապես որդեգրեց «Այն ինչ ես ուզում եմ՝ տվեք ինձ խաղաղ ճանապարհով, այլապես՝ ես այդ նույնը կստանամ պատերազմով» սկզբունքը, դրա մասին վկայում է ինքը՝ Սերժ Սարգսյանը, 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Россия сегодня» հեռուստատեսությանը տրված հարցազրույցում: Նշված հարցազրույցն առկա է համացանցում, բայց ես կմեջբերեմ: Սերժ Սարգսյանն ասում է. «(…) մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական յոթ շրջանները (այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված): Թողնում ենք տարածքները և հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունք է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը»: Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն հանրաքվե՞, Սարգսյանն արձագանքում է. «Այո, հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»:
Ես խնդրում եմ, շատ կարևոր է, որ այս բոլոր բառերը, տերմինները մենք դիտարկենք նախկինում արդեն ասված միջազգային շրջանակի ֆոնին, որպեսզի բանավեճի էությունն ավելի հասկանալի լինի:
Սերժ Սարգսյանի հաջորդ մեջբերումը, հայտարարությունը, որ նա արել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: Հարցազրույցն էլի, բնականաբար, համացանցում հասանելի է. «(…) ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դարձավ բոլորին: (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ, նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»:
Բայց այս մեջբերումների հետ էլի մի ուրիշ բանի վրա պիտի ձեր ուշադրությունը հրավիրեմ: 1996, 1999, 2000 թվականների իրավական ուժ ունեցող և չունեցող միջազգային խոսույթի արտահայտումը 2020 թվականին: Այս ներքին կապերը չափազանց կարևոր են: Արձագանքելով Սերժ Սարգսյանի վերը բերված մեջբերումներին՝ պիտի ասեմ, որ զարմացած եմ Սերժ Սարգսյանի զարմանքի վրա: Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը ԼՂ հարցն իր ներքին հարցը չհամարեր, առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանը, հենց Սարգսյանի ձևակերպմամբ, փոխզիջում է արել, և ինչպես ցույց տվեցի քիչ առաջ՝ Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ զրոյացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման 1989թ. որոշումն ու ԼՂ-ում 1991 թվականի անկախության հանրաքվեի արդյունքը: Սա, կրկնում եմ, այն ֆունդամենտալ խնդիրն էր, որն Ադրբեջանը լուծեց Մադրիդյան սկզբունքներով:
Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ևս մեկ անգամ արձանագրեց, ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում, օկուպացված, կամ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, գրավված, 7 տարածքների վերադարձի հայկական կողմի պարտավորությունը:
Դիվանագիտական-քաղաքական այս արձանագրումներն ավելի ուշ հետաքրքիր կերպով ստացան նաև դե յուրե արտահայտություն: Սա հիշեք՝ 2007 թվականին ընդունվում են Մադրիդյան սկզբունքները, հետո Կազանյան պրոցեսն է տեղի ունենում, և 2010 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով արձանագրվեց, որ Սոթք-Մեղրի հատվածի հայաստանյան բնակավայրերը դեպի հյուսիս-արևելք և դեպի արևելք սահմանակցում են Ադրբեջանի և ոչ թե Լեռնային Ղարաբաղի հետ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ՝ բոլոր այդ տարածքները համարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նշված օրենքով դե յուրե արձանագրվեց, որ Հայաստանից արևելք բացի Ադրբեջանական Հանրապետությունը, ներառյալ՝ Լաչինի հատվածում, որևէ այլ միավորում չկա: Գիտեք, այս թեմայի հետ կապված անընդհատ արձագանքում են տարբեր մարդիկ և այլն: Արձագանքեն, չարձագանքեն, որևէ տարընթերցում այստեղ լինել ուղղակի չի կարող: Սա սևով սպիտակ թղթի վրա գրված օրենք է, որին, ուզում եմ հիշեցնել, կողմ է քվեարկել այն խորհրդարանական մեծամասնությունը, որը ձևավորված էր «Հանրապետական» կուսակցությունից և «Դաշնակցական» կուսակցությունից:
Իսկ ի՞նչ ստացավ հայկական կողմն այս, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, փոխզիջումների արդյունքում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեի կամ պլեբեսցիտի միջոցով որոշելու խոստում: Սա ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ է ասում, որ, իմիջայլոց, ետպատերազմյան հարցազրույցում ասում է՝ մենք ստացանք հանրաքվեի խոստում: Սա այսպես է և աներկբա է: Սա որևէ մեկը չի կարող վիճարկել: Բայց ասվում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում, և փաստացի սա նշանակում է, որ հանրաքվեի ժամկետը պետք է որոշեր Ադրբեջանը, որովհետև եթե Հայաստանն առաջարկում է, որ հանրաքվեն տեղի ունենա 5 տարի անց և Ադրբեջանը չի համաձայնվում, հանրաքվեն տեղի չի ունենում: Եթե Ադրբեջանն առաջարկում է, որ հանրաքվեն տեղի ունենա 500 տարի անց և Հայաստանը չի համաձայնվում, հանրաքվեն նորից տեղի չի ունենում: Քանի որ Հայաստանը շահագրգիռ է, որ հանրաքվեն շուտ լինի, իսկ Ադրբեջանը շահագրգիռ է, որ ուշ լինի, և ժամկետը որոշելու համար հարկավոր է կոնսենսուս, փաստացի ստացվում է, որ վճռական ձայնը պատկանում է նրան, ով շահագրգռված է, որ հանրաքվեն կամ ուշ լինի, կամ ընդհանրապես չլինի: Այսինքն, գործնականում նշանակում է, որ հանրաքվեն կարող է և չլինել:
Ընդ որում, տեսական այդ պնդումն ունի նաև իրավական հիմնավորում, որովհետև Մադրիդյան սկզբունքների մեջ գրված է, որ կողմերը պետք է այլոց շարքում ստեղծեն նաև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ կոմիտե, որը պետք է աշխատի կոնսենսուսի սկզբունքով:
Ուշադրություն դարձրեք, որ խոսքն այս ձևակերպման մեջ ոչ միայն հանրաքվեի ժամկետների, այլև պայմանների որոշման մասին է: Իսկ սա առավել քան էական հանգամանք է, որովհետև Մադրիդյան սկզբունքներում և հետագա որևէ փաստաթղթում չի նշվում հանրաքվեի անցկացման վայրը: Դրա մասին խորհրդարանի ամբիոնից տասնյակ անգամներ խոսել եմ, չեմ ուզում նորից կրկնվեմ: Այսինքն՝ այնտեղ կար այսպիսի ձևակերպում՝ «համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը»: Այսինքն՝ երկու ձևակերպում ենք տեսնում՝ «ժողովուրդ» և «բնակչություն»: Ակնհայտորեն դրանք նույնը չեն: Եվ սրա վրա հիմնվելով՝ ադրբեջանցիներն ասում են, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում: Հայկական կողմն ասում է, որ համաձայն չէ: Ուրեմն՝ չկա կոնսենսուս, չկա հանրաքվե: Եթե անգամ որոշվի, որ հանրաքվե պետք է տեղի ունենա միայն ԼՂ տարածքում, նախապես որոշված չէ, թե ինչպես է հանրաքվեի դրված հարցը համարվելու ընդունված կամ չընդունված:
Ադրբեջանական կողմն այս դեպքի համար ունի տարբերակ, որ միջազգային պրակտիկայում կիրառվում է: Հանրաքվեի արդյունքները որոշվում են ոչ թե «կողմ» և «դեմ» քվեարկած մասնակիցների համամասնությամբ, այլ երկու ազգային համայնքների հաշվառումով: Այսինքն, որոշում կայացնելու համար հարկավոր է, որ տվյալ դեպքում թե՛ ԼՂ հայերը, թե՛ ԼՂ ադրբեջանցիները կողմ քվեարկեն առաջադրված հարցին: Իսկ Մադրիդյան սկզբունքներում արձանագրվել է, որ հանրաքվեին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նույնպես պետք է մասնակցություն ունենան: Եթե համայնքներից մեկը դեմ է, որոշումը չի ընդունվում: Իհարկե, հայկական կողմն այս տրամաբանությանը կողմ չի կարող լինել: Շատ լավ՝ չկա կոնսենսուս, չկա հանրաքվե: Իմիջայլոց ասեմ, որ վերջերս իր տված հարցազրույցում այս սխեմային անդրադարձավ նաև Ժիրայր Լիպարիտյանը՝ ներկայացնելով, որ այդպիսի հանրաքվե, օրինակ, եղել է տարիներ առաջ Կիպրոսում, երբ հաշվարկն իրականացվել է թուրք համայնքի և հույն համայնքի քվեարկության արդյունքում: Ոչ թե անձերի, թե քանի հոգի է կողմ, այլ երկու ձայն կա, երկու համայնքի ձայն, որն, իհարկե, ձևավորվում է իրենց ներքին քվեարկության ժամանակ:
Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ հանրաքվեի դրվող հարցերի կամ հարցի սահմանափակում չի դրվելու: Եվ սա, իհարկե, հայկական կողմում ներկայացվել է որպես շատ մեծ հաջողություն: Սխալ չէ, բայց ճշմարտության կեսն է միայն: Ադրբեջանը դեմ չէ դրան, որովհետև եթե հարցը դրվի այսպես՝ «Համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում», և պատասխանը լինի ոչ, դա կարող է նշանակել, որ ԼՂ-ն ոչ մի կարգավիճակ էլ չունի Ադրբեջանի կազմում: Բնականաբար՝ հայկական կողմը չի համաձայնվի հարցի նման ձևակերպմանը: Այլ ձևակերպման չի համաձայնվի ադրբեջանական կողմը: Շատ լավ: Չկա կոնսենսուս, չկա հանրաքվե, ուրեմն:
Հայկական կողմը, իհարկե, ողջ սրությամբ տեսնում և զգում է այդ ռիսկերը, և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում այդ ռիսկերը փորձ է արվում կառավարել, այսպես կոչված, կազանյան գործընթացով: Այս գործընթացով փորձ է արվում առաջ մղել բանակցային երկու առաջարկ.
1. Մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ:
2. 7 շրջաններից հինգը վերադարձվում են առաջին փուլով, իսկ Քելբաջարն ու Լաչինը՝ ավելի ուշ:
Պրոցեսը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է արձանագրել, որ 2007թ. նոյեմբերի 29-ի ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստում պաշտոնապես ներկայացված Մադրիդյան սկզբունքներում նման բան չկա գրված: Չկա գրված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, այլ ասված է, որ միջանկյալ ժամանակահատվածում ԼՂ-ն սեփական կյանքի կազմակերպման համար կօգտվի որոշակի իրավունքներից և չկա ասված, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի միայն 5 շրջան: Ասվում է, որ վերադարձվում են բոլոր 7 շրջանները: Վերապահում է արված միայն Քելբաջարի համար, որ պիտի վերադարձվի 5 տարի անց, բայց այդ ընթացքում չպիտի լինի հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո և պետք է խրախուսվի այնտեղ բնակվող հայերի դուրսբերումը: Այսինքն՝ վերը նշված երկու կետը, որ արտահայտվում են կազանյան գործընթացում, ոչ թե հիմնարար սկզբունքներ են, այլ բանակցային կոմպրոմիսային առաջարկներ, որոնք արտահայտվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների 2009 և 2010 թվականների Լաքվիլայի և Մուսկոկայի հայտարարություններում, հանրահայտ երեք սկզբունքների և վեց տարրերի տեսքով:
Եվ հաճելիորեն կազանյան գործընթացը գնում է առաջ, կողմերը կառուցողական բանակցում են և տպավորություն կա, որ Ադրբեջանը համաձայն է: Իսկ ի՞նչ կարող է սա նշանակել: Մի պարզ բան. եթե կողմերը նման փաստաթուղթ են ստորագրում, Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որն ապագա հանրաքվեի տեղի չունենալու պարագայում, ըստ էության, դառնում է տևական կարգավիճակ, գումարած՝ Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական կողմին: Սա, իսկապես, բավականին լավ է:
Կողմերը համանախագահների և Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ համաձայնեցնում են փաստաթուղթը, և գալիս է ստորագրման պահը, որը նշանակվում է 2011 թվականի հունիսի 24-ին՝ Կազանում: Ու տեղի է ունենում առաջին հայացքից զարմանալի, բայց վերը շարադրվածի համատեքստում խիստ տրամաբանական մի բան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ 10 առաջարկություն:
Հանդիպման արդյունքներով՝ ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ և գործընթացը փաստորեն, հայտնվում է փակուղում: Թվում է, թե այս մերժումից հետո Ադրբեջանը պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ՝ որպես բանակցությունների ոչ կառուցողական պահվածքի կրող: Իրականության մեջ, սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը: Ադրբեջանը Կազանի առանցքային միջնորդի՝ Ռուսաստանի հետ կնքում է շուրջ, տարբեր գնահատականներով, 3 կամ 4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր: Զուգահեռ սկսում է լարել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա:
Ըստ այդմ, 2012 թվականի ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման 5972 դեպք, տեղի է ունենում չորս դիվերսիոն հարձակում՝ Տավուշի մարզի Բերդ և Չինարի գյուղերի, Ճամբարակի և Հորադիզի հատվածում: 2013 թվականին արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտման 12 հազար 986 դեպք, աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 117 տոկոս: Դիվերսիոն հարձակումների թիվը մնում է նույնը: 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դառնում են 37 հազար 535, ինչը 2012 թվականի համեմատ ավելի է 528 տոկոսով: Դիվերսիոն հարձակումների թիվն արդեն վեց է: Այդ տարի է խոցվում հայկական ռազմական ուղղաթիռը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի մոտակայքում: 2015 թվականին արդեն դիվերսիոն հարձակումների թիվը 14 է, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Հրադադարի ռեժիմի խախտումներն այնքան են հաճախանում, որ 2015 թվականի երկրորդ կեսին, ըստ էության, վեր են աճում մինի պատերազմների:
Չնայած սրան, միջազգային հանրությունն արգելք չի դնում Ադրբեջանի զենքի ձեռքբերումների վրա, Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում, չի դատապարտվում: Տեղի է ունենում ուղիղ հակառակը. 2015 թվականի աշնանը, իսկ ավելի պաշտոնապես՝ 2016 թվականի հունվարին, համանախագահները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահատությունը տեղ չի գտնում: Միջնորդների անունից նաև Հայաստանին ասվում է, որ լավ կլինի հրաժարվել Լեռնային Ղարաբաղին այդպիսի միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից:
Այսինքն՝ առնվազն 5 շրջանները պետք է Ադրբեջանին վերադարձվի առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, մինչդեռ այդպիսի կարգավիճակն արձանագրվում էր 2011 թվականի կազանյան փաստաթղթում:
Հայկական կողմն, ըստ էության, մերժում է այս խիստ անընդունելի առաջարկը և դրանից ընդամենը երկուսուկես ամիս անց՝ սկսվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որն ավարտվում է հայկական կողմի համար 700 կամ 800 հեկտար տարածքի կորստով և բանավոր ձեռքբերված հրադադարով: Ուշադրություն դարձրեք, 2016 թվականի 4-օրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի: Սա նշանակում է, որ 2016 թվականի ապրիլի 4 օրից հետո այդ պատերազմը չէր ավարտվել:
Կարևոր է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասցեական չեն դատապարտում Ադրբեջանին՝ 4-օրյա պատերազմի համար, և 2016 թվականի հուլիսին կողմերին են ներկայացնում կարգավորման նորացված փաթեթ, որն, ըստ էության, կրկնում է հունվարի առաջարկի բովանդակությունը:
Համանախագահները նոր փաթեթ են ներկայացնում նաև 2016 թվականի օգոստոսին: Ո՞րն է այս նոր առաջարկի առանձնահատկությունը:
Այստեղ էլ, ի տարբերություն կազանյան թղթի, չկա «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, կա 6-րդ կետ, որն ասում է, որ մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի՝ լիարժեք կենսագործունեություն ծավալելու իրավունքը: Սա սկզբունքորեն կար նաև 2016 թվականի նախորդ փաթեթներում: Բայց եթե հունվարի և հուլիսի փաթեթները կազմված էին 2 փաստաթղթից, որոնցից առաջինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրման համար նախատեսված Հռչակագիրն էր՝ ԼՂ հարցի կարգավորման քայլերի մասին, երկրորդ թուղթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների: Այսինքն՝ նախորդ շրջանում, մինչև 2016 թվականի օգոստոսը, այդ բանակցվող փաթեթը երկու փաստաթղթից է բաղկացած եղել: Մեկը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվող Հռչակագիր, մյուսը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրվելիք հայտարարություն: Եվ ահա 2016 թվականի օգոստոսի փաթեթում ավելանում է ևս մեկ փաստաթուղթ, որը ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծն է:
Այդ նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանում ասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնարարում է մեկ ամսվա ընթացքում կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելով ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնական կենսագործունեությունն ապահովելու իրավունքի իրացման գործնական և իրավական եղանակների մասին բանաձևի նախագիծ: Նաև ընդգծում է, որ այդ իրավունքների համախումբը կապահովի Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև նրա վերջնական կարգավիճակի որոշելը:
Այս տարբերակը մեծ առումով ընդունելի չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար: Ադրբեջանի համար, որովհետև Լաչինի և Քելբաջարի շրջանը հենց առաջին փուլում չեն վերադարձվում իրեն, Հայաստանի համար, քանի որ միջանկյալ կարգավիճակի և ընդհանրապես ԼՂ կարգավիճակի թեման ամբողջությամբ դուրս է մնում հայկական կողմի որևէ վերահսկողությունից, և այդ հարցն անցնում է ՄԱԿ-ի ԱԽ-ին: Սա, ի դեպ, Ադրբեջանի երկարամյա ցանկությունն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի հարթակ և հայկական կողմի համար սա մշտապես եղել է ամենաանցանկալի տարբերակը:
Ինչո՞ւ, որովհետև եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է դա որոշի, ուրեմն պետք է որոշի իր իսկ ընդունած նախկին բանաձևերի շրջանակներում, այն բանաձևերի, որտեղ ինչպես ավելի վաղ նշեցի՝ ասվում է, որ Ադրբեջանի շրջանները գրավվել են հայկական ուժերի կողմից, պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռբերելու համար, հայկական ուժերն անվանում են օկուպացիոն, Լեռնային Ղարաբաղն անվանում են Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, պահանջում են գրավված տարածքների և Լեռնային Ղարաբաղի փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց տներ:
Եվս մեկ անգամ կրկնեմ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի ձևակերպումները փորձենք ավելի պրակտիկ ներկայացնել, սա նշանակում էր, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման և կարգավիճակի հիմքում: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ բանաձևերին կողմ են քվեարկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող բոլոր երեք երկրները:
ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող հաշվի չառնել նաև Գլխավոր Ասամբլեայում ընդունված որոշումները: Դրանցից ամենավերջինում, որն ընդունվել էր 2008 թվականի մարտի 14-ին (խոսքը 62/243 բանաձևի մասին է), ըստ էության, կրկնում էր ԼՂ հարցով Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի խոսույթը:
Ի դեպ նախկինում, երբ խոսել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներգրավվածության մասին, ընդդիմադիրներն ասել են, թե հարցը միշտ էլ պետք է գնար Անվտանգության խորհուրդ: Նախկինում հարցն Անվտանգության խորհուրդ պետք է գնար երկու նպատակի համար: Առաջինը, որ մանդատ տար խաղաղապահների մուտքի և երկրորդը՝ ուղղակի ի գիտություն ընդուներ այն, ինչ կողմերը համաձայնեցրել են:
Այստեղ թերևս արժե կանգ առնել և ավելի մանրամասն պարզաբանել, թե ի՞նչ տարբերություն կար Լեռնային Ղարաբաղի 2011 թվականի, այսինքն՝ Կազանի հնարավոր միջանկյալ կարգավիճակի, և 2016 թվականի օգոստոսի, այսինքն՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հնարավոր կարգավիճակի միջև:
Իսկ տարբերությունը էական է և կայանում է հետևյալում. կազանյան փաստաթղթի տրամաբանությամբ, սա շատ անկյունաքարային և ռազմավարական նրբություն է, որին կխնդրեմ հատուկ ուշադրություն, Լեռնային Ղարաբաղի այդ պահին առկա դե ֆակտո կարգավիճակը կարող էր դառնալ դե յուրե, տիտղոսային միջանկյալ կարգավիճակ, որից բխում են կոնկրետ իրավունքներ, իսկ 2016 թվականի փաստաթղթի տրամաբանությամբ, սեփական կյանքի կազմակերպման համար տրվող իրավունքնե՛րն էին համարվում կարգավիճակ, այսինքն՝ կարգավիճակ էր համարվում այն, ինչը կարգավիճակ չէ:
Բայց նույնիսկ սա պատմության ամենախնդրահարույց մասը չէ: Ամենախնդրահարույց մասն այն է, որ 2016 թվականի օգոստոսից հետոյի տարբերակում Լեռնային Ղարաբաղին տրվող իրավունքներն ու դրանց իրագործման մեխանիզմները պետք է սահմանվեն զրոյից՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման համաձայն, և այդ պահին ԼՂ-ում հաստատված որևէ իրողության վերահաստատումը կլիներ կասկածի տակ, եթե ոչ անհնարին:
Իսկ ի՞նչ էր սա նշանակում: Սա նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր և մեծ հավանականությամբ պիտի դառնար հայերի և ադրբեջանցիների կողմից համատեղ կառավարվող միավոր: ԼՂ բնակիչները, ինչպես Մադրիդյան սկզբունքներում գրված է, պետք է ընտրեն դատական և այլ իշխանություններ, բայց իշխանության բոլոր օղակներում պետք է լինեն ոչ միայն ԼՂ հայկական համայնքի, այլև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Հետևաբար, ընտրողները պետք է լինեն ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները: Իսկ սրա համար անհրաժեշտ է ձևավորել ներքին տեղահանվածների վերադարձի երաշխիքներ՝ դեպի Շուշի և նախկինում ադրբեջանաբնակ այլ բնակավայրեր: Եվ այդ երաշխիքները պետք է լինեն գործուն: Սա էլ իր հերթին նշանակում էր, որ ԼՂ իշխանության օղակների նոր ընտրությունների հարց կարող էր առաջանալ, այս անգամ Ադրբեջանի պնդմամբ և մասնակցությամբ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի վրա մինչև այդ նոր ընտրությունների անցկացումը ժամանակավոր կառավարման հարց կարող էր առաջանալ, և որը կարող էր լինել այդ տրամաբանությամբ՝ միայն հայ-ադրբեջանական:
Սրա մասին է վկայում նաև այն, որ 2016 թվականի օգոստոսի փաթեթում նաև թափանցիկ կերպով ակնարկված է, որ հետագա քննարկումներին պետք է ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Կարդում ես, ասում ես՝ ի՞նչ լավ բան է գրված: Հետո, երբ վերլուծում ես և ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ դա նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները, և սա հասկանալի էր դառնում ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, Մադրիդյան սկզբունքների, 3 սկզբունքների և 6 տարրերի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած առաջարկների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՄԱԿ-ի ԱԽ անդամ հանդիսացող երկրների հայտարարությունների համապարփակ վերլուծությունից:
Այսինքն՝ 26 տարի անց Լեռնային Ղարաբաղը կարող էր վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, բայց այս անգամ արդեն երկու պատվիրակությունների կազմով՝ հայկական և ադրբեջանական, կամ մեկ պատվիրակության կազմով՝ հայկական և ադրբեջանական:
Ահա, սա էր այն բանակցային բովանդակությունը, որ ձևավորվեց 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո: Եվ սա էր այն հեռահար նպատակը, որի համար մի շարք ուժեր Հայաստանի իշխանությունների աջակցությամբ 1998-1999 թվականներին Լեռնային Ղարաբաղը դուրս թողեցին բանակցային գործընթացից: Որովհետև այդ պրոցեսը, այդ տրամաբանությունը շարունակվելու դեպքում ամեն քայլի հետ ուժեղանում և արձանագրվում էր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հայկական լինելը: Եվ, ահա, այս հեռահար նպատակի համար էր, որ ցավոք, Հայաստանի, իշխանությունների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց գործընթացից:
Բայց ինչպես նշեցի, 2016 թվականին հաստատված բանակցային բովանդակության հետ խնդիրներ ունեին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, կարևոր է նաև հասկանալ այդ խնդիրների էությունը, որովհետև դրանք իրենց բովանդակության էականորեն տարբեր էին և ահա թե ինչու. Հայաստանը համարում էր, որ կորցնում է չափազանց շատ, Ադրբեջանը համարում էր, որ ստանում է չափազանց քիչ, չնայած Հայաստանի տեսակետից Ադրբեջանը ստանում էր էականորեն ավելի, իսկ Ադրբեջանի տեսակետից՝ Հայաստանը տալիս էր էականորեն պակաս: Ու սա, ուզում եմ հիշեք, 2016 թվականի 4-օրյա պատերազմի չավարտված լինելու պայմաններում:
Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությունները ևս մեկ անգամ համանախագահները փորձում են հարթել 2018 թվականի հունվարին՝ Կրակովում, առաջարկելով, որ հայկական կողմը հենց առաջին փուլում ԵԱՀԿ-ին հանձնի նաև Քելբաջարը և սրա դիմաց փաստաթուղթ վերադարձվի հստակ ձևակերպում, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ 2011 թվականի իմաստով: Ընդ որում՝ այս դրվագին էլ եմ ուզում անդրադառնալ, այս փուլում արդեն միջանկյալ կարգավիճակ հասկացությունը երրորդ փաստաթղթով լրիվ ուրիշ իմաստ էր ստացել: Այսինքն՝ դա կանվանվեր միջանկյալ կարգավիճակ, չէր անվանվի միջանկյալ կարգավիճակ էական չէ: Որովհետեւ՝ ի՞նչ է դա նշանակում՝ կորոշվեր ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ, արդեն իսկ իմ կողմից հիշատակված սկզբունքների և բովանդակության տրամաբանությամբ: Բայց միևնույն է, 2018 թվականի հունվարին Կրակովում չի ստացվում համաձայնության հասնել: Ադրբեջանական կողմի համար անընդունելի է նաև այս տարբերակը, ով ասում է, որ «ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը չպետք է տեղ գտնի փաստաթղթում և որ հենց առաջին փուլում պետք է վերադարձվի ոչ միայն Քելբաջարը, այլև Լաչինը:
2018 թվականի հունվարին տեղի ունեցած Կրակովի այս հանդիպումից հետո և դրա արդյունքներով է Սերժ Սարգսյանը 2018 թ. ապրիլի 17-ին Աժ ամբիոնից անում իմ կողմից բազմիցս մեջբերված հայտարարությունը:
Այդ օրը, հիշեցնեմ՝ Ազգային ժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանը պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին, հայտարարել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: Նույն նիստում, պատասխանելով պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին, Սերժ Սարգսյանը հատարարել է. «(…) ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով, մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս՝ գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:
Նաև հիշեցնեմ, որ այս հայտարարություններն անելուց հինգ օր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ Ժողովրդական հեղափոխության ճնշման ներքո: Բայց ԼՂ հարցում այդ պահին առկա բովանդակությունն ամբողջացնելու համար ասեմ, որ կազանյան ձախողումից հետո մի գաղափար է շրջանառվում, որի որոշ դրվագներ, ըստ էության, արտահայտվում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ 2016 թվականին ներկայացրած փաթեթներում, որի իմաստը հետևյալն է՝ գուցե պարզապես հայկական կողմը հինգ շրջաններ վերադարձնի, իսկ ԼՂ ընթացիկ կարգավիճակի հարցը թողնվի անորո՞շ: Փորձագիտական շրջանակներում և մամուլում սա անվանում են «Լավրովի պլան»: Սա ասում եմ ուղղակի, մեր աշխատանքը հեշտացնելու համար, որովհետև պաշտոնապես նման վերնագրով նման պլան և խոսույթ, ըստ էության, գոյություն չունի: Բայց եթե ուշադիր էիք, 2016 թվականի առաջարկներն ավելի կամ պակաս նմանություններ ունեին այս գաղափարի հետ:
Ինչպես արդեն նշեցի, այս գաղափարի առանձնահատկությունն այն էր, որ ԼՂ ընթացիկ կարգավիճակը թողնվում է անորոշ, վերջնական կարգավիճակի անորոշություններին, որոնք սահմանված էին Մադրիդյան սկզբունքներին ի հավելումն: Ի՞նչ դա կարող էր նշանակել, ոչ ոք չի կարող ասել, բայց կարծում եմ՝ դրա մասին պատկերացում տալիս են 2020 թվականի հոկտեմբերի 19-ի բանակցությունների բովանդակությամբ Շուշիի, ադրբեջանցի փախստականների վերադարձի և այլ գաղափարների մասին խոսակցությունները: Իմիջիայլոց, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման որակը և պատմությունը նույնպես որոշակի պատկերացում տալիս են, թե գործնականում ինչ կունենայինք այս համաձայնությունների ճանապարհով գնալու պարագայում:
Հարգելի գործընկերներ,
Սիրելի ժողովուրդ,
Ետմադրիդյան բանակցային բովանդակությունը հասկանալու համար շատ կարևոր է մի նրբություն հաշվի առնել: Բանակցային փաստաթղթերում, ըստ էության, երբեք չի կոնկրետացվել Լաչինի միջանցքի լայնությունը և օգտագործման իրավական նրբությունները, այդ հարցերը թողնելով հետագա բանակցություններին: Բացառություն է կազանյան թուղթը, որտեղ ասվում է, որ միջանցքը մնում է ԼՂ իշխանությունների վերահսկողության ներքո, բայց լայնության և այլ մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Սա կարևոր է նաև հետահայաց որոշ իրադարձություններ պատկերացնելու տրամաբանության մեջ:
Բայց կարևոր է արձանագրել, և սա մի փաստ է, որը նույնպես մեզանում խորությամբ լուսաբանված և ընկալված չէ, որ այդ նույն Մադրիդյան սկզբունքներում ընդգծվում է նաև Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ: Սա կարևոր նրբություն է, որը բացատրում է նաև հետագայում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ:
Մինչ 2018 թվականի մայիսից հետո տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալը, կարծում եմ, էական է պատասխանել ևս մեկ հարցի, նորից անդրադառանալ այդ հարցին. իսկ ինչո՞ւ Ադրբեջանը մտավ կազանյան գործընթացի մեջ, Մադրիդյան սկզբունքներից հետո առարկայորեն քննարկելու ԼՂ միջանկյալ կարգավիճակը, որն ինչպես տեսանք, իսկապես կարող էր ընդունելի լինել հայկական կողմի համար:
Իմ համոզմունքը և վերլուծությունը հետևյալն է. դա արեց, որպեսզի ցեմենտի, ամրագրի Մադրիդյան սկզբունքներում արձանագրված այն բովանդակությունը, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի հետ կապված նախկին գործողությունները՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները դիվանագիտական, քաղաքական և միջազգային առումով զրոյանում են: Այդ առարկայական բանակցությունները նրա համար էին, որ Հայաստանը Մադրիդյան այդ կոնտեքստից նահանջելու շանս չունենա: Եվ կազանյան տապալումը հենց այս էֆեկտը տվեց:
Ես, հարգելի գործընկերներ, բազմիցս եմ ասել, որ Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը նախ զրոյացրել է 1989-1991 թվականների իրավական բազան, հարցի ներքին լեգիտիմության մեր ճարտարապետությունը և վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Եվ ի՞նչ է կազանյան գործընթացը: Հիշեք, Մադրիդյան սկզբունքները 2007 թվականին են, կազանյան գործընթացը՝ 2011: 2007 թվականին վետոյի իրավունք է ստանում կարգավիճակի հարցում, իսկ Կազանում՝ 2011 թվականին, այդ վետոյի իրավունքը կիրառում է: Եվ գործնականում հենց իր ստացած իրավունքը, Հայաստանին ներքաշելով այդ գործընթացի մեջ, բերում և հետո կիրառում է: Եվ միջազգային հանրությունն այդ վետոյի իրավունքը, ըստ էության, ընդունում է, որովհետև Ադրբեջանին ոչ միայն չեն դատապարտում, ոչ միայն ճնշումներ չեն իրագործում, մի հատ էլ զենք են մատակարարում, մի հատ էլ նրա պահանջների հիման վրա բանակցային փաթեթ են ձևավորում և բերում Հայաստանին տալիս: Ահա, սա է կազանյան պրոցեսի ամբողջ պատմությունը:
Քննիչ հանձնաժողովի հարգելի նախագահ,
Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,
Երբ արդեն շուրջ երեք տարի ասում եմ, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով բանակցային գործընթացը գտել եմ խորը փակուղում, հենց վերը շարադրվածն եմ նկատի ունեցել, և սա առաջին անգամն է, որ այսպես, ըստ էության առանց փակագծերի, հրապարակային և համապարփակ կերպով փակուղին իր բոլոր պարամետրերով նկարագրելու և ներկայացնելու առիթ ունեմ: Այնպես չէ, որ սրանից առաջ այդ ամենի մասին չէի կարող խոսել, բայց ամեն անգամ ամենատարբեր հանգամանքներ ինձ ստիպում էին մտածել, որ դա չարժե անել: Իմիջայլոց, մի անգամ հրապարակային ասել եմ, ես այս տեքստի մեծ մասը պատրաստել եմ 2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ուղերձով ժողովրդին դիմելու մտադրությամբ: Ես միշտ հարցազրույցներում ասել եմ, որ այդպիսի մտադրություն եմ ունեցել, ըստ էության, նախնական տեքստ եմ ունեցել, բայց հետո քննարկումների արդյունքում որոշել ենք այդ տեքստը չհրապարակել: Այսինքն՝ այս տեքստը, այն, ինչ հիմա ձեզ ասացի, դրա մեծ մասն իմ սեղանին կամ համակարգչի մեջ է մոտավորապես 2021 թվականի օգոստոսից:
Ինչպես իմ խոսքի մեկնարկին նշեցի, հիմա էլ այս ամենի մասին հրապարակային խոսելն անթերի որոշում չեմ համարում: Բայց մեր երկրի համար ճակատագրական այս պահին, կարծում եմ, առանցքային է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային պատմությունն ու բովանդակային նրբությունները նեղ փորձագիտական շրջանակից դուրս գան և դառնան լայն հանրության սեփականությունը, որովհետև ի վերջո այդ տեղեկատվությունն ու իմացությունը կարևոր են այսօր և առաջիկայում օպտիմալ որոշումներ կայացնելու համար: Իմիջայլոց, ևս մեկ նրբության մասին եմ ուզում խոսել. վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, երբ սկսել եմ թղթերին ծանոթանալ, ինձ համար ամենամեծ դիսկոմֆորտը եղել են հանրային ընկալումները և կոմունիկացիան, որը ես ժառանգել եմ, և այս բանակցային իրականության մեջ առկա ոչ թե ճեղքը, այլ անդունդը: Մեր թիմային քննարկումներում էլ ասել եմ, որ ամենամեծ խնդիրն այն է, որ պետք է մենք այդ ճեղքը լրացնենք: Կանդրադառնամ նաև դրան, որովհետև գոնե հիմա ես, այդ առումով, անկեղծ պետք է ասեմ, ներդաշնակ եմ զգում ինձ, որովհետև, ըստ էության, բանակցությունների մասին այսպիսի գաղտնիքներ այլևս չկան: Ինչ խոսվում է, հաճելի չի այդ խոսակցությունը: Բայց գործնականում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է վստահ լինել, որ ինքը գիտի, թե փակ դռների հետևում ես ինչ եմ խոսում:
Հարգելի գործընկերներ,
Վերը նշված շարադրանքը նաև այն մասին է, թե ինչո՞ւ եմ ես 2018 թվականին հայտարարել, որ ԼՂ հարցի բանակցություններն սկսում եմ իմ սեփական կետից: Այդ հարցի ամփոփ պատասխանը հետևյալն է. 2018 թվականի մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար, երկու հնարավոր տարբերակ.
Տարբերակ 1 - Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը՝ կազանյան տրամաբանությամբ: Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչո՞ւ պիտի Ադրբեջանն ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր և դրա մերժումը ապահովելու համար սկսել ու չէր ավարտել ապրիլյան 4-օրյա պատերազմը:
Տարբերակ 2 - Ես պետք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շուրջ հաստատված ստատուս քվոյի, այլև հենց բուն Լեռնային Ղարաբաղի ներսում հաստատված ստատուս քվոյի ապամոնտաժմանը: Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար էր պատկերացնել: Այսինքն՝ այսօր էլ անհնար է պատկերացնել, որ այն ժամանակ դա հնարավոր էր անել, ոչ թե ուզում էինք անել, բայց չենք կարողանում, այլ անհնար էր քաղաքական, սոցիալ-հոգեբանական և բանակցային ամբողջ բովանդակության և ամբողջ պատմության տրամաբանության մեջ:
Այս տեղում պատեհ է ևս մեկ անգամ անդրադառնալ այսպես կոչված «2019 թվականի հունիսին», այսինքն՝ իմ վարչապետության շրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից ներկայացված առաջարկների հարցին: Հիշում եք, ի՞նչ մեծ պատմություն էին սարքել, աղմուկ, աղաղակ և այլն: Ինչո՞ւ եմ ասում այսպես կոչված, որովհետև իմ վարչապետության օրոք ոչ մի նոր փաստաթուղթ, հարգելի գործընկերներ, չի ներկայացվել: Այն, ինչ ներկայացվել է, ըստ էության, արտահայտել է 2018 թվականի ապրիլին հաստատված բանակցային ստատուս քվոն: Այդ փաստաթուղթն առկախվել էր հեղափոխության պատճառով: Այդ փաստաթղթի տեքստն իսկ վկայում է այն մասին, որ այդ փաստաթուղթը պատրաստվել է շատ առաջ, որովհետև այդ փաստաթղթի մեջ ընդհանրապես Հայաստանի վարչապետ հիշատակված չէ, որովհետև հեղափոխությունից հետո էր, Սահմանադրական փոփոխությունից հետո էր, որ վարչապետը պետք է դառնար բանակցող: Դրանից առաջ նախագահն է եղել բանակցող: Վարչապետի մասին այնտեղ ընդհանրապես խոսակցություն չկա: Այն, ինչ ներկայացվել է, ըստ էության, արտահայտել է 2018 թվականի ապրիլին հաստատված բանակցային ստատուս քվոն, որը ճշգրիտ արտահայտում է 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, գումարած 2016 թվականի օգոստոսի փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ-ի հնարավոր բանաձևի նախագծով: 2019 թվականին ներկայացված փաստաթուղթը ոչ մի կապ չունի մեր կողմից վարված բանակցային բովանդակության հետ, որովհետև այդ պահի դրությամբ մենք դեռ, այսպես ասած, առարկայական բանակցությունների փուլ չէինք էլ մտել:
Իսկ ի՞նչ նկատի ունեի, երբ ասում էի բանակցությունները սկսում եմ սեփական կետից: Սա ամբողջությամբ և լիովին արտահայտված է 2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթում, որը նույն օրը պաշտոնապես հրապարակվել է: Այսինքն՝ դա հրապարակային ելույթ է, և 2019 թվականի ապրիլի 12-ից համացանցում հասանելի է թե՛ տեքստային, թե՛ վիդեո տարբերակով:
Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ելույթի գրավոր տեքստն ԱԽ-ների համատեղ նիստում հրապարակելուց առաջ համաձայնեցրել եմ ԼՂ այդ պահին պաշտոնավարող նախագահ Բակո Սահակյանի, ԼՂ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ՝ ԼՂ երրորդ նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում: Կարծում եմ՝ իմաստ ունի այդ տեքստը մեջբերել ամբողջությամբ: Սա տեքստ է 2019 թվականի մարտի 12-ի: Ճշգրիտ այս տեքստը համացանցում դրված է, բայց կարևոր եմ համարում մեջբերել.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.
Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է:
Հարգելի գործընկերներ,
2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:
Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:
Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է ասում, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:
Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:
Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարևոր, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:
Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում:
Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:
Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:
Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»:
Սա է ելույթը, և պիտի անկեղծ ասեմ, որ այսօրվա հեռավորությունից էլ այս ելույթը և դիրքավորումը համարում եմ ադեկվատ և հայկական շահերից բխող՝ վերը նկարագրված ամբողջ իրադարձությունների և փաստարկների ֆոնին: Սա կարևոր է, որովհետև այն ժամանակ, երբ այս ելույթը հնչում էր, մարդիկ չգիտեին այս ամեն ինչի մասին: Ինչքանո՞վ էր իրատեսական: Իսկ ինչքանո՞վ էր իրատեսական այդպես առաջ գնալու տարբերակը: Բայց մյուս հարցն էլ կա, իսկ ինչքանո՞վ է իրատեսական և ընդունելի մյուս տարբերակը, որի մասին արդեն շարադրեցի: Եթե իրատեսական և ընդունելի էր, թող ինձնից առաջ ընդունեին և ոչ թե հայտարարեին բանակցությունների գործընթացի կանգնած լինելու և պատերազմի մեծ հավանականության մասին:
Սա էլ մի ուրիշ պատմություն է, հարգելի գործընկերներ: Հատկապես՝ 2020 թվականից հետո, իհարկե, էլի պիտի կրկնեմ, բայց կարծում եմ, այս ֆորմատով այս կրկնությունը չի խանգարում: Պատերազմից հետո և մինչև վերջին շրջանը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց վարած բանակցությունների մասին ասում էին, թե ԼՂ հարցը այսպես պետք է լուծվեր, այնպես պետք է լուծվեր: Բայց թող լուծվեր: Բայց ո՞վ էր ում ձեռքից բռնել: Թող լիներ: Այդ եմ ասում, 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից թող չասեր՝ լավատեսություն չի ներշնչում բանակցային գործընթացը: Թող գար ասեր՝ ժողովուրդ ջան, այս է, ընտրվում եմ վարչապետ և այսպես է լինելու, այնպես է լինելու: Կամ մանրամասներ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ մենք գնում ենք շատ թե քիչ ընդունելի մի լուծման: Թող 2018-ին ասեր՝ ահա նաև դա է պատճառը, որ ի հեճուկս իմ խոստման ուզում եմ վարչապետ դառնալ»: Այն ժամանակ ծավալվում էր բողոքի ալիքը, այն ժամանակ ասեիք ժողովուրդ ջան, հարգելիներս՝ եկել հասել եմ վերջին, քիչ է մնացել, դրա համար եմ միայն ուզում և խոստանում եմ՝ կբերեմ այդ թուղթը ձեզ ցույց կտամ ստորագրած, դուք կասեք և իմ առաքելությունն ավարտված կհամարեմ: Եւ ոչ թե 44-օրյա պատերազմից հետո փորձեիք այդ գիծը տանել:
2019թ. մարտի 12-ի իմ ելույթում, ըստ այդմ, ուրվագծվել է ԼՂ հարցի բանակցային գործընթացում մեր հետագա քաղաքականությունը, որի խորքային իմաստն ու նպատակը փակուղուց ելքի հնարավորություններ գտնելն էր: Այդ ելքի փնտրտուքներն, իրականում, սա է ամենամեծ պրոբլեմը, ավելի են խորացրել փակուղու զգացողությունը, և այդ փնտրտուքների ընթացքում են բացահայտվել այն նրբությունները, որոնց մասին և այսօր մանրամասն խոսեցի: Ուզում էինք լուծել, իհարկե, ուզում էինք: Դուք հայկական իրականության մեջ որտե՞ղ եք տեսել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այսքան մանրամասն որևէ նյութ: Որտեղի՞ց է այս նյութը հայտնվել: Այս նյութը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի մանրամասները, այդ ձեր ասածը հասկանալու արդյունքում, որ պետք է ինչ-որ բան անել, պետք է գտնել: Բայց քանի գնացել ենք այդ պրոցեսի հետևից, հասկացել ենք բոլորովին ուրիշ բան: Չեմ ասի՝ ինչ ենք հասկացել: Կարող է, դռնփակ ռեժիմում ասեմ:
Ավելացնեմ նաև, որ մինչև պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև բանակի արդիականացման թեման, ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել եմ անխուսափելի, այլև այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: 2018-2020 թվականներին կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ, էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել: Միայն մի վիճակագրություն վկայակոչեմ. 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ նախորդող 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարությունները ծախսել են այդ նպատակի համար 354 միլիարդ դրամ: Այսինքն, մենք երկու տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումները:
Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել, որ բացառված է, որևէ մեկը չի կարող ասել, թե 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո, բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա: Այդպիսի բան ուղղակի լինել չի կարող: Եվ տեսեք էլի եմ ասում, ես համոզված եմ, հարցուպատասխանի ռեժիմում կանդրադառնանք այդ հարցին, օրինակ՝ ՍՈւ-30-ի ձեռքբերումը. դա ամենամեծ ապացույցն է նրա, որ ես ասել եմ, հարգելի գործընկերներ, ի՞նչ պետք է բանակին, մենք դա կապահովենք և ձեր խնդիրը չէ, թե ոնց մենք դա կապահովենք, մենք դա կապահովենք:
Քննիչ հանձնաժողովի հարգելի նախագահ,
Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Այստեղ ուզում եմ ամփոփել, կամ ավելի ճիշտ՝ ընդհատել իմ ելույթը, և 2018 թվականից հետո տեղի ունեցած բանակցային և ռազմական որոշումների և գործողությունների, պատերազմի մեկնարկին և ընթացքին անդրադառնալ ձեր հարցերին ի պատասխան, որովհետև համոզված եմ, որ այդ ժանրում ավելի լավ կբացահայտվեն հանրությանը հետաքրքրող մանրամասները: Պարոն Քոչարյան, Դուք ասացիք, ես հույս ունեի, որ կկիսեմ ամբողջ տեղեկատվությունը: Դա հնարավոր չի կիսել, քանի որ շատ բազմադրվագ է, հազարավոր հարցեր կան, ես կարող եմ կռահել, բայց վստահ չեմ, թե Քննիչ հանձնաժողովին հատկապես որ հարցերն են հետաքրքրելու, դրա համար առաջարկում եմ, որ այդ հատվածներին կամ մնացած ամեն ինչին, ինչ չմտավ այստեղ կամ ես չեմ ներառել, հարցուպատասխանի ռեժիմով անդրադառնանք:
Ես նկատի ունեմ, հրապարակային քննարկենք այն մանրամասները, որոնք կլինեն հրապարակային քննարկման ենթակա: Եթե կլինեն նրբություններ, որոնց հրապարակային անդրադառնալը նպատակահարմար չեմ համարի, այդ տեղեկությունները Քննիչ հանձնաժողովին կներկայացնեմ դռնփակ, գաղտնի ռեժիմով: Թյուրըմբռնման տեղիք չտալու համար կրկին պարզաբանեմ, որպեսզի հանրության համար պարզ լինի դիրքորոշումս:
Քննիչ հանձնաժողովի բոլոր հարցերին կպատասխանեմ հրապարակային: Բայց ենթադրում եմ, որ կլինեն հարցեր, որոնց հրապարակային պատասխաններին ավելացնելու բան կունենամ, որոնք կլինեն գաղտնի: Բայց այդ հավելումը, բնականաբար, կհամարեմ հրապարակման ոչ ենթակա, և լրացումները կխնդրեմ հնարավորություն տալ իրականացնել դռնփակ ռեժիմով:
Որպես ամփոփում ասեմ միայն, որ այն քաղաքականությունը, որ ԼՂ հարցում և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է այսօր, հենված են հենց ԼՂ հարցի բանակցային ողջ գործընթացի վերլուծության և այդ վերլուծության արդյունքում ձեռքբերված իմացության ու գիտելիքի վրա:
Շնորհակալություն:
comment.count (0)