Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին
10:11 - 14 հուլիսի, 2023

Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին

Արցախի՝ 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված։ Այս մասին Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․

«Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 25-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման եւ ցեղասպանության իրական եւ անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին խոսել եմ յոթ ամիս շարունակ, ահազանգել եմ բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք՝ մեր ժողովրդի կյանքի եւ սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ, ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով․․․ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով բոլորս միասին պետք է անենք»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ դիմելով միջազգային հանրությանը։ 

«Մարդու իրավունքնե՞ր, ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար, ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում, եւ վերջապես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունըհ՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում եւ նմանատիպ այլ հայտարարություններ․․․ Բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։

Ստեփանյանը դիմեց նաեւ ռուս խաղաղապահներին, որոնց 2020թ․ եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը․

«Մեզ խաղաղություն էր խոստացվել, խաղաղությունն ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ, խաղաղությունն ամենօրյա հաց հայթաթելով՝ ֆիզիկական գոյություն քաշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ, խաղաղությունը ամեն օր հոգեբանական հարձակումները եւ մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»։

Հաջորդիվ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին․

«Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք եւ սրբություն է, 31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու մայր հայրենիքին, այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ՝ մեն-միայնակ։

Սփյուռքում ապրող քույրեր եւ եղբայրներ, ձեզանից շատերն իրենց նախնիների օրինակով գիտեն՝ ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ այլեւս երբեք, պարտադրեք նրանց՝ հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին, մենք պետք է ջնջենք մեր ճակատից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Այս ամենը էկրանից այնկողմ ինչ-որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի եւ եղբայրների ամեն օր խեղվող ճակատագիրն է։ Եթե աշխարհի շատ ժողովուրդներին պետությունն ու պետականությունը մատուցվել են սկուտեղի վրա, մենք վաստակել ենք մեր ինքնորոշման իրավունքը, արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, յոթամսյա շրջափակման տառապանքները աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք կարող ու վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, ովքեր դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատկերացնեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը Նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով, բոլորը դրանում վաղուց արդեն համոզված պետք է լինեին։ Սա 21-րդ դարում իրականացվող ամենամեծ ողբերգություններից մեկն է․ ուրեմն վերջ տվեք խոսելուն, անհապաղ եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկելւ ցպահանջ է՝ Արցախում ողբերգությունը կանխելու համար։ Անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության, եւ հիշեք, անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է, այսուհետ մեր անյալը, մեր ներկան ու ապագան նաեւ ձեր ձեռքերում է։ Արցախի ապրելու է, Արցախի հարատեւելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների, եւ ի փառս համայն հայության»։

Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

Հանրահավաքին ներկա են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել