Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։
Գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։
Վերանյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է մուտք եղել 2021 թվականի հունիսի 1-ին, սակայն տարբեր պատճառներով դրա քննությունը պարբերաբար ձգձգվում է։ Այն նախ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 7-ին բավարարել էր տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ որոշելով փոխել գործի տարածքային ընդդատությունը՝ հաշվի առնելով, որ դատավարությանը մասնակից անձանց մեծամասնությունը բնակվում է Երեւան քաղաքի մերձակայքում։ Ըստ այդմ, գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ վերամակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Հարությունյանի նախագահությամբ ավելի քան 1․5 տարվա քննության արդյունքում դատարանը վկաների հարցաքննության փուլում էր։ Սակայն այս տարվա հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո գործը վերամակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, ով էլ հենց նախագահում էր այսօրվա դատական նիստը։
Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը
Նիստի սկզբում դատավոր Դավիթ Բալայանը ճշտեց վարույթի մասնակիցների ինքնությունը։ Ըստ այդմ, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը հայտնեց, որ ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։
Կողմերի ինքնությունը ճշտելուց, ինքնաբացարկի եւ բացարկի միջնորդությունների լինել-չլինելը քննարկելուց հետո դատարանը քննարկման առարկա դարձրեց քրեական գործի ընդդատության հարցը՝ առաջարկելով դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։
Հանրային մեղադրող (դատախազ) Հայկ Մարգարյանը նշեց, որ մեղադրյալին վերագրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված հանցանք, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածին (2021 թ․ հունիսի 30-ին Ազգային ժողովը ընդունեց Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքեր՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով 2003 եւ 1998 թվականների օրենսգրքերը)։ Այդ հոդվածը, ըստ գործող Քրեական օրենսգրքի հավելված N 1-ի, դասվում է կոռուպցիոն հանցագործությունների շարքին, ուստի գործը, ըստ մեղադրողի, ենթակա է քննության ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
Լուսանկարում՝ ձախից՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը, տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը
Նշենք, որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի 260-րդ հոդվածն է սահմանում, որ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ հիշյալ հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են Հակակոռուպցիոն դատարանին:
Տուժողի իրավահաջորդները, իրավահաջորդներից Տաթեւիկ Գալստյանի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Մկրտչյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը եւ վերջինիս պաշտպան Նորիկ Նորիկյանը միացան մեղադրողի դիրքորոշմանը։
Լուսանկարում՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նորիկ Նորիկյանը
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը որոշեց քրեական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։ Որոշման հրապարակումից հետո դատավորը, դիմելով զոհված զինծառայողների ծնողներին, պարզաբանեց, որ ընդդատության փոփոխության անհրաժեշտությունն իրեն հայտնի է եղել գործը ստանալուց 2 օր անց, սակայն ի տարբերություն Քրեական դատավարության նախկին օրենսգրքի, գործող օրենսգրքով դատարանը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ նման որոշում կայացնել․ դա ներառված է նախնական դատալսումների ժամանակ քննարկման ենթակա հարցերի շարքում։ «Այնպես որ, ձեզ ծանուցելը, դատարան բերելը եւ ճանապարհելը երեւի թե մարդկային չէ, բայց օրենքով է, ամեն ինչ չէ, որ տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց այդպես է, եւ մենք չենք կարող շարժվել օրենքից դուրս»,– նշեց Դավիթ Բալայանը։
Դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները
Ըստ մեղադրական եզրակացության Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։
Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
comment.count (0)