Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրողի վրա. Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ
09:37 - 12 հուլիսի, 2023

Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրողի վրա. Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ըստ ՍիվիլՆեթի հրապարակման՝ ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը հուլիսի 8-ին և 9-ին լուսաբանել է Արցախի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Փաստաբաններ Ռոման Երիցյանը և Ռաֆայել Ջհանգիրյանը գտնում են, որ խախտվել է փաստաբանի մասնագիտական իրավունքը՝ չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ Արման Իսրայելյանին։ Հուլիսի 9-ին Արման Իսրայելյանի փաստաբանների և նրա հարազատների և ծնողների բողոքի ակցիան տեղափոխվեց Դատախազության շենքի առջև, որտեղ ավելի ուշ բախում եղավ Իսրայելյանի փաստաբանների ու ոստիկանների միջև։ Բախման ընթացքում ոստիկաններից մեկը, քաջատեղյակ լինելով Հայկ Ղազարյանի՝ լրագրող լինելու փաստի մասին (լրագրողը կրել է համապատասխան լրագրողական բեյջ տեսանելի վայրում), խլել է նրա հեռախոսը, որով տեսալուսանկարահանվում էր ակցիան։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի միջամտությունից հետո Հայկ Ղազարյանը Արցախի ոստիկանությունից ստացել է հեռախոսը, որից արդեն հեռացված էին բողոքի ակցիայի ժամանակ արված տեսանյութերը (լրագրողի հեռախոսը միանգամից չեն տվել, այլ ոստիկանություն այցելելուց հետո 20-30 րոպե անց)։ Ղազարյանը պարզել է, որ հեռախոսը խլողը Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն է։ Վերջինս ոչ արժանահավատ հիմնավորումներ է ներկայացրել հեռախոսը խլելու գործողության հետ կապված։

Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է տեղի ունեցածն ու միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից, ներքին գործերի նախարարից։ Հաջորդ օրը ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի ԱԱԾ, որի ղեկավար Արարատ Մելքումյանը կոշտ և սպառնալից տոնով է խոսել նրա հետ, պահանջել է ուղիղ եթերով ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից։

Ավելի ուշ Սիվիլնեթը մեկ այլ հրապարակում արեց՝ նշելով, որ վերոնշյալ հրապարակումից ժամեր անց տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ․ «Ստեփանակերտում ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են, հարվածներ հասցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ երկու օր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։

«Քաղաքի կենտրոնում էր՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ մեր գրասենյակից մի քիչ ցած։ Գնում էի տուն։ Բռնեցին, մտցրին դալանը, ուզում էին առևանգել։ Գոռգոռոցս դիտավորյալ դրել եմ, որ չտանեն։ Ընկել եմ, քաշքշել են։ Քթիս խփել են»,- ասել է Հայկ Ղազարյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել